Բոլորիս քաջ հայտնի է որ Օլիմպիական խաղերի անցկացումը բացի մարզական միջոցառում լինելուց, այն իր մեջ կրում է խաղաղության, համերաշխության խորհուրդ: Ժամանակակից Օլիմպիական խաղերի հիմնադիր Պիեռ Դե Կուբերտենը իր ժամանակին հայտարարում էր` «աշխարհի երիտասարդները» պետք է ուժերը չափեն մարզահրապարակներում, այլ ոչ թե մարտի դաշտերում։ Օլիմպիական գաղափարախոսության մասին, շատ կարելի է խոսել` վեր հանելով նրա դրական ու լուսավոր կողմերը, սակայն կենտրոնանանք այդ գաղափարների, դրանց խորհրդի ու իրացման վրա: 

Օլիմպիական խաղերի ժամանակ խաղաղություն պահպանելու ավանդույթը սկսում է կորցնել իր ուժը և հավանաբար ոչ հեռու ապագայում անհրաժեշտություն առաջանա ստեղծել մեկ այլ խաղաղարար համամարդկային միջոցառում, որի իմպերատիվը ավելի ուժեղ կլինի. Օլիմպիական խաղերի խաղաղության խորհուրդը հնացել է, համենայնդեպս 2008թ. և 2014թ. ամռային և ձմեռային օլիմպիադաների ժամանակ աշխարհն այնքան էլ խաղաղ չգտնվեց այդ մշակույթը պահպանելու համար: 

Հիշեցնեմ, որ 2008թ. Պեկինի օլիմպիական խաղերի ժամանակ օգոստոսի 8-13 տեղի ունեցավ ռուս-վրացական կարճատև պատերազմը, իսկ այս օրերին Սոչիի ձմեռային օլիմպիադայի ընթացքին զուգահեռ Ուկրաինայում մահանում են մի քանի տասնյակ, վիրավորվում են` հարյուրավորները, անհանգիստ է նաև հայ-ադրբեջանական շփման գիծը, մասնավորապես ադրբեջանական կողմից շարունակ գնդակոծվում են հայկական դիրքերն ու միջհամայնքային ճանապարհները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել