Ադրբեջանն այսօր աշխարհին փորձում է մեզ` հայերիս, ներկայացնել որպես ցեղասպանություն գործած ազգ, իսկ փետրվարի 26-ին, այսինքն ամեն տարի այս օրը, ազգովի «սգում են» այդ «ցեղասպանության զոհերի հիշատակը»: Ես նույնիսկ ժամանակ չեմ վատնի հերքելու համար այդ պատմությունը և փորձեմ իրական պատկերը ներկայացնել, քանի որ դրա համար թե´ տպագիր, թե´ էլեկտրոնային տարբերակով առկա է ահռելի գրականություն՝ բազմաթիվ փաստերով: Պարզ է, որ այս «Խոջալուի ցեղասպանության» մասին պետական քարոզչությունը բացառապես ծառայում է ալիևյան ռեժիմի համար որպես գործիք, ընդորում և´ ներքին, և´ արտաքին քաղաքականության բնագավառում: Բայց դա թողնենք մի կողմ և կենտրոնանք Ադրբեջանում Իրանի դեսպանի հայտարարության վրա՝ կապված այդ «ողբերգության» հետ:

Այսպիսով, Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փակ Այինը իր այսօրվա հայտարարության մեջ մասնավորապես ասել է հետևյալը. «Իրանը կիսում է ադրբեջանական ժողովրդի վիշտը: Մենք դատապարտում ենք բոլոր ցեղասպանությունները՝ անկախ նրանից, թե ում և որ պետության կողմից է այն իրագործվել: Նախորդ տարվա սեպտեմբերի վերջերին երկու երկրների միջխորհրդարանական բարեկամության խմբերի միջև համաձայնություն է ձեռք բերվել Խոջալուի ողբերգության վերաբերյալ նամակ կազմելու և այն Իրանի խորհրդարան ներկայացնելու շուրջ: Շուտով Իրանի խորհրդարանը ծրագրում է քննարկման դնել այդ հարցը»:

Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Ադրբեջանում և Հայաստանում Իրանի դեսպանները ներկայացնում են միանգամայն տարբեր երկրներ: Երբ ինչ-որ հայտարարություն է անում Ադրբեջանում Իրանի դեսպանը, այդ հայտարարությունները սովորաբար այնպիսի հակահայկական բովանդակություն են պարունակում իրենց մեջ, որ երբեմն քեզ թվում է, որ հայտարարությունն անում է Պակիստանի կամ էլ Սաուդյան Արաբիայի պաշտոնյան և, հակառակը, երբ խոսում է Հայաստանում այդ երկրի դեսպանը, կարծես հայ պաշտոնյա խոսի, այլ ոչ թե օտարերկրյա պետության ներկայացուցիչ: 

Գիտեք ինչ, սա գուցե տարածաշրջանում Իրանի հավասարակշռված քաղաքականության արդյունք է: Այս պետությունն, ի վերջո, տարածաշրջանային տերություն է, իսկ նման պետությունները նման դեպքերում ոչ թե բացահայտ ինչ-որ կողմի են աջակցում, այլ փորձում են դատավորի դեր ստանձնել տարբեր բարդ իրավիճակներում և այդ հակասությունները դարձնել լծակ՝ հօգուտ իրենց տարածաշրջանային քաղաքականության: Իրանն այսօր առանց այն էլ շատ խնդիրներ ունի տարածաշրջանում, և մեզանից որևէ մեկի հետ հարաբերությունների լարվածությունը Իրանի համար կլինի հավելյալ գլխացավանք և խնդիր: Բանն այն է, որ այս երկրին օբյեկտիվորեն անհրաժեշտ է կայուն և զարգացող հարաբերություններ թե´ Հայաստանի, թե´ Ադրբեջանի հետ: Ադրբեջանի հետ առկա են բազմաթիվ խնդիրներ՝ սկսած Կասպից ծովի կարգավիճակից վերջացրած էթնոմշակութայինի խնդիրներով, իսկ Հայաստանի հետ ոչ թե խնդիրներ կան, այլ ընդհակառակը, չափազանց սերտ հարաբերություններ՝ ելնելով երկկողմ պետական շահերից: Օրինակ, եթե հավատանք wikileaks-ին, ներկայիս սանկցիաների պայմաններում Հայաստանը կարողանում է «միջնորդ» դառնալ Իրանի ֆինանսական փոխադրումների համար: Մի խոսքով, շատ չխորանանք այս ամենի մեջ, բայց հստակ կարող ենք նշել, որ այնպես չէ, որ Հայաստան-Իրան համագործակցությունից միայն Հայաստանն է օգտվում: 

Մի խոսքով, ասածս հետևյալն է. չեմ կարծում, որ Իրանը այսքան տարի անց գործնականում կխախտի իր հավասարակշռված հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև և կճանաչի Խոջալուի դեպքերը՝ որպես հայերի կողմից իրականացված ցեղասպանություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել