Ազգային ժողովում այսօրվա հայտարարությունս: 25.02.2014թ.
Երեկ այս դահլիճում խոսափողից հայհոյանք հնչեց: Բացատրվեց, որ ի պատասխան է մեկ այլ բառի, որը վիրավորական էր: Հայհոյանք չէր, բայց վիրավորական էր: Դրան պատասխանվեց բացահայտ հայհոյանքով: Իհարկե, հայհոյանքից առաջ «եթե» կար, ու մյուս կողմը կարողացավ ավելի բարձր կանգնել ու հայտարարել, որ եթե-ներին չի պատասխանի:
Բայց դա ինձ չի սփոփում, քանի որ երեկ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում հրապարակավ հայհոյել են: Տիկին Մարգարիտ Եսայանի ներկայությամբ, տիկին Նաիրա Զոհրաբյանի ներկայությամբ, տիկին Լյուդմիլա Սարգսյանի ներկայությամբ, իմ կողմից շատ հարգված մյուս տիկնանց ներկայությամբ: Դահլիճում գտնվող երեխաների ու երիտասարդ լրագրողուհիների ներկայությամբ:
Առանձին հեռուստաընկերություններ հայհոյանքը բառացի հեռարձակել են: Իրենք էլ են երևի «տղա»: Ու շատ-շատերը լսեցին, որ Ազգային ժողովում հայհոյել են:
Մի բան կասեմ միայն: Ժամանակը շատ դաժան հատկություն ունի: Նա անողոքաբար ոչնչացնում է փաթեթավորումը ու պահում միայն էությունը: Ժամանակ կանցնի, ու այս ամենից միայն կմնա, որ այսինչ անհատը, այսինչ հայոհայնքն է հնչեցրել խորհրդարանում: Ամեն ինչ կանցնի, բանավեճը կմոռացվի, աքլորանալը հիմարություն կդառնա, նույնիսկ հիսունքանի հոգու հետևում «պախկված» լինելը չի հիշվի. կհիշվի միայն, որ ՀՀ Ազգային ժողովում այսինչը հայհոյել է:
Սրա հետ հարկ կլինի ապրել: Շատ երկար: Իհարկե, պատասխան տալու կարիք էլ կլինի: Շատ երկար:
Կյանքը պահային էյֆորիաներ չի: Ավելի երկար ու ավելի բարդ է: Իսկ մեր նման հասարակություններում հայհոյանքը դժվար են մոռանում:
Նողկալի է, պարոնայք: Նողկալի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/miss.naira/posts/10200636478432826?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել