ԱԺ-ում հայտարարություների ժամի հայտարարությանս տեքստը

Հարգելի՛ գործընկերներ,
Այս օրերին հայկական, ինչպես նաև միջազգային քաղաքական, փորձագիտական քննարկումների առարկան, մամուլի վերլուծությունները հիմնականում ուկրաինական դեպքերի շուրջ են: 

Փորձեմ անդրադառնալ մի քանի խնդրի, որոնք դասեր քաղելու դաշտից են: Առաջին դասը: Չի՛ կարելի արհամարհել կամ փակուղում դնել որևէ, նույնիսկ մի փոքր խմբի՝ իր դժգոհության հարցով: Սերտե՞լ ենք այսօր մենք, որպես երկիր, այս դասը. վստահ չեմ: Համենայն դեպս, այսօր բազմաթիվ խնդիրների վերաբերյալ է հնչում նույն արձագանքը՝ մենք մեծամասնություն ենք: Այո՛, այդպես է այսօր, բայց ոչինչ հավերժ չէ: Հավերժ են միայն արժեքներն ու շահերը:

Երկրորդ դասն այն է, որ իսկապես քաղաքացիական հասարակություն ձևավորման ծիլեր են նկատվում ոչ բոլոր, բայց առնվազն մի քանի Արևելյան գործընկերության ծրագրին մասնակցող երկրներում: Գրեթե բոլոր այս երկրների իշխանություները սիրում են խոսել իմպերիալիստական ուժերի ազդեցության մասին, բայց և՛ Ուկրաինայում, և՛ արդեն Հայաստանում կան շարժումներ, որոնք օժանդակվել են տեղական միջոցներով: Մարդիկ գիտակցում են, որ իրենց իրավունքների համար պայքարը իրե՛նք պետք է պատրաստ լինեն և՛ նախաձեռնել, և՛ ֆինանսավորել, և՛ իրականացնել: Այո՛, հավերժ դոնորներ չեն լինում: Հավերժ են միայն արժեքներն ու շահերը:

Երրորդ դասն այն է, որ ինչպես բնության մեջ, այնպես էլ հասարակական հարաբերություններում էներգիան չի կորում, այդ թվում բացասականը, և ուժը այստեղ էլ է հակաուժ ծնում և հակառակը՝ հուզակցումը հուզակցում է բերում, իսկ լսելու պատրաստակամությունը՝ օժանդակելու ցանկություն: Սա աքսիոմ է: Մայդանում մարդիկ էին զոհվում՝ վերջում արդեն դրա դեմն առնելը անհնար էր թվում: Հիմնական սխալները դրանից շատ առաջ էին: Ա՛յս փուլում էին, դեռ որում ենք մենք: Մեզ համար սխալներ չանելու ժամանակը սա՛ է: Որովհետև հնարավորությունների պատուհանը հավերժ չէ: Հավերժ են միայն արժեքներն ու շահերը:

Այստեղ է հենց այն հարցը՝ որո՞նք են Հայաստանի հավերժ արժեքներն ու շահերը: Սիրում ենք ասել, որ մենք ունենք եվրոպական արժեհամակարգ. ուրեմն որքանո՞վ եռանդուն ենք պայքարում դրա ամրապնդման համար: Սիրում ենք ասել, որ մեր շահը՝ հզոր երկիր կառուցելն է ողջ հայության համար. ուրեմն որքանո՞վ եռանդուն ենք պայքարում հզոր Հայաստանի ու ինքնիշխան Հայաստանի համար: Ա՛յս հարցերի պատասխանները պիտի տանք հիմա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել