Հայ առաքելական Սուրբ եկեղեցու հիմքը հայ հոգևորականն է: Դարերի խորքից մինչև այսօր Հայոց եկեղեցու նվիրապետական աստիճանի բոլոր հոգևորականներն եղել են ժողովրդի կողքին ու կիսել նրա հոգսը, դարդն ու ցավը: Ժողովրդի ծոցից դուրս եկած ու ժողովրդի հետ քայլող հոգևորական է Տեր Սողոմոն քահանա Մինասյանը: Բարեպաշտ քահանան ամեն օր շրջում է իր քաղաքում ու սփռում Աստծո Խոսքը, իսկ ժողովուդը մեծ սիրով ու սպասումով ընդունում են Տեր Հոր խորհուրդները: Մեծ իրադարձություն է տեղի ունենում մեր դպրոցում, երբ քահանան այցելում է մեզ: Բոլորս շտապում ենք ողջունելու Տեր Սողոմոնին: «Օրհնեցե՛ք, Տեր Հայր»,- անմեղ ու մանկական ձայնով մոտենում են երեխաները: Իսկ քահանան, իր աջը դնելով երեխաների գլխին, հայրաբար ժպտում ու ասում է. «Աստվա՛ծ օրհնի, զավա՛կս»: Տեր Սողոմոնը քարոզն սկսում է «Հայր մեր»-ով: Աղոթքի հնչյունների տակ բոլորս զգաստանում ենք, ու օդը լցվում է խորհրդավոր բույրով: Քահանայի խոսքն այնքան տպավորչ է ու դյութիչ, որ բոլորս նոր ուժ ենք ստանում: Խնկաբույր քարոզից հետո Տեր Սողոմոնը պատասխանում է աշակերտների ամենատարբեր հարցերին ու գոհացնում նրանց: Վերջում բոլորս մոտենում ենք նրան ու, օրհնություն ստանալով, հրաժեշտ տալիս՝ միմյանց նորից հանդիպելու ակնկալիքով: Առանձնահատուկ է Տեր Սողոմոնը, երբ պատարագիչ է: Կարծես բեմ է բարձրացել Աստծո կողմից ուղարկած հրեշտակը և մատուցում է Պատարագ: Քահանան իր թավ ու մաքուր ձայնով երգում է շարականներ ու սաղմոսներ, որոնց ելևէջները, ցնցելով եկեղեցու պատերը, դուրս են գալիս փողոց և անցորդներին կանչում են եկեղեցի: Իսկ հավատացյալները լսում են Աստծո խոսքը ու խորհում իրենց մեղքերի մասին: Եվ երբ նա ապաշխարության կարգն է կատարում ու թողություն է շնորհում մարդկանց մեղքերին, նրանց աչքերին լույս է իջնում, և հավատացյալները երախտագիտությամբ նայում են Աստծո ընտրյալին: Մեծ է Տեր Սողոմոնի դերը յուրաքանչյուր արթիկցու կյանքում: Տեր Հոր կատարած խորհուրդները մի անջնջելի էջ են թողնում մարդկանց կյանքում: Մկրտվողն ու պսակվողը, ապաշխարողն ու հիվանդը մեծ ուժ, սփոփանք ու հոգու բերկրանք են ստանում քահանայի աղոթասեր բերանից: Ես ուզում եմ, որ Բարձրյալը ամուր և առողջ պահի մեր քահանային, որին մենք՝ արթիկցիներս, այնքան շատ ենք սիրում:

Անահիտ Մուքոյան 

 

Արթիկի թիվ 6 դպրոցի VΙ դասարանի աշակերտուհի  
Նյութը ներկայացված է «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» 
մրցույթի շրջանակներում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել