Ընկածին չխփելու մասին ասացվածքը, ինչպես երևում է, չի գործում քաղաքականության մեջ: Ուկրաինայի ընդդիմությունը հերիք չէ տապալեց Յանուկովիչի իշխանությունը, այժմ էլ մտադրվել է վերջնական հարվածը հասցնել և լիովին ոչնչացնել իր՝ այսօրվա դրությամբ միակ քաղաքական հակառակորդին: Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը հրահանգել է ձերբակալել Վիկտոր Յանուկովիչին և մի շարք այլ պաշտոնատար անձանց: Փաստացի արդեն նախկին նախագահի դեմ սկսվել է հետաքննություն` «զանգվածային մարդասպանության» մեղադրանքով: 

Հիմա փաստորեն տեսեք, թե ինչ է ստացվում: Բոլոր հեղափոխությունների արդյունքում տապալված իշխանությունների ղեկավարները կա՛մ պետք է լինեն Քադդաֆի և Ասադ, այլ կերպ ասած մահանան զենքները ձեռքին, կա՛մ էլ Մուբարաք և Յանուկովիչ, և ստորացվեն հնարավորինս մինչ վերջ և արդյունքում դանդաղ, բայց ոչնչանան թե՛ բարոյապես, թե՛ ֆիզիկապես: 

Թերևս Յանուկովիչն այժմ մտափոխվել է և շատ կցանկանար ժամանակը ետ տալ և պայքարել գոնե մինչ վերջ և մահանալուց էլ մի քիչ պատվով մահանար, այլ ոչ թե ընկներ իրենից վառված նախկին ընդդիմադրների ձեռքը: Յանուկովիչը, թերևս, մի քիչ էլ հիասթափված է Արևմուտքից, որ իրեն «խաբեցին» և չերաշխավորեցին իր անվտանգությունը: Հետաքրքիր է իմանալ՝ մեծ հաշվով այժմ եվրոպացի ո՞ր մի դիվանագետի խղճին է ծանրացել այն, որ Յանուկովիչը դարձել է «Մուբարաք»: Կարծում եմ՝ ոչ մեկի: Այնպես որ, սրանից եզրակացություն.

1-ին` նախ մարդ պետք է հասկանա, ընկալի ժողովրդի առջև ստանձնած իր պարտավորությունները և կատարի դրանք պատշաճ և անվերապահ, մինչ վերջ, քանի դեռ ինքը համարվում է երկրի լեգիտիմ ղեկավար, այլ ոչ թե փախչի՝ երկիրը թողնելով քաոսի մեջ:

2-րդ` հույսը պետք է ոչ թե դնել արտաքին, այլև ներքին երաշխիքների վրա: Նախագահին ոչ թե պետք է պաշտպանեն օտար երկրների դիվանագետները, այլ սեփական երկրի համապատասխան կառույցները և ամենակարևորը` ժողովուրդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել