1604881_10203000004061486_1676368028_n

Nyut.am-ը գրում է.

Արցախյան պատերազմի հերոս, ՀՀ և ԼՂՀ«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, ԱԱԾ պաշտոնաթող գնդապետ Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուր) դեմ է ամեն տեսակ հեղափոխության: Արցախյան գոյամարտի բովով անցած, արցախյան պատերազմը հաղթած մարդն այսօր, այս խաղաղ օրերում, մտահոգ է: Նա ասում է, որ հիմա մենք մեր պետականությունը փրկելու խնդիր ունենք, իսկ հապաղելու ժամանակ` ոչ: Արթուր Ալեքսանյանի հետ խոսեցինք երկրի վիճակի, այս վիճակից հանելու ուղիների և նախագահի` ԵԿՄ-ի համագումարի ելույթի շուրջ:

 -Պարոն Ալեքսանյան, շատերն են այսօր հեղափոխության կոչեր անում: Դուք էլ եք մտահոգ ներկա իրավիճակով, բայց դեմ եք հեղափոխությանը, ինչո՞ւ:

-Հեղափոխությունն առաջին հերթին արյունահեղություն է, հեղափոխությունն անախիա է: Հեղափոխության պատճառով երկիրը մի 15-20 տարով հետ է ընկնում, հետո էլ մի այդքան ժամանակ պետք է լինում, որ նորից վերականգնվի: Մի ամբողջ սերունդ է կորչում այդ պատճառով: Ես դեմ եմ հեղափոխության, ես դեմ եմ արյունահեղության: Հեղափոխություն ցանկանում են այն մարդիկ, ովքեր չեն պատկերացնում, թե ինչ հետևանքներ կկրի ազգը հեղափոխության պատճառով: Մեր ամենամեծ ձեռքբերումը մեր պետությունն ու պետականությունն է` Հայաստանի Հանրապետությունը: Մենք 1000 տարի պետություն չենք ունեցել, ու հիմա միանգամից նրա ճակատագրի հետ խաղալն անընդունելի է:

-Իսկ Դուք ի՞նչ ճանապարհ եք առաջարկում: Ի վերջո, համաձայն եք, որ անդուդի եզրին ենք կանգնած:

-Այո, համաձայն եմ, ահավոր վիճակում ենք հայտնվել այսօր: Մեր փրկությունը մեր համախմբվածության մեջ է: Իշխանությունն այսօր հզոր է, որովհետև մենք ենք թույլ,  մասնատված, պառակտված: Մենք պետք է միասնական լինենք: Թեկուզ հեղափոխության գաղափարի տակ միանանք, ուժ դառնանք, իրենք իրենց կթողնեն, կգնան: Մենք միասնական չենք, իշխանությունը մեզանից չի վախենում, դա է խնդիրը: Քանի իրենք չեն զգում, որ ուժ կա իրենց դիմաց, այսպես էլ կշարունակվի: Մեր փրկությունը մեր միասնության մեջ է: Չարենցի մարգարեական խոսքերն ասօր ավելի արդիական են հնչում: Բոլոր կուսակցությունները պիտի գիտակցեն, որ կուսակցական խաղերի ժամանակը չի: Կուսակցությունները մինչև իրենց ամբիցիաներից վեր չկանգնեն, այս հարցը չի լուծվի: Իրենք պիտի իջնեն ժողովրդի մեջ, պիտի իրենց կուսակցական դռները փակեն ու միասնության լոզունգով համախմբեն ժողովրդին: Հրապարակում պիտի որոշվի էս հարցը, բայց ոչ Մայդանի, այլ մեր` Ազատության: Մենք աշխարհին նման օրինակ արդեն ցույց ենք տվել: Մենք մեր հրապարակում կարողացանք Սովետ Միություն փլենք` մեր միասնությամբ, մեր հավատքով: Եթե այն ժամանակ առաջին ծիծեռնակներն ենք եղել, այսօր ինչու ենք թևերներս կտրել, ու ամեն մարդ իր տեղում առանձին ձու է ածում: Նորից գնանք հրապարակ, բոլորս միասին ասենք` հերիք է, չի կարելի: Մենք ոչ մեկի վրա չպիտի հարձակվենք, որովհետև խաղաղությունից մեծ  հաղթանակ չկա: Խաղաղությամբ ու սիրով պիտի գործենք, ատելությամբ պետք չէ լցվել: Պետք չէ ասել` սրանք սրիկաներն են, բերեք կոտորենք: Ներենք նրանց, թող թողնեն գնան: Բոլորս միասին որ ներենք, կգնան: Բայց մինչև կուսակցությունների ամենակարևոր նպատակն ազգն ու նրա փրկությունը չլինի, մինչև բոլորը մեկ գաղափարի տակ չհավաքվեն, մենք տեղ չենք հասնի: Կուսակցություններն են այսօր ժողովրդի արգելքները: Մենք բոլորս մի դրոշ ունենք` եռագույնը: Այդ դրոշով պիտի առաջնորդվենք: Պիտի կուսակցական դրոշները թողնենք ներսում, կոչումներն ու մեդալները թողնենք ներսում և համախմբված եռագույնի տակ դուրս գանք փողոց: Այդ դրոշով մենք տեղ կհասնենք: Մնացած դրոշները մեզ խանգարում են այս պահին, շեղում են մեզ:

-Բայց ժողովրդին պետք է առաջնորդող ուժ, կամ առաջնորդ: Ինքնաբուխ դժվար է համախմբվել: Այդպես չէ՞:

-Ժողովուրդը վայրկյանական իր առաջնորդին կգտնի: Այսօրվա լիդերներն իրենց չեն արդարացրել, երևի ժամանակին չեն ծնվել: Ես ազգը սիրում եմ այնքան, քանի կա Հայաստանի Հանրապետությունը: Մեր միակ ձեռքբերումն ու միակ հարստութունը մեր պետությունն է: Ամեն ինչ պետք է անել, որ պետությունը չքանդվի, ու նորից որևէ մեկի գավառը չդառնանք: Պիտի իշխանություններին այնպես ուղարկենք տուն, որ իրենց աթոռները մնան տեղում: Որովհետև դրանք պետության աթոռներն են, իրենց աթոռները չեն, որ հիմա իրենք իրենց երևակայում են, ինչ ուզում՝ անում են: Իրենք պիտի գնան, բայց գրիչն ու աթոռը պիտի տեղում թողնեն, որովհետև գրիչն ու աթոռը մեր պետականության գրավականն են:

-Ի՞նչ եք կարծում, իշխանությունները չե՞ն գիտակցում այս պայթունավտանգ վիճակը: Նույն նախագահը, որ պատերազմի բովով անցած մարդ է, ինչո՞ւ է ազատամարտիկի բողոքին նվնվոց անվանում:

-Գիտեք, երբ մենք նախագահի հետ շփման մեջ էինք, ինքն այլ տեսակ էր, ինքն այսպես չէր մտածում: Հիմա վաղուց, մի 10 տարի է երևի, կապի մեջ չենք, չգիտեմ` ինչու է այսպես մտածում: Ես իրեն հիշում ու ճանաչում եմ որպես պետականամետ մարդ: 15-20 տարի իր հետ աշխատել եմ, ու շատ հարցերում իրենից օրինակ եմ վերցրել: Հիմա իր շրջապատն այլ է, չգիտեմ` ինչ են հուշում, ինչ են ասում իրեն:

Բայց ես չեմ էլ նվնվում: Ես իմ անելիքը պիտի անեմ: Շատ վիրավորված եմ այդ խոսքից (դադար` երկար մտածում է, խորհում): Չնայած` ճիշտ է ասում նախագահը` մենք նվնվում ենք, ոչ մի բան չենք անում: Ինքը կոչ արեց մեզ գործի անցնելու, ինքը դրդեց մեզ գործելու. կգործենք:

Սառա Գալստյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել