«Սարդարապատ» շարժման անունից ողջունում եմ եղբայրական Ուկրաինայի ազատատենչ ժողովրդին, որը ազգային-ազատագրական պայքար է մղում նրան գաղութացնելու ու ստրկացնելու փորձերի դեմ: Մեր երկրների ու ժողովուրդների բարեկամությունն ու փոխադարձ հարգանքը հազարամյա պատմություն ունեն` Կիեւյան Ռուսիայի ժամանակներից, երբ հայազգի արքայադուստր Աննան իր ամուսնու` իշխան Վլադիմիրի հետ միասին քրիստոնեություն եր բերել Դնեպրի ափեր, մինչեւ երկրորդ աշխարհամարտ, երբ նույն ափերի ազատագրման համար կռվում ու զոհվում էին սովետական բանակի հազարավոր հայ զինվորներ: Մեր երկու մշակույթներն իր կյանքով կապեց հանճարեղ կինոբեմադրիչ Սերգեյ Փարաջանովը, իսկ հանուն ազգային արժանապատվության ու անկախության մեր ժողովուրդների պայքարն իր մահով միավորեց ուկրաինական նոր հեղափոխության առաջին նահատակը դարձած Սերգեյ Նիգոյանը:
Քույրե՛ր ու եղբայրնե՛ր, մենք նեցուկ ենք ձեր պայքարին եւ գիտակցում ենք, որ Կիեւի Մայդանն այսօր վերածվել է ժողովրդավարության, քաղաքական ազատությունների, քաղաքացիական համերաշխության այն օրինակի, որը պետք է գնահատեն, փայփայեն ու կիրառեն բոլոր ազատատենչ ազգերը, որոնք ձգտում են թոթափել հին կայսերական եւ նոր գաղութային լուծը իրենց երկրներից: Հայաստանը ոգեւորությամբ եւ ուշադրությամբ հետեւում է ուկրաինական հեղափոխության փորձին, նշելով մեր եւ ձեր պայքարի տրամաբանական նմանությունները, հատկապես զուգահեռ իշխանության ստեղծման գործընթացը` հանձինս Ուկրաինայում ստեղծվող Ժողովրդական Ռադայի եւ Հայաստանում ստեղծվելիք Հիմնադիր Խորհրդարանի: Մայդանում այսօր ծավալվող իրադարձությունները մեծ ազդեցություն ունեն նաեւ Հայաստանի եւ ողջ հետխորհրդային տարածքում քաղաքական զարգացումների վրա: Հանուն ձեր եւ մեր ազատության` կեցցե՜ Ուկրաինան:
«Սարդարապատ» շարժման մասնակից, կինոբեմադրող
Տիգրան Խզմալյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել