«Վիտամին» ակումբի երգիծական թարմ համարում ներկայացվում է, թե ինչպես օրենք «թխողները» իրենց շեֆ «պարոն Գռփունու» հետ մտածում են, թե էլ ի՞նչ նոր վարձատեսակ հորինեն, ու ժողովրդին էլի «կլպեն». «Ասում եմ՝ ժողովրդի ձեռը մի քիչ փող ա մնացել, բեր ընենց անենք, էդ փողն էլ վեկալենք, թե չէ մոտները մնաց՝ անկապ ծախսելու են»: Այս հումորային հաղորդումը հիշեցի, երբ հայաստանյան հեռուստատեսությունն ամենայն լրջությամբ հայտնեց, որ «Երևան-ջուր» ընկերությունը մտադիր է ջրի սակագինը բարձրացնելու (հերթական անգամ) հայտ ներկայացնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Դե երեւի որոշել են Մաքսային միություն մտնելու առնչությամբ ջրի ու գազի սակագները հավասարեցնել: Ու հավանականությունը մեծ է, որ ՀԾՀ-ն հայտը կբավարարի ՝ պատճառաբանելով՝ «եվրոյի ու դոլարի կուրսի բարձրացումը» (ինչպես պատճառաբանել էին հայտ ներկայացնելիս): Մինչդեռ մարդիկ հավ չեն, ու շատ լավ հիշում են, որ դոլարի ցածր լինելու դեպքում էլ են բարձրացրել սակագինը: Անշուշտ, այս հերթական հակաժողովրդական «ակցիան» կազմակերպողները Սադոյանի «մեռած օրին են ռաստ եկել»: Չէ՞ որ արդեն քանի տարի է՝ խորհրդարանում ջրի, լույսի ու հեռախոսավարձի բարձրացումից բողոքող ու Սադոյանի նման գոռգոռացող չկա, քանի որ Սադոյանն էլ չկա խորհրդարանում: Փառք Աստծո, պարոն Սադոյանը դեռ ողջ-առողջ է, սակայն Հանրային խորհրդի անդամի նրա կարգավիճակը «մեռածին» համարժեք է: Եթե մի երկրում անգամ պատգամավորի ձայնը չի անցնում (այն էլ 3 ընդդիմադիր եւ 1 «այլընտրանքային» միացյալ ուժերի), ու ՀՀԿ անդամ պատգամավոր ու նախարար ձայն-ձայնի տված ասում են. «Դուք քիչ եք, մենք շատ ենք», «Դուք ղալաթ եք անում, որ հրաժարական եք պահանջում», էլ Հանրային խորհուրդն ի՞նչ կշիռ պետք է ունենա: Որքան հիշում եմ, Հանրային խորհրդում էլ փորձեցին ըմբոստանալ կուտակային-կենսաթոշակայինի դեմ, բայց ոչինչ չստացվեց: Իբր ժողովուրդը թանկացած մյուս վարձերի տակից շատ է կարողանում դուրս գալ, դե կներեք էլի, մի հատ էլ ջրի վարձ ավելացրեք ու պրծեք: Ահա թե ինչու են տարադրամի կուրսն «ատամներով բարձր պահում». սակագներ բարձրացնելու խնդիր ունեն, կբարձրացնեն սակագները՝ տարադրամի բարձր լինելու պատճառաբանությամբ, հետո  տարադրամի կուրսն էլի կգցեն: Հիշեցնենք, որ 2007 թվից մինչ օրս վարձերն անընդհատ բարձրանում են՝ դոլարի կուրսի բարձրացման առնչությամբ, մինչդեռ ժամանակ առ ժամանակ, տեւական ժամանակներով, տարադրամի կուրսն էլի «գցում» են, բայց սակագները չեն իջեցնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել