Թե ինչու չի կարելի գազային համաձայնագիրը համարել լավ ձեռքբերում, բավական է հարցին մոտենալ քաղաքագիտության տեսության շատ կարևոր ասպեկտով, որը քաղաքական որոշումների կայացման համար սահմանում է քառաստիճան պարզ, բայց անչափ կարևոր կառուցվածք: Եվ այսպես, քաղաքական որոշումների կայացումը ներառում է հետևյալ փուլերը.
1. Խնդրի ձևակերպում
2 Հնարավոր այլընտրանքների մշակում
3. Այլընտրանքների համեմատական վերուծություն
4. Բուն որոշման ընդունում
Սա այն պարզագույն դասական սխեման է, որը պարտադիր է ցանկացած քաղաքական որոշման ընդունման պարագայում: Հայաստանում գազի համաձայնագրի և ՄՄ-ին միանալու մասին որոշումների ընդունման ժամանակ կիրառվել է միանգամից 4-րդ՝ վերջին կետը, որը, բնականաբար, չէր կարող հաշվի առնել մեր ազգային շահերի և ազգային անվտանգության շատ կարևոր տարրեր: ՄՄ-ին միանալու որոշումը կայացվեց այնքան հապճեպ, որ նույնիսկ Մոսկվայից լսվեցին անթաքույց զարմանքի արձագանքներ: Հայաստանը պարտավորվել է երկարաժամկետ կտրվածքով միայն Ռուսաստանից գազ ներկրել, ընդ որում՝ առանց տրանզիտային իրավունքի: Սա Էներգետիկ անվտանգության խնդիր է, որն իրենից ներկայացնում է կենսական կարևորության շահ, և այդ շահի իրացման հնարավորությունը վտանգվում է, երբ դա արվում է մեկ երկրի նկատմամբ ինքնապարտավորեցմամբ: Եվ իրոք, ինչպե՞ս կարող է կենսական կարևորություն ունեցող շահերին առնչվող որոշումների ընդունման ժամանակ չմշակվեն այլընտրանքներ և կատարվեն դրանց համեմատություն ու վերլուծություն: Այսպիսի որոշումները սովորաբար լինում են ոչ թե բանակցությունների (negotiation), այլ, լավագույն դեպքում, սակարկությունների (bargaining) արդյունք, որն իբրև գերազանց ձեռքբերում ներկայացնելը խոսում է մեզանում բանակցության՝ որպես քաղաքական-մշակութային արժեհամակարգի թերության մասին: Էներգետիկ և տնտեսական անվտանգությունները քաղաքական արժեք են, իսկ արժեքների շուրջ չեն բանակցում, հետևաբար՝ այստեղ մենք ավելի շատ գործ ունենք սակարկության, քան բանակցության մշակույթի հետ: Քաղաքական փորձը, սակայն, ցույց է տվել, որ եթե քաղաքական որոշումների կայացման գործընթացը չի եփվել 2-րդ և 3-րդ փուլերով, ապա այն հանգեցրել է սոցիալական, քաղաքական, տնտեսական կամ ինստիտուցիոնալ ճգնաժամի: Այսպիսի ընթացակարգը չի կիրառվում միայն այն դեպքում, եթե մենք ունենք ճգնաժամային իրավիճակ: Մնացած բոլոր դեպքերում իշխանությունը պարզապես չի տիրապետում որոշումների կայացման մեխանիզմներին: Հետևաբար, կամ Հայաստանում առկա է ինստիտուցիոնալ ճգնաժամ, որը թույլ չի տալիս կայացնել օպտիմալ որոշումներ, կամ էլ որոշում կայացնողները չեն տիրապետում այդ մեխանիզմներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել