Նախագահական ընտրություններից մեկ տարի անց, իր համակիրների հետ ունեցած հավաքում, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ «պայքարը դեռ շարունակվում է, և ստեղծված ճգնաժամից կարող է փրկել միայն «համազգային կոնսոլիդացիան»:

«Համազգային կոնսոլիդացիայի» մասին վերջին շրջանում բավականին ակտիվ խոսում են նաև ԱԺ ոչ իշխանական ուժերը, սակայն ամբողջական պայքարում՝ Րաֆֆի Հովհաննիսյանի դերակատարությունը նախագահական ընտրություններից մեկ տարի անց, նույնիսկ ընտրապայքարում երկրորդ արդյունք ցույց տալու պայմաններում, կտրուկ նվազել է:

Չի կարող քաղաքական պայքարը արդյունավետ լինել կամ առհասարակ քաղաքական իրական պայքար համարվել, երբ պայքարը առաջնորդողը 2-3 ամսվա ընթացքում փոշիացնում է իր ընտրական կապիտալը, իսկ դրանից անմիջապես հետո` 4-5 ամսով, բառի բուն իմաստով, կորում հասարակության տեսադաշտից: Այս իրավիճակում առանձնապես կարևոր չէ, թե ինչ նպատակներով ու ինչ սպասումներով էր Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնել ԱՄՆ, փաստացի նա ինքն իրեն «գահընկեց արեց»` հեռանալով շարժման առաջնորդությունից: Եվ անկեղծ չէ նա, երբ նշում է, որ «հետընտրական պայքարի թափը չի ընկճվել ու անհնար է հետ պահել «Ժառանգությանը ազնիվ պայքարի ուղղուց»:

2012-13 թվականների ընտրական ցիկլից 1-2 տարի անց կարող ենք արձանագրել, որ բոլոր ուղղություններով Րաֆֆի Հովհաննիսյանը պարտվել է, ու, ցավոք, այդ պարտիայում պարտվել է նաև այն քաղաքացին, ով հավատացել ու գնացել է նրա հետևից:

Երբեմնի ակտիվ կուսակցական ֆրակցիայից ոչինչ չի մնացել. խմբակցության ղեկավարը արտերկրում է` զբաղված իր կրթական հարցերով, իսկ «Ժառանգության» ցուցակով խորհրդարանում հայտնված «Ազատ դեմոկրատները» լրիվ այլ գծի մեջ են: Պայքարի մղման առաքելությունը դրված է խմբակցությունը ներկայացնող ընդամենը երկու պատգամավորներ վրա` անկուսակցական Թևան Պողոսյանի ու նախկին ՀՅԴ­ական Ռուբիկ Հակոբյանի:

Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի` փետրվարից սկիզբ առած շարժման շարունակելիության մասին խոսելը նույնիսկ անիմաստ է, շարժումը մարել է, իսկ մարդիկ հիասթափվել են: Ընդ որում` ապատիկ տրամադրությունների հետևանքները առ այսօր նկատելի են ու վատ ազդեցություն են թողնում նախաձեռնողականություն դրսևորող այլ քաղաքական ուժերի պայքարում:

Միաժամանակ անհնար է չհամաձայնել նույն ելույթում հնչեցված այն մտքին, որ «2013-ի փետրվարին «ժողովրդի վճռական ոգին առկա էր, սակայն առկա չէր այն ամրագրելու առարկայական ոգին»: «Ծով ցանկությամբ հանդերձ` ազգովին պատրաստ չէինք»:

Իսկապես, Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրություններից հետո լավ հնարավորություն էր ստացել առաջնորդելու պայքարը` դիրքավորվելու ընդդիմադիր դաշտի բարձունքում, սակայն նա չօգտագործեց հնարավորությունը, քանզի ինչպես նա է պնդում` «կար պայքարի անհրաժեշություն ու ոգի», սակայն պարզվեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ինքը պատրաստ չէր այդ պայքարը առաջնորդելուն:

Իսկ քաղաքական այն ուժերը, որոնք մինչև նախագահական ընտրություններն էին պարտվել` չմասնակցելով երկրի կարևոր քաղաքական միջոցառմանը, հետագայում Րաֆֆու անհաջողությունների հաշվին փորձում էին քողարկել սեփական ֆիասկոն: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել