2013 թվականի մարտի 26-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու «People in Need» կազմակերպության միջև ստորագրվեց «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագիրը, որի համաձայն՝ ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված մեկ միլիոն եվրոն պետք է ուղղվեր նաև արտագաղթի կանխարգելմանը: 
ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, խնդրում եմ ինձ պարզաբանել.
1.Ծրագրի շրջանակներում ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվել` արտագաղթի տեմպերը մեղմելու ուղղությամբ:
2.Ի՞նչ ուղղություններով են ծախսվել միջոցները, յուրաքանչյուր ուղղության համար որքա՞ն գումար է հատկացվել:
3. Ինչպե՞ս կգնահատեք ծրագրի արդյունավետությունը (կան կոնկրետ տվյալներ, թե այս ծրագրի ընթացքում քանի քաղաքացի է հրաժարվել արտերկիր մեկնելու որոշումից և որքան աշխատատեղ է ստեղծվել` այդ քաղաքացիների զբաղվածության հարցը լուծելու նպատակով):

ԱԺ պատգամավոր Հայկ Խաչատրյանի գրավոր հարցադրումների վերաբերյալ ՀՀ կառավարության պատասխանը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Մարդը կարիքի մեջ (People in Need)» կազմակերպության միջև 2013 թվականի մարտի 26-ին ստորագրվել է ոչ թե ծրագիր, այլ Համագործակցության հուշագիր՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն շրջանակաձև միգրացիոն և վերաինտեգրման գործընթացներին» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը մեկնարկել է 2013 թվականին և ավարտելու է 2015 թվականի հուլիս ամսին:
Միաժամանակ հարկ ենք համարում տեղեկացնել, որ վերոհիշյալ ծրագիրը միտված է ոչ թե արտագաղթի, այլ անօրինական միգրացիայի կանխարգելմանը, արտերկիր մեկնող աշխատանքային միգրանտների իրազեկության բարձրացմանը և վերադարձած միգրանտների վերաինտեգրմանը: Ծրագիրն իրականացվում է ՀՀ Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերում: Նշյալ մարզերում արդեն իսկ բացվել են զբաղվածության տարածքային կենտրոններին կից միգրացիոն ռեսուրս կենտրոններ, որոնք տրամադրում են խորհրդատվություն, զբաղվածության կենտրոնների հետ համատեղ իրականացնում են վերադարձած միգրանտների մասնագիտական ուսուցման դասընթացներ: 2013 թվականին 378 շահառուների խորհրդատվություն է տրամադրվել միգրացիոն հարցերի հետ կապված, իսկ 218 շահառուների՝ զբաղվածության ապահովման հարցերի հետ կապված: Վերապատրաստման դասընթաց են անցել 25 շահառուներ, որից աշխատանքի են տեղավորվել 5-ը: 20 հոգու դասընթացները շարունակվում են:
Ծրագրի ընթացքում նախատեսվում է իրականացնել մասնագիտական վերապատրաստման դասընթացներ 200 շահառուների համար, բիզնես դասընթացներ՝ 150 շահառուների համար, բիզնես դրամաշնորհների տրամադրում 15-30 շահառուների համար:
2014 թվականի ընթացքում կիրականացվեն բիզնես դասընթացները և կտրամադրվեն բիզնես դրամաշնորհները:
Ծրագրի բյուջեն կազմում է 800.000 եվրո: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ստորագրված Համագործակցության հուշագրով ֆինանսական պարտավորություններ սահմանված չեն: Նախարարությունն իր գործառույթների շրջանակներում բովանդակային աջակցություն է ցուցաբերում ծրագրի իրականացման գործընթացին: Ծրագրի բյուջեի տնօրինումն իրականացվում է բացառապես «People in Need» կազմակերպության կողմից, ուստի նախարարությունը ծախսված միջոցների մասին տեղեկատվությանը չի տիրապետում»,-գրավոր պատասխանի ավարտը: 
Հ.Գ. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի պատասխանի այն հատվածը, որ «վերոհիշյալ ծրագիրը միտված է ոչ թե արտագաղթի, այլ անօրինական միգրացիայի կանխարգելմանը...»՝ ինձ համար նորություն էր, որովհետև հռչակագրի ստորագրումից անմիջապես հետո նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը ներկայացրել էր ծրագրի 4 ուղղությունները: «Դրանցից առաջինը արտագաղթի կանխարգելումն է: Դրա համար, ըստ Պետրոսյանի, հարկավոր է սոցիալական և հոգեբանական աշխատանք անցկացնել մարդկանց հետ, ովքեր պատրաստվում են լքել Հայաստանը՝ արտերկրում աշխատելու նպատակով», («Հայկական ժամանակ» օրաթերթ, 27 մարտ, 2013թ): Այս դեպքում հարց է ծագում, եթե ծրագրի նպատակն ամենևին էլ արտագաղթի տեմպերի կանխումը չէր, ապա ինչո՞ւ էր խոսվում ճիշտ հակառակի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել