Երեկ ամբողջ օրը Կիևի կենտրոնը վերածվել էր ռազմադաշտի: Այս ամենը սկսեց Գերագույն ռադայի նիստի ժամանակ, երբ Ռադայի նախագահը մերժեց օրակարգ մտցնել ընդդիմության առաջարկած սահմանադրական փոփոխությունների փաթեթը, որը վերադարձ էր կառավարման խորհրդարանա-նախագահական մոդելին: Բախումներն ավելի սրվեցին, երբ գիշերը «Բերկուտի» հատուկ ջոկատայինները փորձեցին գրոհել Մայդանը և արմատախիլ անել երկրում տիրող անկարգությունները: «Կռիվը» շարունակվել է ամբողջ գիշեր, որի ադյունքում տուժել են հարյուրավոր մարդիկ, զոհվել է 9 ոստիկան և շուրջ 11 ցուցարար: Ներկայումս ընդդիմությունը շարունակում է բռնության կոչերով հանդես գալ Մայդանից և փորձել համախմբել ծայրահեղականների և դժգոհների մասսան և փորձել ավարտին հասցնել այն հեղաշրջումը, որը համատեղ ծրագրավորած է Արևմուտքի հետ՝ այս «ցույցերի» ամենահիմքում: Այս բախումները, ինչպես և սպասելի էր, լայն արձագանք գտան միջազգային հանրության կողմիվ:

Այսպիսով, դեպքերին է անդրադարձել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Նա ավելի հավասարակշռված մոտեցում է ցուցաբերել` ասելով, որ շոկի մեջ է, և խորապես մտահոգված է վերջին զարգացումներով: Վերջինս կողմերին կոչ է արել կրկնապատկել իրենց ջանքերը՝ դրական միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ, որը կներառի թե՛ համաներում՝ բոլոր ձերբակալված ցուցարաների հանդեպ, թե՛ ադմինիստրատիվ շենքերի ազատում ընդդիմության կողմից: Բախումներին արձագանքել են նաև ԱՄՆ-ից և Ռուսաստանից: ԱՄՆ-ն, բնականաբար, իրավիճակի էսկալացիայի համար մեղադրել է իշխանություններին և կոչ արել գնալ երկխոսության ընդդիմության հետ` ցուցաբերելով առավելագույն զսպվածություն, իսկ Ռուսաստանը աջակցել է Յանուկովիչին, և կոչ արել ընդդիմությանը զերծ մնալ սպառնալիքներից և վերջնագրեր ներկայացնելուց, և գնալ երկխոսության կառավարության հետ: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ԱԳՆ-ն քննադատել է Արևմուտքին, որ շարունակում են սադրել ընդդիմությանը և աչք փակել ծայրահեղականների գործողությունների վրա:

Երկրի իրավիճակին է անդրադարձել նաև նախագահ Վիկտոր Յանուկովիչը, որն այս դեպքում, կարծում եմ, ամենակարևորն է՝ մասնավորապես ասելով հետևյալը. «Ընդդիմության առաջնորդները անտեսել են ժողովրդավարության հիմնական սկզբունքը: Ասեմ, որ իշխանությունը ձեռք չեն բերում փողոցներում կամ հրապարակներում, այն ձեռք են բերում ընտրական տեղամասերում: Ես նրանց բազմիցս ասել եմ, որ շուտով տեղի են ունենալու ընտրություններ, և եթե ժողովուրդը վստահի Ձեզ, ապա Դուք կգաք իշխանության, եթե ոչ` չեք գա, սակայն թե՛ մեկը, թե՛ մյուսը պետք է տեղի ունենան օրինական ճանապարհով, քանի որ սա է պահանջում Ուկրաինայի սահմանադրությունը»: «Մենք արդեն իսկ չափազանց թանկ ենք վճարել որոշ մարդկանց ամբիցիաների համար, ովքեր տենչում են գալ իշխանության, բայց որպեսզի այդ գինը չլինի ավելի թանկ, կոչ եմ անում ուշքի գալ և նստել բանակցությունների սեղանի շուրջ` փրկելու համար Ուկրաինան: Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում բոլոր այն ընդդիմադիր առաջնորդներին, ովքեր պնդում են, որ ցանկանում են իրավիճակի խաղաղ կարգավորում, անմիջապես ձերբազատվել արմատական ուժերից, ովքեր սադրում են արյունահեղություն: Այդ մարդիկ արդեն իսկ անցել են սահմանը, երբ ժողովրդին զինվելու կոչ արեցին: Դա օրենքի աղաղակող խախտում է: Այդ օրինախախտները պետք է կանգնեն դատարանի առաջ, որը կորոշի նրանց պատժաչափը»: Վերջում նախագահը նաև հավելել է, որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ պետք է գիտակցի իր պատասխանատվության մակարդակը, երբ կոչ է անում հասարակությանը զինվել և պայքարել, քանի որ դա չափազանց վտանգավոր է: Վերջինիս խոսքերով, իշխանությունները բավարար ուժեր ունեն «ցանկացածին իր տեղը ցույց տալու համար», բայց դրան չեն դիմում, քանի որ արդյունքում կարող են տուժել բազմաթիվ մարդիկ: 

Ինչպես և քիչ առաջ նշեցի, կարծում եմ, այս ամենի մեջ ամենակարևորը Յանուկովիչի հայտարարությունն էր: Մեծ հաշվով, այդքան էլ կարևոր չէ, թե ինչ է ասում միջազգային հանրությունը, ինչքան այն, որ այս հայտարարությունից պարզ է դառնում, որ Յանուկովիչն, այնուամենայնիվ, վերահսկում է իրավիճակը և ծայրահեղ դեպքում կդիմի լուրջ ուժային միջոցների: Այսօր Արևմուտքը կրկին սպառնում է, որ պատժամիջոցներ կկիրառի կառավարության հանդեպ, բայց գիտեք՝ ինչ, ես բնավ չեմ կարծում, որ պատժամիջոցներ, կարող են նպաստել խնդրի կարգավորմանը, կամ էլ եթե ավելի պարզ խոսենք, Յանուկովիչի տապալմանը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ սանկցիաները՝ լինեն դրանք նպատակային, թե համապարփակ պատժամիջոցներ (comprehensive and targeted sanctions): Փորձը ցույց է տալիս, որ իշխանությունները կամ էլ բռնապետերը, ասում եմ բռնապետեր, քանի որ սանկցիաներ հիմնականում կիրառում են ավտորիտար և տոտալիտար համակարգ ունեցող պետություների հանդեպ, նման դեպքերում ավելի են ամրապնդվում իրենց դիրքերում: Տեսեք՝ երբ մարդուն զրկում ես իր բոլոր ֆինանսներից դրսում, և քիչ է մնում դարձնես նրան միջազգային հանցագործ, ապա նա ավելի է ամրապնդվում իր դիրքերում` կեղեքելով ժողովրդին իր բոլոր վնասների համար: Վառ օրինակներից մեկը Զիմբաբվեի ներկա բռնապետ Ռոբերտ Մուգաբին է, ում անձի և կառավարության հանդեպ 2000թ.-ից ի վեր կիրառվում են միջազգային սանկցիաներ: Ի՞նչ է դա տվել Զիմբաբվեի ժողովրդին: Ոչի՛նչ: 

Վերադառնալով Ուկրաինայում տիրող իրավիճակին՝ պետք է ասեմ, որ չեմ ուզում Ուկրաինան համեմատել աֆրիկյան հետամնաց երկրի հետ, բայց կարծում եմ, որ մեխանիզմը նման է: Եթե Արևուտքը փորձի կամուրջներն այրել Յանուկովիչի հետ, ապա վերջինս այլևս կորցնելու բան չի ունենա, և նրան այլ ելք չի մնա, քան լուծել այս խնդիրը ուժային ճանապարհով և դառնալ հերթական Լուկաշենկոն՝ Ռուսաստանի ամենալայն աջակցության ֆոնի ներքո: Բայց նույնիսկ եթե այդքան հեռուն էլ չգնանք, և Արևմուտքը չդիմի չափազանց բացահայտ ագրեսիվ քայլերի, միևնույնն է, կարծում եմ, որ հանուն երկրի կայունության և տարածքային ամբողջականության Յանուկովիչն ամեն դեպքում կդիմի խնդրի կարգավորման ուժային տարբերակի, եթե իրավիճակը սկսի դուրս գալ իր վերահսկողությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել