Պարզ է, որ Յանուկովիչը Ուկրաինայի ժողովրդի լավագույն առաջնորդը չէր, հավանաբար նաև ճգնաժամային լավագույն կառավարիչը չէր, սակայն իմ խորին համոզմամբ նրա` իշխանությունը պահելու սկզբունքայնությունն ու հետևողականությունը կարող էր բերել ավելի մեծ ավերածությունների և, գուցե իր երկրի համար անդառնալի կորուստների: Սա այն դեպքն էր, երբ նա պետք է հեռանար… Համաձայն եմ նաև որոշ դիտարկումների հետ, որ նա կարող էր ավելի արժանապատիվ հեռանալ, բայց մի շարք ճակատագրական սխալներից հետո այդ հնարավորությունը այլևս կորած էր:
Դե իսկ Ռոստովում Յանուկովիչի այսօրվա ասուլիսը, ըստ էության, ավելի շատ նման էր Ուկրաինայի ժողովրդին պաշտոնական հրաժեշտի արարողության: Սրանով հանդերձ փաստ է, որ նրա հեռանալով Ուկրաինայում քաղաքական ճգնաժամը հազիվ թե հաղթահարվի, և դատելով ներկայում տեղի ունեցող գործընթացներից, այն հնարավոր է տեղափոխվի նոր` անկառավարելի քաոսի փուլ: Այս ամենին մի կողմից կարող է հանգեցնել իրական իշխանություն ունեցող ռադիկալ ազգայնականների և ֆորմալ իշխանություն ունեցող խորհրդարանական ուժերի միջև անտագոնիզմը, իսկ մյուս կողմից պրոռուսական և արևմտամետ ուժերի ու տարածքների իրար նկատմամբ դրսևորող ընդգծված անհանդուրժողականությունը: Իսկ ավելի շոշափելի գործոնը Ուկրաինայի պարագայում աշխարհաքաղաքական հիմնական խողացողների հավակնություններն ու շահերն են, որոնք մի շարք առանցքային հարցերում կարող են նաև չհամընկնել: Նման պայմաններում Ուկրաինայի հասարակությունը կոնսոլիդացնելու բավականին փոքր հնարավորություն, թերևս միայն Յուլյա Տիմոշենկոն ունի, բայց այս անգամ Ուկրաինայի «երկաթե լեդին» չափազանց մեծ ջանքեր պետք է գործադրի: Բոլորովին չպետք է բացառել նաև նոր լիդերների մեծ քաղաքականություն մուտք գործելու հնարավորությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել