Երեկ Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհուրդը քվեարկել է շրջանի կարգավիճակի մասին հանրաքվե անցկացնելու օգտին: Խոսքը, սակայն, չի գնում անկախացման մասին: Հանրաքվեով որոշվելու է ինքնավարության լիազորությունների ընդլայնման հարցը: Հանրաքվեի անցկացումը հիմնավորելու համար խորհրդարանականներն իրենց համատեղ հայտարարության մեջ նշել են հետևյալը. «Միայն ինքնավարության կարգավիճակի կատարելագործման և դրա լիազորությունների ընդլայնման հարցով համաղրիմյան հանրաքվեի անցկացումը թույլ կտա ղրիմցիներին ինքնուրույն, առանց արտաքին ճնշման և թելադրանքի որոշել ինքնավարության ապագան»: Իսկ ինչ վերաբերում է երկրում տեղի ունեցող քաղաքական վերջին զարգացումներին, ապա հայտարարության մեջ ասվում է, որ տեղի է ունեցել իշխանության ոչ սահմանադրական գրավում՝ ծայրահեղ ազգայնականների կողմից՝ զինված ավազակախմբերի աջակցությամբ, իսկ քանի որ դա Ուկրաինան տանում է դեպի ամբողջական քաոսի, անարխիայի և տնտեսական աղետի գիրկը, Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն ռադան այլ ելք չունի, քան ստանձնել Ղրիմի ճակատագրի համար ողջ պատասխանատվությունը: 

Նշենք, որ հանրաքվեն նախատեսված է անցկացնել մայիսի 25-ին՝ հենց այն նույն օրը, երբ նախատեսված է անցկացնել նախագահական արտահերթ ընտրություններ: 

Ի՞նչ է սա նշանակում: Տեսեք, առաջին հերթին կարծում եմ, որ հանրաքվեի արդյունքների մասին կարելի է շատ չմտածել հաշվի` առնելով միայն այն հանգամանքը, որ Ղրիմի մեծամասնությունը ազգությամբ ռուս է, իսկ բացարձակ մեծամասնությունը ռուսախոս, այլ կերպ ասած, եթե դա անցկացվի, ապա արդյունքը կլինեն հօգուտ «լիազորություններ ընդլայնման» և վերջ, բայց դա դեռ եկեք թողնենք մի կողմ: Այստեղ, կարծում եմ՝ շատ ավելի կարևոր է այն հայտարարությունը, որն արվել է Ղրիմի իշխանությունների կողմից: Այնտեղ շատ պարզ տեքստով ասվում է, որ իրենք չեն ընդունում Կիևի իշխանությունների լեգիտիմությունը, և դրա պատճառով պետք է, կոպիտ ասած, հույսները դնեն իրենք իրենց վրա և փորձեն առնվազն Ղրիմը փրկել այն քաոսից, որը հասունանում է Ուկրաինայում: 

Հանրաքվեն կարծես առաջին հայացքից չի ենթադրում լիարժեք անկախացում Կիևից, բայց իրավիճակն այնպիսին է, որ մենք նույնիսկ չգիտենք, թե ինչ «լիազորությունների ընդլայնման» մասին է խոսքը: Եթե լինելու է վերադարձ 1992թ.-ի սահմանադրությանը, որով Ղրիմն այն ժամանակ հայտարավեց որպես հանրապետություն, ապա դա նույնն է, ինչ անկախացման մասին հանրաքվեի անցկացումը: Ցանկացած դեպքում, սակայն, պարզ է՝ եթե Կիևից չմիջամտեն, Ղրիմը գնում է դե ֆակտո անկախացման: Հենց արտահայտածս վերջին մտքի համատեքստում նշենք, որ ի տարբերության թերակղզու նախկին վարչապետի, նոր վարչապետ է նշանակվել Ղրիմի Գերագույն խորհրդի անդամ, «Ռուսաստանի միաբանություն» խմբակցության առաջնորդ Սերգեյ Ակսենովը, ով արդեն իսկ հայտարարել է, որ լեգիտիմ նախագահ է ճանաչում միայն Յանուկովիչին և հետևաբար ենթարկվելու է միայն նրան: Այնպես որ, Կիևի և Սիմֆերոպոլի հարաբերություններում սպասվում են լուրջ հակասական զարգացումներ, այլ կերպ ասած, այս խմորը դեռ շատ ջուր կքաշի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել