Այս տարի Եվրոպայի համար շատ կարևոր քաղաքական տարի է սպասվում: Բոլորը հիմնականում կենտրոնացած են Շոտլանդիայում այս տարվա սեպտեմբերին անցկացվելիք հանրաքվեի վրա, որի արդյունքում պարզ կդառնա՝ ստեղծվո՞ւմ է Եվրոպայում մեկ այլ պետություն` քանդելով գրեթե երեք դար տևած միությունը, թե ոչ: Ներկայիս հարցումները ցույց են տալիս, որ շոտլանդացիների շրջանում աճում է անկախացման կողմնակիցների թիվը, և մինչև հանրաքվեի անցկացումը այն կհասնի պատշաճ մակարդակի՝ դա իրականություն դարձնելու համար: Թե ինչ կլինի մինչև սեպտեմբեր, դժվար է ասել, բայց կա հավանակություն, որ շոտլանդացիք ի վերջո կընտրեն անկախացման ճանապարհը, բայց դա դեռ թողնենք մի կողմ: Այս տարի սպասվում է նաև անկախության հանրաքվեի անցկացում մեկ այլ ԵՄ երկրում` Իսպանիայում, իսկ ավելի ճիշտ, Կատալոնիայում, սակայն այս երկու դեպքերի միջև առկա են լուրջ առանցքային տարբերություններ, բայց մինչ դրանց մասին խոսելը, սկսենք մի փոքր նախաբանով:

Կատալոնիան համարվում է Իսպանիայի «ինքնավար համայնքներից» մեկը: Այլ կերպ ասած, այն ոչ ինքնավար շրջան է, ոչ էլ առավել ևս պետություն, քանի որ Իսպանիան համարվում է միատար, այլ ոչ թե դաշնային պետություն: Սակայն, դրա հետ մեկտեղ կատալոնացիք ունեն իրենց «ազգային ժողովը» և «կառավարությունը»: Մի խոսքով, չկենտրոնալով տեխնիկական հարցերի վրա, անցնենք գլխավորին: Տարիներ շարունակ կատալոնացիք փորձել են անկախանալ Իսպանիայից, բայց դրան մշտապես խոչընդոտել են կենտրոնական իշխանությունները և չի եղել համայնքի ներսում հասարակական աջակցություն այդ ծրագիրն իրականացնելու համար: Այսօր, սակայն, միանգամայն այլ պատկեր է, և ըստ մի շարք սոցհարցումների, կատալոնացիների գերակշիռ մեծամասնությունը ձգտում է անկախացման: 

Կատալոնիայի նախագահ Արթուր Մարը (The President of the Generalitat of Catalonia) նախորդ տարվա դեկտեմբերի 13-ին հայտարարեց, որ արդեն որոշվել է հանրաքվեի անցկացման օրը, և այն լինելու է 2014թ.-ի նոյեմբերի 9-ին: Տեսեք, ի տարբերություն Շոտլանդիայի, որտեղ Քեմերոնը և իր վարչակազմը խնդրանքների և տարբեր անուղղակի տնտեսական սպառնալիքների միջոցով կոչ է անում շոտլանդացիներին քվեարկել հանուն միության պահմանման, այս դեպքում Իսպանիայի կառավարությունը կտրականապես հրաժարվում է ճանաչել գալիք հանրաքվեի լեգիտիմությունը: Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը Արթուր Մարի հայտարարությունից անմիջապես հետո հայտարարել է, որ Կատալոնիայի անկախացումը քննարկման ենթակա չէ, և որ ոչ միայն չեն ընդունելու հանրաքվեի արդյունքները, այլև թույլ չեն տալու անգամ հանրաքվե անցկացվի այդ հարցի վերաբերյալ:

Եմ Հանձնաժողովը, ինչպես և Շոտլանդիայի հարցում, արդեն հայտարարել է, որ Իսպանիայից անկախանալու դեպքում, Կատալոնիան անմիջապես դուրս կգա ԵՄ-ից: ՆԱՏՕ-ն մի քիչ ավելի տակտով, բայց նույնպես հայտարարել է, որ անկախ երկիրը չի կարող ինքնաբերաբար դառնալ կազմակերպության անդամ, իսկ անդամակցության համար հարկավոր կլինի անդամ բոլոր պետությունների կոնսենսուսային համաձայնությունը: Սակայն այս ֆոնին հայտնվել են նաև մի քանի երկրներ, որոնք ողջունել են կատալոնացիների այս քայլը: 

Ալբանիան հայտարարել է, որ անմիջապես կճանաչի Կատալոնիայի անկախությունը, եթե այդ երկիրը հռչակի իրենց անկախ, իսկ, օրինակ, Լատվիան և Լիտվան կարծում են, որ ամեն երկիր պետք է ինքը իր ճանապարհն ընտրի և բոլորն էլ ունեն ինքնորոշման իրավունք: Մինչդեռ Միացյալ Նահանգներն այս հարցում պահպանում են բացարձակ չեզոքություն՝ ասելով, որ սա Իսպանիայի ներքին խնդրին է, և վստահություն հայտնել, որ Իսպանիան և Իսպանիայի ժողովուրդն այս հարցը կլուծեն իրենց սահմանադրության և օրենքների շրջանակներում: Եթե այստեղ ֆիքսվենք «սահմանադրության և օրենքների» վրա, ապա այդ դեպքում կարելի է ասել, որ ամեն դեպքում ԱՄՆ-ն հակված չէ, որ Կատալոնիան անկախանա, քանի որ Իսպանիայի սահմանադրությունն ու օրենքները չեն նախատեսում իրենց որևէ համայնքի անկախացում, բայց, համենայնդեպս, մենք չենք էլ նկատում երկրի տարածքային ամբողջականությանը վերաբերող որևէ հակափաստարկ՝ ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ էլ որևէ եվրոպական երկրի կողմից: 

Այժմ անդրադառնանք սոցհարցումներին: Տեսեք, չնայած այն բանի, որ Լոնդոնը, առնվազն պաշտոնապես, ընդունում է շոտլանդացիների իրավունքը անցկացնել հանրաքվե, Շոտլանդիայում, որպես այդպիսին, երբեք ուժեղ չեն եղել ինքնորոշման ձգտող ուժերը, քանի որ չի եղել դրա հասարակական պահանջը: 2011-ից այս կողմ, իրավիճակը կամաց-կամաց կարծես փոխվում է, բայց միևնույնն է, վերջին սոցհարցումները ցույց են տալիս, որ առայժմ անկախացման կողմնակիցները չեն կազմում Շոտլանդիայի բնակչության մեծամասնությունը, սակայն արդարության համար այստեղ պետք է նաև նշել, որ առկա է դրա բարձրացման շարունակական միտում: 

Մինչդեռ Կատալոնիայում ճիշտ հակառակն է: Չհաշված 1996թ-ին անցկացված հարցումները, որի ժամանակ անկախացմանը կողմ էր ընդամենը բնակչության 33%-ը, մինչդեռ 53%-ը դեմ էր, վերջին տարիններին անկախացման կողմնակիցների թիվն անցնում է 50%-ը: 

Դժվար է ասել, թե ինչպիսին կլինի Շոտլանդիայի և Կատալոնիայի ճակատագրերն արդեն այս տարվա վերջին, նկատի ունեմ այն ժամանակ, երբ այդ երկու հանրաքվեներն էլ ավարտված կլինեն, բայց այն, որ այս գործընթացները պետք է որոշակի ազդեցություն ունենան միջազգային քաղաքականության վրա, դա միանշանակ է: Ինչպես երևում է, Կատալոնիայի հարցը շատ արագ չի լուծվելու: Թե Շոտլանդիան և Միացյալ Թագավորությունը կարող են ունենալ որոշ տնտեսական խնդիրներ. իրարից բաժանվելու արդյունքում Կատալոնիայի դեպքում իրավիճակը մի քիչ ավելի ծանր կլինի, Իսպանիան կարող է նույնիսկ հարցը լուծել ուժային տարբերակով, քանի որ կտրականապես չի ընդունում Կատալոնիային որպես անկախ սուբյեկտ և դեռ մի բան էլ սպառնում է թույլ չտալ, որ այդ հանրաքվեն անցկացվի, իսկ թե այդ ինչպես պետք է թույլ չտա կտեսնենք այս տարվա նոյեմբերին: Ինչևէ երկու ժողովուրդներին էլ պետք է մաղթել հաջողություն և թող լինի այնպես, ինչպես իրենք կկամենան, այլ ոչ թե այնպես, ինչպես իրենց փոխարեն կկամենան այլ ժողովուրդներ, ի վերջո քաղաքակիրթ աշխարհը երաշխավորում է ժողովուրդների իրավահավասարության և ինքնորշման իրավունքը ինչքան էլ որ այդ իրավունքը լինի վիճահարույց և ոչ միանշանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել