Այս օրերին լրանում է հայ ժողովրդի դեմ իրականացված հերթական ցեղասպանության 26-րդ տարելիցը: 

Որ Սումգայիթում տեղի ունեցած դեպքերը ոչ թե «խուլիգանություն» էին, ինչպես փորձում էին ներկայացնել Ադրբեջանն ու Մոսկվան, այլ նախապես ծրագրված գործողությունների շարք, ապացուցվել են բազմաթիվ փաստերով ու վկայություններով: 

Նախապես ցուցակներ են կազմված եղել կոնկրետ հայերի բնակության հասցեներով, նախապես կազմավորվել ու զինվել են որոշակի հանցավոր խմբեր: Այդ ամենը իրականացվել է ոստիկանների ներկայությամբ, որոշ դեպքերում` մասնակցությամբ: Նախորդող օրերին տեղի են ունեցել փողոցային հավաքներ, որտեղ հնչեցվել են ծայրահեղ հակահայկական կոչեր:

Ջարդի օրերին մեծամասամբ անջատված են եղել հայերի բնակարանների հեռախոսները, իսկ երբ որոշ դեպքերում հնարավոր է եղել կապնվել ոստիկանության հետ` ոստիկանությունը չի արձագանքել: Ավելին` զանգահարելուց մի քանի րոպե անց հենց տվյալ բնակարանի վրա է իրականացվել հարձակումը:

Ջարդերի աննկարագրելի դաժանությունը կարող է համեմատվել միայն 1915թ-ի ջարդերի հետ: Պաշտոնական տվյալներով սպանվել է 30, վիրավորվել են 100-ավոր հայեր, այդ թվում` բռնաբարության տասնյակ դեպքեր: Թալանվել են 200-ից ավելի հայկական բնակարաններ, ավերվել` 50-ից ավելի մշակութային նշանակության օբյեկտներ և նույնքան ավտոմեքենա հրկիզվել է: 

Իսկ ինչ վերաբերվում է այն տխրահռչակ պնդմանը, թե ջարդերը տեղի չէին ունենա, եթե Սովետական բանակը 3 ժամ չուշանար, ապա դա միայն ցինիզմի շարքերում կարելի է տեղավորել: Սովետական բանակը Սումգայիթ է ժամանել փետրվարի 28-ին, ջարդերը իրականացվել են փետրվարի 27-ից 29-ը, իսկ հակահայկական կոչերով հավաքները տեղի են ունեցել դրանից էլ վաղ: Այսքանից հետևություն. կամ բանակը ոչ թե 3 ժամ, այլ շատ ավելի ուշ է ժամանել, կամ էլ ջարդերի մեծ մասը իրականացվել է հենց բանակի ներկայության պայմաններում: 
Սումգայիթյան ցեղասպանության համար պատասխանատու էին ինչպես Ադրբեջանի, այնպես էլ` Մոսկվայի իշխանությունները: Առանց Մոսկվայի համաձայնության նման գործողություններ ուղղակի չէին կարող ծրագրվել ու իրականացվել:

Սումգաիթյան ջարդերը պետականորեն նախապես ծրագրված գործողությունների շարք էր, որը հետապնդում էր հայ ազգի մասնակի ոչնչացում ու բռնի տեղահանում, ինչը և թույլ է տալիս այդ ջարդերը որակել որպես ցեղասպանություն:

Միջազգային հանրությունը, ինչպես 1915թ-ի Ցեղասպանությունը քողարկեց առաջին համաշխարհային պատերազմով, այնպես էլ Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի և այլ շրջանների ցեղասպանությունները քողարկում է Արցախյան պատերազմով: Եվ այդ բոլոր եղեռնագործություններին արձագանքեց ընդամենը քննադատական հայտարարություններով:

Քանի դեռ մարդկության դեմ իրականացված ոճրագործությունները չեն արժանանում անաչառ գնահատականի, քանի դեռ ոճրագործները (կազմակերպիչներն ու իրականացնողները) պատասխանատվություն չեն կրում, ապագայում նման ոճրագործությունների կրկնությանը ոչ միայն բացառել չի լինի, այլև` շատ հավանական կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել