Newsbook.am-ը գրում է.

«Մաֆիան անմահ է» արտահայտությունը նոր կենդանություն է առնում, երբ սկսում ես վերլուծել ուկրաինական իրադարձություններն ու հեղափոխության ընթացքը: Իսկ այդ ընթացքն ու արդյունքը վերլուծելու անհրաժեշտությունը մեծ է, որովհետև այժմ այդ երկրում ստեղծվել է մի վիճակ, որը կարող ենք կոչել ընդդիմության ու նրա թիկունքին կանգնած ժողովրդի ինքնատիպ պարտություն: Զարմացա՞ք: Չէ, զարմանալու կարիք չկա, որովհետև ելնելով Ռուսաստանի դեմ և ջանալով ամեն կերպ պահպանել երկրի ինքնիշխանությունը, ուկրաինացիները նորից հայտնվեցին... Ռուսաստանի իշխանության ներքո, ինչը շատ լավ կռահելով, որոշ եվրոպական տերություններ իրենց աջակցությունը հայտնեցին և անգամ դեֆոլտը կանխելու համար խոստացան 20 մլրդ եվրո տրամադրել: Սա հենց այնպես աջակցություն չէ Ուկրաինային, այլ երաշխիք ու գուցեև կաշառք՝ չխաբվելու ռուսական սադրանքին, որն այժմ իր համար ճանապարհ է բացում: Հասկանալու համար կատարվածը, փորձենք առավել մանրամասն ներկայացնել ամեն ինչ: Ուկրաինացիները Մայդան դուրս եկան մի մեծ կոչով՝ պահպանել երկիրը, թույլ չտալ ռուսական ներկայության ամրապնդում և գերիշխանության հաստատում: Ուկրաինացիների թիկունքին կանգնեցին ոչ թե եվրոպացիները, այլ՝ ամերիկացիները, քանզի այս ամենը ամերիկյան նախագիծ էր: Եվրոպան անգամ շփոթվեց ու կարկամեց՝ չսպասելով դեպքերի նման զարգացումներ: Յանուկովիչը երևութականություն ստեղծեց, թե դժգոհ է Ռուսաստանից, թե Պուտինն իրեն անհարմար վիճակի ու պարտադրանքի մեջ է դրել, մինչդեռ, իրականում, գոյություն ուներ Պուտին-Յանուկովիչ համաձայնություն, ինչի մասին էլ գիտենալով, հեղափոխության «ճարտարապետները,, հուշեցին մայդանցիներին՝ պահանջել իշխանությունների հրաժարականը: Հրաժարականի միջոցով հնարավոր կլիներ կանխել ռուսաստանյան շատ քայլեր և իշխանություն բերել ամերիկամետ առաջնորդների, հատկապես Կլիչկոյին: Սակայն այստեղ է, որ նախկին ՊԱԿ-ական Պուտինը շատ ավելի խորամանկ գտնվեց, քան կարելի էր պատկերացնել: Գերագույն Ռադայում ակտիվացնելով նախկին վարչապետ Տիմոշենկոյի ֆավորիտ Յացենյուկին, Պուտինին հաջողվեց հասնել այն բանին, որ Ռադան նոր օրենք ընդունի, որի շնորհիվ էլ Տիմոշենկոն կհայտնվի ազատության մեջ: Ի՞նչ կապ ուներ Տիմոշենկոն ուկրաինացիների հեղափոխության և պահանջների հետ: Իրականում՝ ոչ մի: Սակայն հարկավոր էր խաղարկել Տիմոշենկոյի խաղաքարտը և նրան ինտեգրել հեղափոխական շարժումներին՝ այսպիսով բեմականացնելով «հեղափոխության պտուղները» նախագիծը: Հիմա Տիմոշենկոն ազատության մեջ է և մղվում է դեպի նախագահական պաշտոն: Իհարկե, ընդդիմադիրներից շատերը դեմ են Տիմոշենկոյին, նրանք սկսել են հասկանալ, որ իրենց շարժումն օգտագործեցին՝ իշխանությունը նորից կոռումպացված և ժողովրդի կողմից մերժված անհատների ձեռքերում պահելու համար: Տիմոշենկոն Ռուսաստանի «մարդն» է, նրան 2009-ին մեղադրանք առաջադրվեց հենց Ռուսաստանի հետ կնքված գազային պայմանագրի պատճառով, այն խարդավանքների, որոնք վարչապետ Տիմոշենկոն Ռուսաստանի հետ գործել էր ընդդեմ Ուկրաինայի; Եվ հանկարծ հակառուսականության խորապատկերին ազատ է արձակվում Տիմոշենկոն: Ահա այստեղ է պուտինյան «հանճարեղությունը», այստեղ է Պուտինը դառնում նորից իրավիճակի տերը, որովհետև Տիմոշենկոն նախագահ դառնալու դեպքում չի կարող երբեք ազատագրվել ռուսական «պորտալարից», ռուսական կողմի ջանքերով է նա կուտակել իր միլիարդները: Ստացվում է, որ Ուկրաինական հեղափոխությունը, որով շատերն են ոգևորված, այժմ կանգնած է լուրջ փորձության առջև: Կրեմլն ամեն կերպ կխոչընդոտի Կլիչկոյին, առաջ կմղի Տիմոշենկոյին, իսկ Վաշինգտոնն էլ ջանքեր կգործադրի, որպեսզի նախագահ դառնա Կլիչկոն: Ուրեմն, սպասվում են կատաղի գոտեմարտեր:

Մ. Լևոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել