Ուկրաինայի ու Հայաստանի ազգային մակարդակները համեմատում ենք ու զարմանում: Հեղափոխական ալիքներից բոցավառված Ուկրաինայում, որն  իր սլավոնական արմատներով  ավելի մոտ է Ռուսաստանին, իրենց ազգային լեզուն ատամներով պաշտպանում են ու այդ հարցում այնպիսի դատապարտելի ծայրահեղության մեջ են ընկել, ինչպիսին ռուսերեն խոսողներին քրեական պատասխանատվության ենթարկելու կոչերն են ՝ ուկրաինական նացիոնալիստների կողմից. այն դեպքում, երբ ԱՊՀ տարածքում միասնական խոսակցական լեզուն ռուսերենն է: Իսկ Հայաստանում, խնդրեմ, օտարերկրացուն սեփականաշնորհած  «Արմենտելի» հերթական ռուս տնօրենը (կամ գլխավոր «վարձահավաքը») ասուլիս է հրավիրում, ու նրա ռուսերենը հայկական պետական հեռուստաալիքն անգամ սինխրոն չի թարգմանում: Բայց սա միակ նահանջը չէ անկախության դիրքերից, ու շուտով երեւի թե շատերը երանի կտան Սովետի օրոք ունեցած անկախությանը: ՀՀ սահմանադրության մեջ ասվում է, որ երկրի բարձրագույն պետական մարմինը ՀՀ նախագահն է,մինչդեռ, դատելով 2-3տարի առաջ «Արմենտել» Լոռու մարզային բաժանմունքի (Կենտրոնական փոստատան շենքում) մուտքի առջեւ փակցված  «Մուտքն արգելված է» ցուցանակից, կարելի է ենթադրել, որ կամ «Արմենտելը» ռազմականացված կառույց է, կամ երկրի բարձրագույն մարմնից էլ է բարձր, ու անգամ մարզային ստորաբաժանումների ղեկավարությունն անհասանելի է շարքային քաղաքացիների համար (Միայն սպասարկման բաժինը տեղափոխել են մեկ այլ հասցե՝ մի փոքրիկ սենյակում, որի ծառայություններից դժգոհելու դեպքում քաղաքացիները պետք է հեռախոսով կապվեն միայն մայրաքաղաքի կառույցների հետ): Հարց է ծագում. եթե «Արմենտելը» ռազմականացված կառույց է, ապա ինչո»ւ այն 1998, թե 1999 թվին սեփականաշնորհվեց  սկզբում հույներին,  իսկ հետո՝ ռուսներին (չնայած 1995 թվի կառավարության ծրագրում գրված է, որ փոստն ու հեռագրատունը սեփականաշնորհման ենթակա չեն): Եթե ռազմականացված չէ, ապա ո՞րն է նրա առավելությունը ՀՀ նախագահի, Ազգային ժողովի, դատական մարմինների, քաղաքապետարանների ու մարզպետարանների շենքերի համեմատությամբ, որ այն «անհասանելի» է քաղաքացիների համար: Որքան հայտնի է, անգամ ՀՀ նախագահի շենքի մուտքն արգելված չէ քաղաքացիների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել