Այսօր այնպիսի տպավորություն է, որ Սիրիական ճգնաժամից զատ, միջազգային հանրությունը ուրիշ ոչ մի լուծելու հարց չունի: Աշխարհում այնքան խնդիրներ կան, որոնք հրատապ լուծման կարիք ունեն, որոնք արժանի են առնվազն Սիրիական հակամարտությանը նվիրված ուշադրությանը, որ ասելու չէ: Ո՞վ է այսօր խոսում Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում տիրող հումանիտար աղետի և մասսայական բռնությունների մասին, ո՞վ է փորձում ինչ-որ միջազգային համաժողով կազմակերպել և փորձել հաշտեցնել այդ երկրում ապրող մահմեդական և քրիստոնյա համայքներին: Վստահ եմ, որ բազմաթիվ մարդիկ աշխարհում անգամ չգիտեն էլ, թե աշխարհի քաղաքական քարտեզի վրա որտեղ է գտնվում այս երկիրը, բայց փաստը մնում է փաստ, որ այդ երկրում մարդիկ պակաս արժեքավոր չեն, քան Սիրիայում կամ էլ աշխարհում մեկ այլ տեղ ապրող մարդիկ: 

Շատ չխորանալով այս երկրում տիրող քաոսի ամբողջ ժամանակագրության մեջ` կնշեմ միայն, որ 2012 թվականից ի վեր մահմեդականների և քրիտոնյաների միջև այնտեղ տեղի են ունենում լրջագույն բախումեր: Իշխանությունն անցնում է ձեռքից ձեռք, և այդ ընթացքում տուժում են հասարակ քաղաքացիներ՝ երկու հիմնական համայնքներից: Մահմեդականներն անհամեմատետ ավելի քիչ թիվ են կազմում՝ շուրջ 15%, մինչդեռ քրիստոնեական համայնքը կազմում է երկրի բնակչության շուրջ 80%-ը: Երկրի բնակչությունը, ի դեպ, ընդհանուր առմամբ կազմում է 4,5 միլիոն: Սակայն հարկ է նշել, որ բախումների ծավալներն անհամեմատ աճեցին այս տարվա հունվարի 10-ից հետո, երբ հրաժարականի դիմում ներկայացրեց երկրի առաջին մահմեդական նախագահ Միշել Ջոտոդիան և պարզապես փախավ սեփական երկրից: Դրանից հետո մահմեդական բնակչությունը սկսեց իր մաշկի վրա զգալ քրիստոնյաների վրեժը, որոնք իրենց հերթին ենթարկվում էին մեծ ճնշումների՝ Ջոտոդիայի իշխանության գալուց ի վեր: 

Այս իրավիճակում Աֆրիկյան միության և ֆրանսիական շուրջ 6500-հոգիանոց զորախումբը գտնվում է այդ երկրում, որն, իբր, պետք է կայունացնի իրավիճակը: Մինչդեռ վերջին 2 ամսվա ընթացքում ավելի քան 65.000 մարդ գումարվել է երկիրը լքած բազմահազարանոց փախստականերին, որոնք մեծամասամբ գնացել են Չադ: Ամեն օր տարբեր միջազգային և հասարակական կազմակերպություններ հաղորդում են նոր բռնությունների մասին: Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում միջազգային խաղաղապահ զորքերին չի հաջողվում կանխել ներկայումս տեղի ունեցող մահմեդականների հանդեպ էթնիկ զտումը: Երկրում այսօր հասունացել է իսկական հումանտիր աղետ. 1.25 միլիոն մարդ սննդի կարիք ունի, իսկ Պարենի համաշխարհային կազմակերպությունը կարողանում է կերակրել շուրջ 150.000-ին` հարևան Կամերունից գնելով բավական թանկ սնունդ, քանի որ մյուս ուղղություններով ճանապարհները վտանգավոր են և ենթարկվում են թալանի: Ըստ ֆրանսիական զորքերի հրամանատարության՝ վիճակը երկրում, սակայն, գնալով կայունանում է, բայց այս մոտեցմանը վերջերս հակադարձել է Human Rights Watch-ի արտակարգ իրավիճակների տնօրեն Փիթեր Բուկարտը (Peter Bouckaert), ով ասել է մասնավորապես հետևյալը. «Ֆրանսիացիք պնդում են, որ իրավիճակը կայունանում է, բայց պետք է ընդունել, որ իրավիճակը կայունանում է այնտեղ, որտեղ ոչ մի մահմեդական չի մնացել»: 

Ահա թե ինչ է իրականում կատարվում Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում: Իրականում այստեղ մեղադրել ինչ-որ կոնկրետ համայնքի, և ասել, որ այդ մարդիկ վատն են, և համարել հարցը փակված, սխալ է: Այսօր հարձակման են անցել քրիտոնյաները, իսկ երեկ հարձակվողի դերում մահմեդականներն էին: Կարծում եմ՝ սա պարզապես ձախողված պետության (failed state) դասական օրինակ է, որը չի կարողանում համակարգել երկրի բնականոն գործունեությունը և պահպանել ներքին ներդաշնակությունը տարբեր էթնիկ, կրոնական համայնքների միջև: Միևնույն ժամանակ, այստեղ մեղավոր կարելի է համարել միջազգային հանրությանը, որն իր երեսպաշտական, կրկնակի ստանդարտներով միախառնված քաղաքականությամբ անտեսում է մի ամբողջ ժողովրդի տառապանքը` խոսելով ժողովրդավարության, քաղաքակրթության և նմանատիպ այլ երևույթների մասին:

Հ.Գ. Ի դեպ, Չադի մեծահոգությունը՝ ընդունել բազմահազարանոց, հավատակից փախստականների կարող է շատ թանկ նստել սեփական երկրում սոցիալ-տնտեսական վիճակի վրա: Ի վերջո, Չադը համարվում է ամենաաղքատ երկրներից մեկն աշխարհում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել