Ինչու՞ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները՝ որպես անմիջականորեն գործող իրավունք, պետության կողմից երաշխավորված չեն։ 
Ախր երաշխավորված են, ուղղակի այժմյան իշխանությունները չեն կարողանում դա ապահովել ու իրականացնել։ Որն այն տարրական բանն է, որ պարտավոր են անել։ Դա ոնց որ մաթեմատիկայի մեջ «մեկին գումարած մեկ»-ը լինի։ 

Սրանից բխում է քաղաքական ճգնաժամը, որը հանգեցնում է հայկական իրականության մնացյալ հիմնախնդիրներին։ Սա այն հիմնապատճառն է, որի հետևանքով Հայաստանում արտագաղթի մակարդակը բարձր է, իսկ արտագաղթելու ցանկություն ունեցողների մակարդակը շատ-շատ բարձր։ Դրա հետևանքով բիզնես վարելու հնարավորությունները՝ մրցակցություն, պաշտպանվածություն և մեկնարկային հավասար պայմաններ, զրոյական են։ 
Ի դեպ արտագաղթի բարձր մակարդակի և բիզնես վարելու հնարավորությունների միջև գոյություն ունի փոխլրացնող կամ փոխազդող կապ։

Ինչու՞ են գնում այլ պետություն։ 
Առաջին հերթին այն բանի համար, որ իրենց իրավունքներն ու ազատությունները պաշտպանված են մենկած այլ պետությունում։ Երկրորդ հերթին սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով՝ կամ գումար են աշխատում, թեկուզ վատ միջավայրում և վերադառնում, կամ լավ միջավայրում են աշխատում՝ փորձելով չվերադառնալ։ Երրորդ հերթին չեն տեսնում հեռանկար, որ կփոխվի առաջինն ու երկրորդը։

Ինչու՞ չեն զբաղվում բիզնեսով, ավելի ճիշտ ինչու՞ չեն կարողանում զբաղվել։ 
Քանի որ մեկնարկային պայմանները հավասար չեն՝ սկսած, օրինակ, ֆինանսական միջոցներ ձեռք բերելուց համապատասխան հաստատություններից, ձեռք բերվածի համար վճարվելիք տոկոսադրույքներից, ժամկետներից և ավարտած դրանց վերաբերյալ տեղեկատվություն ստանալուց։ Երկրորդ՝ պաշտպանվածության բացակայությունից, որը ենթադրում է անձնական տեղեկատվության պաշտպանվածությունից մինչև ֆիզիկական պաշտպանվածություն։ Երրորդ՝ մրցակցության բացակայություն։ Սա նշանակում է, որ մրցակցությունը գոյություն ունի ինչ-որ եկամտաբերության շեմ ունեցող բիզնեսների համար, որն անցնելուց հետո բիզնես միջավայրը բաժան-բաժան է արված՝ լավագույն դեպքում տնտեսվարող սույբեկտների, իսկ առհասարակ իշխանական ներկայացուցիչների միջև՝ բարեկամ, հարազատ կամ այլ ձևերով։

Ինչու՞ չի շտկում ներկայիս իշխանությունն այդ ամենաթողությունը։ 
Քանի որ մարդկանց և քաղաքացիների իրավունքների ու հիմնարար ազատությունների իրացման արդյունքում նրանք կկորցնեն իշխանությունը՝ դրանից առաջ կորցնելով վերահսկողությունը ճնշումների բացակայության հետևանքով և փողը՝ թալանի բացակայության հետևանքով։

Հ.Գ. Իսկ ո՞վ, եթե ոչ մարդիկ ու քաղաքացիները չշտկեն այդ ամենաթողությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել