ԱԺ ոչ իշխանական ուժերի քննարկումները` կառավարությանն անվստահություն հայտնելու նախագծի շուրջ դեռևս արդյունք չեն տալիս, իսկ օրինագիծը ԱԺ օրակարգ մտցնելու ժամկետների հարցը մնում է անորոշ:

Ոչ պաշտոնական մակարդակում, կոնսեսուսի չկայացման տարբեր վարկածներ են շրջանառվում: Դրանցից ամենաքննարկվողը կառավարությանն անվստահություն հայտնելու ճանապարհով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` իշխանություն վերադարձի վարկածն է` վարչապետի տեսքով, որին ոչ իշխանական ուժերից առնվազն «Ժառանգությունը» ընդդիմանում է. ըստ մամուլի հրապարակումների:

Ինչևէ, մամուլում շրջանառվող վարկածներից սահուն անցում կատարենք առկա իրավիճակին և հիմնական դիտարկումներին. կառավարության նկատմամբ անվստահություն հայտնելու գործընթացը նախևառաջ ենթադրում է անհրաժեշտ փաստերի հավաքագրում: Փողոցում հանդիպած յուրաքանչյուր 2-րդ կամ 3-րդ քաղաքացին կդժգոհի կառավարությունից` համարելով, որ այն պետք է փոխվի, սակայն երբ դրա մասին բարձրաձայնում են քաղաքական ուժերը և նպատակ ունեն իմպիչմենտի գործընթաց սկսել, պետք է դրա համար լուրջ փաստական բազա ապահովել: Թե ինչ փաստերի կամ վերլուծությունների են տիրապետում ԱԺ ոչ իշխանական ուժերը, պարզ կդառնա, երբ նրանք ի վերջո համաձայնության գան և խորհրդարանում կառավարության նկատամբ անվստահության գործընթաց նախաձեռնեն:

Երկրորդ, որքան էլ ոչ իշխանական ուժերը արտաքուստ փորձեն ցույց տալ, թե երկրի համար կարևորագույն հարցերի շուրջ կարող են միավորվել, այսպիսի իրավիճակներում նրանք 4-ն էլ առաջին հերթին փորձում են հասկանալ, թե ի՞նչ շահ և ակնկալիքներ ունեն պրոցեսից մյուս 3 մասնակիցները. մի պահ մոռանանք այն, որ առանց բացառությունների, քաղաքական բոլոր ուժերը իրենց միակ ֆունկցիան հռչակում են «ժողովրդին ծառայելը»: Դիցուք, ոչ իշխանական ուժերին հաջողվի այնպիսի ճնշում ապահովել իշխող մեծամասնության նկատմամբ, որի պայմաններում կառավարությունը հրաժարական տա: Արդյո՞ք այս պայմաններում ոչ իշխանական ուժերը համաձայնության կգա՞ն կոալիցիոն կառավարություն կազմելու հարցում. հաշվի առնելով կոալիցիոն կառավարության հիմնական թեկնածուի` ԲՀԿ-ի վերջին համագումարում Գագիկ Ծառուկյանի ելույթը, ապա` ոչ: Ստացվում է, որ նոր ձևավորվելիք կառավարությունում ՀՀԿ-ՕԵԿ համամասնությունը կպահպանվի, լավագույն դեպքում ՀՀԿ-ական 1-2 նախարարի փոխարեն կնշանակվեն ոչ ՀՀԿ-ականներ, սակայն պաշտոնյաներ, ովքեր առաջին իսկ ազդանշանի դեպքում կուսակցական կրծքանշաններ կկրեն:

Եվ այստեղ առաջ կգա հերթական հարցադրումը. ինչի՞ն է ծառայելու կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը, միայն անձերի փոփոխությա՞նը, բարոյական հաղթանակի՞ն, թե…

Երրորդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ լավ, թե վատ, քաղաքական, թե ապաքաղաքական պրոցեսների արդյունքում իշխանության դիրքերը բավականին կայուն են թվում, ակնհայտ է, որ ԱԺ ոչ իշխանական ուժերի գերակա նպատակը` «պատգամավորներ պոկել» իշխող մեծամասնությունից ու անհրաժեշտ ձայներ ապահովել իմպիչմենթի գործընթացը հաջողելու համար, մնում է անհնար:

Ենթադրվում է, որ այս իրավիճակում ԱԺ ոչ իշխանական ուժերը դեռևս հաշվարկում են, թե այս կամ այն սցենարի դեպքում, որքան քաղաքական ռեսուրս կծախսվի և ի՞նչ քաղաքական կապիտալ կարելի կլինի ձեռք բերել:

Զուտ քաղաքական պրոցեսի շարունակականության, և, առհասարակ, քաղաքական ակտիվ պայքար ի ցույց դնելու տեսանկյունից, գործընթացը կարելի է արդարացված համարել, ի վերջո, նրանք մինչ 2017-18 թվականների ընտրական ցիկլ պետք է «մարզավիճակ պահպանեն»` ընտրություններին ներկայանալով որպես ակտիվ ու «առողջ օրգանիզմ»:

Մյուս կողմից, ԱԺ ոչ իշխանական ուժերը պետք է հաշվարկեն այն հետևանքները, որին կհանգեցնի անպտուղ պայքարը կառավարության փոփոխության հարցում ու ըստ այդմ` հիասթափությունը համակիրների ու հասարակության շրջանում:

Վերջիվերջո, դժվար է տասնամյակներով պայքարել լոզունգներով, երբեմն կոշտ-կտրուկ հայտարարություններով` գրանցել նվազագույն արդյունք, իսկ ընտրական գործընթացներում լուրջ ակնկալիքներ ունենալ: Մանավանդ, որ 2013 թվականի կայացած նախագահական ընտրություններում ԱԺ ոչ իշխանական ուժերից 3-ը` ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և ՀԱԿ-ն արդեն իսկ անհրաժեշտ չափաքանակի հիասթափություն են ապահովել իրենց ընտրազանգվածների համար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել