Ժողովո՛ւրդ ջան, ուզում եմ մի անկեղծ բան ասել: Ժամեր առաջ արեցի մի սատիրիկ գրառում, որը ոմանց մոտ առաջացրեց ծիծաղ, շատերի մոտ՝ դառնության զգացում: Գրառմանս հերոսը Սամվելն էր՝ «Րաֆֆու» Սամվելը, ով իր մեջ ամփոփել էր նաև էլեմենտներ մեզ քաջ հայտնի մյուս Սամվելից: Իրականում ոչինչ չունեմ այս մարդու դեմ: Ավելին, ես նրան անձնապես չեմ էլ ճանաչում, ու նա ինձ որևէ վատություն չի արել, անգամ չեմ ճանաչում որևէ մեկի իմ շրջապատում, ում նա վատություն է արել: Ես էստեղ խոսում եմ երևույթի մասին, Սամվելը չլինի, Պողոսը լինի, ինձ համար մեկ է:
Այնպես է ստացվել, որ վերջին շրջանում մենք անընդհատ պայքարի մեջ ենք՝ մե՛կ տրանսպորտի սակագների թանկացման դեմ, դեմ Փակ Շուկայի աղճատման դեմ, մե՛կ Մաշտոցի այգու համար, մե՛կ Գառնու տաճարի համար, մե՛կ պարտադիր կուտակայինի դեմ... Ցանկը երկար է ու անվերջանալի: Տպավորություն է, որ վերևներում հստակ ծրագիր կա մեզ՝ քաղաքացիներիս, պայքարի մի բեմից տեղափոխել մյուսը, հրահրել այս կամ այն օլիգարխի, պաշտոնյայի, երևույթի դեմ: Ու մենք գնում ենք՝ բողոքելու, երբեմն էլ հաղթում ենք... Բայց կա մի պարզ ճշմարտություն, մենք հաղթում ենք միայն այնտեղ, որտեղ «իրենք են» ուզում: Ըստ իս, սա մի լավ մշակված ծրագիր է՝ պարբերաբար պարպելու ժողովրդի մեջ հավաքված դժգոհությունը, որպեսզի հույզերը չհավաքվեն ու մեծ ալիք չդառնան: Սա լավ մշակված հոգեբանական ծրագիր է, որը դեռևս հաջողությամբ իրագործվում է, ու դեռ շատ երկար կբանեցվի, քանի դեռ մենք չենք հասկացել, որ ինչպես բժշկության մեջ են ասում, հարկավոր է հեռացնել ոչ թե մետաստազները, այլ բուն քաղցկեղը...
Ես ավելի քան վստահ եմ, որ Սամվելի ու շատ մյուսների նման մարդիկ այլ արժեհամակարգում աշխատելու դեպքում կլինեին փայլուն գործարարներ՝ օրինապաշտ քաղաքացիներ, նաև լավ գործատուներ ու հարկատուներ: Նրանք բոլորը այսբերգի երևացող մասն են, հետևանքը, իսկ մենք կարիք ունենք ՝ պայքարելու պատճառների վերացման դեմ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել