Բյուրակն-2Ankakh.com-ը գրում է.

Վեց տարի բժշկական համալսարան, երկու տարի` կլինիկական օրդինատուրա` հոգեբույժի մասնագիտությամբ: Երիտասարդ մասնագետ Բյուրակն Իշխանյանի համար այդ ոչ այնքան «արդիական» մասնագիտությունն ընտրելն ամենևին ինքնանպատակ չէր: Նա իսկապես ուզում էր հայկական հոգեբուժության ոլորտում դեր ունենալ` հասկանալով, որ այդտեղ անելիքները շատ են:

Բացի այդ, ոլորտն իսկապես հետաքրքրում էր որպես բժշկության մեջ ամենխորհրդավոր և չբացահայտված ճյուղ: Սակայն օրդինատուրա ընդունվելուց հետո նրան գիտելիքներից ավելի հիասթափությունների շարան էր սպասում: «Բժշկականում վեց տարի գերազանց սովորելուց, կարմիր դիպլոմով ավարտելուց հետո էնտուզիազմով գնում ես հիվանդանոց ու հանկարծ հասկանում ես, որ բոլորն էնտեղ թքած ունեն քեզ վրա: Հանձնարարություն են տալիս, ոգևորությամբ պատրաստվում ես, բայց լսող չկա, գրականության ցանկ ես ուզում, առաջարկում են 90-ականների սկզբին լույս տեսած մի գիրք, որը կարդացել ես 5-րդ կուրսում, և այդպես շարունակ»,- թվարկում է նա: Հասկանում է, որ ուսումը շարունակելու համար պետք է դուրս գա Հայաստանի սահմաններից: Դիմում է եվրոպական տարբեր համալսարաններ: Բայց մինչ հաջողությունը կժպտար, երկու տարին անցնում է, ավարտում է օրդինատուրան, որից հետո Եվրամիության «Էրասմուս Մունդուս» կրթաթոշակի ծրագրով մեկնում է Եվրոպա և սովորում երեք համալսարաններում` Գերմանիայում, Հոլանդիայում և Ֆինլանդիայում: «Միգուցե տարօրինակ հնչի, բայց Եվրոպայում սովորելն ինձ համար շատ ավելի հեշտ էր, քան Հայաստանում: Ազատ ժամանակ շատ ունեի և հետաքրքիր բաներով էի զբաղվում: Էնտեղ շեշտը դրված է ոչ թե նրա վրա, որ ինչ-որ գրքեր անգիր անես, գնաս քննությունդ ստանաս, այլ որոշակի հմտություններ ձեռք բերես: Օրինակ` ես սովորեցի գիտական հետազոտություններ անել, գիտական հոդվածներ գրել, ավելի պրակտիկ բաներ, որոնք հատկապես գիտությամբ զբաղվելու համար շատ կարևոր էին»,- ասում է նա: Երկու տարի անց` 2013-ին, ավարտելով ուսումը, երիտասարդ մասնագետը վերադառնում է հայրենիք` մոռացած նախկին հիասթափությունները, զինված հարուստ գիտելիքներով, մեծ ոգևորությամբ և ամենակարևորը` ռոմանտիկ երազանքներով: Այդ ժամանակ անկեղծորեն հավատում էր, որ իրեն Հայաստանում գրկաբաց կընդունեն, քանի որ ոլորտում երիտասարդ մասնագետներ, այն էլ` դրսում վերապատրաստված, մատների վրա կարելի է հաշվել: Դիմում է առողջապահության նախարարություն, որ օգնեն աշխատանք գտնել: Ամենահետաքրքիրն այն է, որ ուզում էր մարզում աշխատել` լավ իմանալով մարզերում տիրող անմխիթար վիճակը: Առողջապահության նախարարությունից փորձում են օգնել, բայց պարզվում է` պահանջարկն այնքան էլ մեծ չէ. մե՛կ թափուր աշխատատեղեր չկան, մե՛կ արդեն զբաղեցրել են կամ էլ այնպիսի վատ պայմաններ են, որ ինքն է հրաժարվում: «Մի դեպքում կարծես թե համաձայնության եկել էինք: Հասա Դիլիջան, և երբ գնացի հիվանդանոցի գլխավոր բժշկի մոտ, զգացի, որ այնտեղ էլ ինձ չեն սպասում կամ միգուցե ինչ որ ակնկալիքներ ունեին»,- ենթադրում է նա: Մարզերում աշխատելու նրա երազանքն ի վերջո հօդս է ցնդում, ու նա որոշում է աշխատանք գտնել մայրաքաղաքում: Պարզվում է` դա այստեղ էլ հեշտ բան չէ: Մի քանի տեղ դիմում է. ապարդյուն: Ի վերջո, Երևանի մանկավարժական համալսարանում մեկ կիսամյակով դասախոսի աշխատանք է գտնում և սկսում է մագիստրատուրայում «Խոսքի խանգարումների նյարդահոգեբանական և նյարդալեզվաբանական վերլուծություն» դասավանդել: Ասում է, որ արևմտյան դպրոցն այստեղ լրիվ նորություն է, քանի որ հիմնականում ուսուցումը ռուսական դպրոցի հիման վրա է: Խոստովանում է, որ չի կարողանում ուսանողների համար ապահովել այն մակարդակը, ինչ որ ինքն է ստացել Եվրոպայում. «Ուսանողներից տարրական մաթեմատիկա պահանջելը լուրջ խնդիր է, լեզուներ չգիտեն: Մագիստրատուրայի ուսանողներ են, բայց քննության ժամանակ իրարից արտագրում են, պրեզենտացիաներն իրարից «թխած» ներկայացնում են: Եվրոպայում նման բաները բացառված են, ուղղակի ամոթ է»,- ասում է նա: Սակայն մանկավարժականում ամենազավեշտալին Բյուրակն Իշխանյանի աշխատավարձն էր: Ամսական եկամուտը ողջ դասախոսությունից կազմում է երեք հազար դրամից մի փոքր ավելի, այո, հենց այդքան: Դասախոսում է շաբաթական մեկ օր, և մեկ դասախոսությունը մոտ 800 դրամ են հաշվում: «Ընդհանրապես այստեղ ժամավճարի գաղափարն աբսուրդ է. հաշվում են միայն լսարանում եղած ժամանակահատվածը` այդ 80 րոպեն: Բայց այն, որ ես երկու-երեք օր գրականություն եմ կարդում, «սլայդներ» եմ պատրաստում և այլ աշխատանք եմ կատարում մինչև լսարան մտնելը` հաշվի չի առնվում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել