Այսօր Ազգային ժողովում ելույթ ունեցավ Եվրոպական Միության խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույը: Խորհրդարանում պատգամավորների պատկառելի ներկայություն կար: Ելույթի հիմնական ուղերձն այն էր, որ Հայաստանի առաջ այսօր լայն հնարավորություններ կան հնարավորինս խորը և արագ ինտեգրվելու Եվրոպական Միությանը: Բնականաբար այդ բոլորը կախված է նրանից, թե Հայաստանը որքան արագ և որքան շատ կարող է իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները: 
Այսօր ինձ համար տարօրինակն ու անընդունելին այն էր, որ պատգամավորներին կամ առնվազն յուրաքանչյուր խմբակցության հարց տալու հնարավորություն չտրվեց: Եվ այդ բոլորը արվեց շատ կտրուկ և կոպիտ ձևով, ինչը, իմ կարծիքով, վատ տպավորություն թողեց և՛ պարոն Ռոմպույի, և՛ եվրոպական պատվիրակության անդամների մոտ:
Եվրոպական Միության նախագահի այցելությունը կարևոր իրադարձություն է, պատգամավորների համար՝ հազվագյուտ հնարավորություն նրա առջև Հայաստանին հուզող հարցեր բարձրացնելու համար, հատկապես, որ պարոն Ռոմպույն իր ելույթն սկսեց՝ ասելով. «Եկել եմ այստեղ ձեզ լսելու»:
Հայաստանի իշխանությունները պետք է հասկանան, որ նույնիսկ պատգամավորների կողմից տրվող իշխանությունների համար ոչ հաճելի հարցերը շատ ավելի դրական ազդեցություն կարող են ունենալ Հայաստան-Եվրամիություն ինտեգրացիոն գործընթացների վրա, քան հարկադիր լռությունը:
Ես պարոն Ռոմպույին ուզում էի հարց տալ Լեռնային Ղարաբաղի մասով, որը նրա ելույթի հիմնական թեմաներից մեկն էր: Ուզում էի հարցնել, թե ինչու Եվրոպական Միության ներկայացուցիչն մինչ այժմ Ադրբեջանի ճնշման տակ Լեռնային Ղարաբաղ չի այցելել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել