1389675844_001_26667_1389671566_pobediteli_zolotogoKinoashkharh.am-ը գրում է.

Ամերիկա¯, Ամերիկա¯, քեզ հաջողվում է ապրել երազով, լինել երջանիկ, ազատ ու անկախ, իսկ մենք չռած աչքերով նայում ենք կինոդ, տեսնում, թե ինչպես ես քո իղձերի ոսկի թելով երկրագունդը կծիկ անում, կենաց հումքից «անուրջների գործարանում» ֆիլմ արտադրում, հետո գունդն ու մարմինը մանրակերտում ու բաժանում «Ոսկե գլոբուս», ապա «Օսկար»՝ գունդ ու մարմին հաջորդաբար, քո երազող զավակներին և աշխարհին, որի գլխին, երկնքի տեղ, քո աստղալից դրոշն ես ծածանում: Եվ այսօր էլ, քո հովերով, կինոաշխարհն ապրում է 86-րդ «Օսկարի» սպասմամբ, երբ անցյալում է արդեն 71-րդ «Ոսկե գլոբուսը», և հայտնի են գնդի տերերը, որոնք էլ հենց հաճախ դառնում են հետագա օսկարակիրները:

8140Լավագույն ֆիլմ (դրամա)
«12 տարվա ստրկություն»

Արդար է, որ երկրի նախագահ կարող է դառնալ երեկվա ստրուկը, իսկ լավագույն ֆիլմ ճանաչվել աֆրոամերիկացու մարմնի ազատականացման ու տիրապետման պատմությունը: «Սև կինոն» բուռն վերելք է ապրում, և նրա նորահայտ գագաթներից մեկն էլ «12 տարվա ստրկությունն» է, որ միլիոնավոր անազատներից մեկի` Սոլոմոն Նորթափի կենսագրությունն է: Ֆիլմի հիմքում հենց նրա կյանքի իրական պատմությունն է: Ազատ նյույորքցի Սոլոմոնին XIX դարի կեսին առևանգում են ու վաճառում Լուիզիանայի ստրուկների շուկայում: Նրա ինքնակենսագրական հուշագրությունից ռեժիսոր Սթիվ Մքքուինը հոգեցունց կինոդրամա է կերտել, որն էլ արժանացել է «Ոսկե գլոբուսի» և դարձել առաջիկա «Օսկարի» գլխավոր հավակնորդը հիմնական անվանակարգերում:

Մքքուինը XXI դարի սկզբի կինոաշխարհի հայտնություններից է` Լոնդոնում ծնված գվինեացի ներգաղթյալների զավակ, որը նախորդ դարավերջի ամենահռչակավոր վիզուալ արտիստներից է: Նա մարմինը՝ իբրև իր արվեստի գլխավոր թեմա, տեսաինստալացիաներից փոխադրել է մեծ կինո և հետևողականորեն քննում ու բացահայտում է առայսօր նկարհանած իր երեք լիամետրաժներում: Մենք եկել ենք աշխարհ մերկ, և գնալու ենք` ոչինչ չտանելով, բացի մեր մարմնից, որ մարդու միակ բացարձակ, անօտարելի սեփականությունն է: Ինչպե՞ս վարվել մեր անբաժան ունեցվածքի հետ:

Մքքուինի «Սովը» դեբյուտային ֆիլմում (2008) հարցը ստանում է միանշանակ պատասխան. մարմինն ազատագրական պայքարի զենք է: Իռլանդացի քաղբանտարկյալները թետչերիզմի օրոք ոչ մի այլ միջոց չունեն իրենց պայքարը շարունակելու, քան մարմնական անհնազանդությունը: Նրանց առաջնորդ Բոբի Սանդսը մեռնում է անժամկետ հացադուլի 66-րդ օրը: Սրանք իրական փաստեր են, որ գեղարվեստական վերարժևորման են ենթարկվել ու փառահեղ ճամփա բացել Մքքուինի կինոկարիերայի համար, նաև` նոր հորիզոններ գլխավոր դերակատար Մայքլ Ֆասբենդերի առաջ: Երկրորդ` «Ամոթը» ֆիլմում (2011) մարմինը դառնում է պահանջատեր, որ ստրկացնում է տիրոջը, դարձնում իր զոհը: Սեքսահոլիզմը XXI պոռնոդարի մարդուն բնորոշ մոլուցք է կամ տարածված հիվանդություն, որտեղ սեռական ազատության ու ահագնացող սանձարձակության սահմանագիծը լղոզվում է` հաստատելով ստրկության նոր ձևեր, ըստ այդմ էլ՝ մարդն այլևս իր մարմնի տերը չէ, այլ լոկ ստրուկն ու սպասավորը: Տռփացողը մեղսագործ չէ, այլ առողջական խնդիրներով մարդ, ինչպես հարբեցողը, ծխողն ու թմրամոլը, որը դառնում է պոռնոշուկայի սպառողն ու զոհը:

Երրորդ ֆիլմում մարմինը վերածվում է առևտրի առարկայի, ուրիշի սեփականության, շարժական գույքի: Մարմնի տնօրինման հարցը վերստին բարձրացվում է` արդեն պատմականորեն: Սթիվ Մքքուինը քաղաքական արվեստագետ է, որ կարծես անընդմեջ վանկարկում է. «Մենք ենք տերը մեր մարմնի»:

Ստրկության հարցը դեռ հաղթահարված չէ մի աշխարհում, որի մարտահրավերներից է թրաֆիքինգը (մարդկանց առևտուր): «12 տարվա ստրկությունում» Մքքուինը չի խորշել անգամ արցունքաբեր տեսարաններից` մաշկացավի գեղագիտությունը հասցնելով մի կետի, երբ ամեն հանդիսատես մի ակնթարթ մաշկափոխվում է ու դառնում սևամորթ: Նրա հետևողականությունը ոչ միայն կոնցեպտուալ է, այլև գեղագիտական: Երեք ֆիլմերի օպերատորն է Շոն Բոբիթը, երեքում էլ խաղում է Մայքլ Ֆասբենդերը (առաջին երկուսում` գլխավոր դերակատար է, վերջինում` երկրորդական), որը նաև առաջիկա «Օսկարի» ամենաարժանի հավակնորդներից է` վայրագ հավատացյալ պլանտատոր էդվին Էփսի կերպավորման համար:

download

Լավագույն ռեժիսոր
Ալֆոնսո Կուարոն

3D-ն այլևս դրամատիկ է, անգամ՝ մելոդրամատիկ, քանի որ կանաչ սենյակում գործի է անցել Ալֆոնսո Կուարոնը, որի «Գրավիտացիան» դեռևս անուն չունեցող ժանրային նորույթ է, բայց եթե փորձենք ինչ-որ կերպ կոչել, կստացվի «կոսմոկամերային պսիխոդրամատիկ տեխնոթրիլլեր»-ի պես մի բան: Եվ իրոք, «Գրավիտացիան» խառնածին ֆիլմ է, որտեղ զարմանալիորեն միահյուսվել են կամերային հոգեբանական դրաման և տեխնոթրիլլերը: Պատկերացրեք, որ Լելուշի «Տղամարդը և կինը» հանդիպեին Կուբրիկի «Տիեզերական ոդիսականում»: Ահա Կուարոնին հաջողվել է նմանատիպ մի կինոհանդիպում ստեղծել, որտեղ տղամարդուն մարմնավորել է Ջորջ Քլունին, իսկ կնոջը՝ Սանդրա Բուլոքը:

Մեկնարկը խոստանում է ռոմանտիկ զարգացում, բայց վրա է հասնում վթարը, որ կարող է պատահել յուրաքանչյուրիս կյանքում, Երկրի վրա թե տիեզերքում: Երկրագունդը հոգեբանական առումով կորցրել է իր ձգողականությունը Սանդրա Բուլոքի հերոսուհու համար, քանի որ ավտովթարը խլել է նրանից նրա ամեն ինչը՝ միակ զավակին, բայց երբ բոլոր իրական ու հոգեբանական կապերից ձրբազատված հերոսուհին քշվում է տիեզերքի անծայրածիր խորքերը, ֆիլմը հանդիսականի համար ձեռք է բերում մի այնպիսի ուրույն ձգողականություն, որ այլևս անհնար է դառնում ընդհատել դիտումը: Ահա Բուլոքը սկսում է մի իսկական աստեղային պատերազմ՝ ողջ տիեզերքի, նաև ինքն իր դեմ, քանի որ չկա մենակ մնացած մարդու համար ավելի մեծ թշնամի, քան հենց ինքը՝ հուսալքված վիճակում: Ոչ Բուլոքն է հոլիվուդյան գեղեցկուհի, ոչ էլ տպավորիչ տեխնիկական էֆեկտներն են անգերազանցելի, հակառակը, ամեն ինչ հնարավորինս մոտեցրած է իրականին, անգամ պայթյուններն են անձայն, ինչպես իրական տիեզերքում, բայց վերապրման հերոսապատումը կլանում է ու լարվածության մեջ պահում մինչև վերջ: Կուարոնն ինքնատիպ հեղինակ է, նա տրորված արահետների փոխարեն նախընտրում է իր բացած կածանը, որ վաղը գուցե մայրուղի դառնա, եթե գործի Կուարոնի բացահայտած ձգողականության օրենքը, որն այսօր նրան արդեն բերել է «Ոսկե գլոբուս» և առաջիկա «Օսկարի» հավակնություն՝ 10 անվանակարգով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել