Մանիպուլիացիոն տեխնոլոգիաները ամբողջ աշխարհում քաղաքական կյանքի անբաժանելի մասն են կազմում: Զարգացած երկրներում այդ տեխնոլոգիաների կիրառման կուտակված փորձ և հմտություն կա: Այս թեմայով իմ հրապարակումները հիմնականում վերաբերվում են հայկական իրականությանը, սակայն համաշխարհային պրակտիկան այդ առումով ավելի հետաքրքիր է: Այդ շարքից ձեր ուշադրությանն եմ ներկայացնում «արքայադուստր» Դիանայի մահը և դրան հաջորդող դեպքերն ու մեկնաբանությունները: 
Նախ այն մասին, ինչ հայտնի է բոլորին.
«Արքայադուստր» Դիանան արաբ մեծահարուստ Դոդի Ալ Ֆայեդի հետ ենթարկվեց ավտովթարի, որի արդյունքում երկուսն էլ մահացան: Ամբողջ աշխարհը շոկի մեջ էր: Աշխարհի խոշորագույն լրատվական ծառայությունները գուժեցին ամենաբարի‘ արքայադստեր մահը: Բոլորը հիշում էին Դիանային որպես բարեգործ ու մարդասեր: Աշխարհի տարբեր երկրներում Դիանային միանգամայն անծանոթ մարդիկ լալիս էին և իրենց որբացած էին զգում: Դիանայի հուղարկավորության ժամանակ արքայական ընտանիքի դեմքին մի տեսակ մեղավորության արտահայտություն էր դաջված: Ընտանիքը կարծես մինչև վերջ չհասկացավ Դիանային: Անգլիական սառնությունը սպանեց այդ ջերմ էակին և թագավորական ընտանիքի յուրաքանչյուր անդամ մեղավորության իր բաժինն ուներ այդ կիսատ մնացած կյանքի նկատմամբ: Լրատվամիջոցները Դիանայի բարեգործությունները հիշելուն զուգահեռ անցկացնում էին հետաքննություններ, նրա մահվան իրական պատճառը պարզելու նպատակով: Պաշտոնական վարկածը` դժբախտ պատահար, արժանացավ քմծիծաղների: Իհարկե Դիանան այն ֆիգուրը չէր, որպեսզի նրա հետ տեղի ունենային նման պատահականություններ: Շրջանառվում էին տարբեր վարկածներ պապարացիի հետապնդումից մինչև հատուկ ծառայությունների կողմից կազմակերպված սպանություն… Ներկայացվող բազմաթիվ վարկածներից մի քանիսը բավական ճշմարտանման էին, սակայն ի վերջո որպես պաշտոնական վարկած ներկայացվեց դժբախտ պատահարի վարկածը, որին հանրությունը մինչ այժմ թերահավատությամբ է վերաբերվում:
Այս պատմությանը առավել հուզականություն հաղորդեց Էլթոն Ջոնը, որը Դիանային նվիրված candle in the wind երգով բառիս բուն իմաստով արցունքների հեղեղ քամեց ամբողջ աշխարհից:
Կարծես թե ոչինչ չմոռացանք, գոնե ամենակարևոր իրադարձություններից: 
Ես առաջարկում եմ “Արքայադուստր” Դիանայի մահը վերլուծել այլ տեսանկյունից, առանց որևէ կողմնակի “օգնության” սեփական բանականությամբ և ամենակարևորը հենվելով միայն փաստերի վրա: 
Իսկ հիմա ուշադրություն`
Փաստ 1-ին` ուշադիր ընթերցողն արդեն երևի նկատել է, որ արքայադուստր բառը Դիանայի անունից առաջ ամեն տեղ չակերտների մեջ է վերցված: Բանը նրանում է, որ Դիանան արքայադուստր չէր և երբեք արքայադուստր չի եղել:
Փաստ 2-րդ` Դիանան երկու զավակների մայր էր, բայց դա նրան չէր խանգարում զվարճանալ սիրեկանների հետ:
Փաստ 3-րդ` սիրեկանը, որի գրկում մահացավ թագաժառանգների մայրը այլ ազգության ներկայացուցիչ էր: 
Փաստ 4-րդ` սիրեկանը, որի գրկում մահացավ թագաժառանգների մայրը այլ կրոնի ներկայացուցիչ էր: 
Փաստ 5-րդ` Մեքենան, որով ընթանում էր սիրահար զույգը մի քանի անգամ գերազանցել է թույլատրված արագության սահմանը, որ հետևանքով վարորդը կորցրել է կառավարումը և տեղի է ունեցել ճակատագրական վթարը:
Փաստ 6-րդ` Վարորդը առանց Դոդի Ալ Ֆայեդի հրահանգի չէր կարող մեքենան կրիտիկական արագությամբ վարել: Ստացվում է Եղել է հստակ հրահանգ, կամ գոնե թույլտվություն մեքենան խելահեղ արագությամբ վարելու համար:
ԵՎ այսպես ինչ է ստացվում? Դիանան` (որն ինչպես պարզեցինք արքայադուստր չէր) Մեծ Բրիտանիայի թագաժառանգների մայրը, հերթական սիրեկանի հետ, որը այլ կրոնի և ազգի ներկայացուցիչ էր, (պահպանողական բրիտանացիների համար, ովքեր հսկայական գումարներ են հատկացնում արքայական ընտանքի շքեղաշուք կյանքը ապահովելու համար, որպեսզի ստանան ընտանեկան արժեքների ամենավառ օրինակը` այս հանգամանքը չափազանց էական է) քարշ էր գալիս Փարիզով մեկ (չճշտված տեղեկություններով Դիանան հարբած էր) էքստրեմալ արագությամբ սուրացող թանկարժեք մեքենայի մեջ: Մեքենան բախվում է ճանապարհի սյանը և նա մահանում է իր սիրեկանի հետ միասին: Եթե Դիանան հասարակ կին լիներ, ապա հասարակությունը նրան հետմահու անբարոյականի պիտակ կկպցներ: Բոլոր չափանիշներով նա համապատասխանում է այդ պիտակին, սակայն Դիանայի տարբերակն ուրիշ էր: Նրա փոխարեն որոշում կայացրեց արքայական ընտանիքը:
Փաստ 7-րդ` աշխարհի ամենահզոր լրատվական գործակալությունները BBC, Reuters, Associated Press իրենց լրատվական ցանցերով գտնվում են Բրիտանական արքայական ընտանիքի անմիջական ազդեցության տակ: Սրանք այն լրատվական գործակալություններն են, որոնք ամբողջ մոլորակում ստեղծում են տեղեկատվական կլիման: Այս լրատվական գործակալություններն ամենահզորներն են և գրասենյակներ ունեն աշխարհով մեկ, սակայն երեքի գլխավոր գրասենյակներն էլ գտնվում են Լոնդոնի Սիթի թաղամասում: Հենց այս լրատվական գործակալությունների միջոցով էր իրականացվում Դիանայի մահվան հանգամանքների, հուղարկավորության հետագայում արդեն նրա կյանքի սուրբ մանրամասների լուսաբանումը: 
Փաստ 8-րդ` Դիանան բարեգործական գործունեություն համարյա չի ծավալել: Այսինքն նրա ծավալած բարեգործական գործունեությունը սահմանափակվել է ՁԻԱՀ-ով հիվանդների ֆոնդում աշխատանքով: Գոյություն ունի արարողակարգային բարեգործություն, երբ առաջին տիկինները անկախ նրանից բարի են թե ոչ, պետք է զբաղվեն բարեգործությամբ: ՀՀ առաջին տիկիններից ցանկացածը 10 անգամ ավելի ծանրաբեռնված գրաֆիկով է ներգրավված արարողակարգային բարեգործության մեջ, սակայն ոչ մեկի մտքով երբեք չի անցել նրանց անվանել սուրբ կամ մարդկանց սրտերի տիրուհի: Մահից շատ քիչ առաջ Դիանան ձեռնամուխ է եղել հետևակային ականների դեմ պայքարին, սակայն որևէ առարկայական գործողություն նա չի կատարել այդ ուղղությամբ: Թերահավատները կարող են մտնել Դիանայի պաշտոնական հուշակայքը և համոզվել: http://www.princess-diana.com/
Փաստ 9-րդ` Էլթոն Ջոնը համարվում է Բրիտանական արքայական ընտանիքին հարազատ ու նվիրված մարդ: Ելիզավետա 2-րդը նրան նույնիսկ ասպետի կոչում շնորհեց: Ի դեպ այս հանգամանքը ոչ միանշանակ ընդունվեց բրիտանական ազնվականության կողմից, որովհետև Էլթոն Ջոնը պաշտոնապես առաջին բացահայտ միասեռական ասպետն էր ողջ պատմության ընթացքում, սակայն դա թագուհուն այնքան էլ չէր հուզում, որովհետև նա իրոք կապված էր Էլթոնի հետ և նրան ընդունում էր ընտանիքի անդամի պես:
Ինչու են մոլորեցնում հասարակությանը?
Դիանայի վարկաբեկումը անմիջականորեն կարող էր հասարակության շրջանում կասկածներ առաջացնել թագաժառանգների ծագման վերաբերյալ: Եթե նույնիսկ ծագման հետ ամեն ինչ հարթվեր, ճշմարիտ գնահատականը հավերժ խարան կլիներ Մեծ Բրիտանիայի ապագա թագավորի ճակատին: Բրիտանական Արքունիքում հասկանում էին, որ արքայական ընտանիքի առանձին անդամների օրգիաները վաղ թե ուշ կհանգեցնեին թեկուզ ձևական միապետության առանց այն էլ արդեն խարխուլ գաղափարի վարկաբեկմանը: Եղածը եղած է` Դիանային արդեն հետ չես բերի, սակայն կարելի գոնե ցանկալի լույսի տակ ներկայացնել այդ ամենը: Առանց այդ էլ բրիտանիայում ակտիվացել են մարդիկ, ովքեր գտնում են անիմաստ է տարեկան տարբեր հաշվարկներով 7-10 միլիարդ ֆունտ հարկատուներից հատկացնել առանձին վերցրած ընտանիքի արքայական հաճույքների համար:
Ի դեպ Դիանան` կոմս Սպենսերի դուստրը, Կարլ 2-րդ թագավորի ապօրինի զավակի ժառանգն է համարվում, ուստի երբ նա դեռ նորահարս էր թագավորական ընտանիքը ճիգ ու ջանք չխնայեց այդ անբարենպաստ ժառանգությունից ազատվելու նպատակով Դիանայի անվանը արքայադուստր բառը կպցնել, իսկ արդեն մահից հետո, երբ Դիանան անվանարկված էր և մահացել էր արքայադստերը անհարիր պարագաներում, շրջանառության մեջ դրվեց փաղաքշական, բայց անհամեմատ ավելի հասարակ մականուն` Լեդի Դի:
Միթե Մեծ Բրիտանիայում չկար մի լրագրող, որը կիրականացներ փաստերի այս համադրումը և կհրապարակեր այն? Իհարկե կան բազմաթիվ անկախ և հազար անգամ պրոֆեսիոնալ ու տեղեկացված լրագրողներ, սակայն այդ լրագրողներին հնարավոր հետաքննությունները կանխելու նպատակով Դիանայի մահից հետո անմիջապես շրջանառության մեջ դրվեց, այն միտքը, որ իբր Դիանային հետապնդել է աներես մի լրագրող, այդ պատճառով նրանց մեքենան վթարի է ենթարկվել: Իհարկե ծիծաղելի կլիներ պատկերացնել արաբ միլիարդատիրոջը գլխապատառ փախչելիս, այն էլ լրագրողից:
Պապարացիի վարկածը դամոկլյան սրի պես կախվեց բոլոր այն լրագրողների գլխի վրա, ովքեր կփորձեին ճշմարիտ լուսաբանել տեղի ունեցածը: Բոլոր եվրոպական լրագրողները բարոյական կախվածության մեջ ընկան այդ վարկածից և Դիանայի մասին ցանկացած ոչ դրական` չփառաբանող նյութ գրող լրագրող համարվելու էր այդ ենթադրյալ մարդասպան-լրագրողի մեղսակիցը:
Ն. Մալյան 2008թ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել