ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի թվիթերյան վերջին գրառումը լուրջ անհանգստություն է առաջացրել ադրբեջանական քաղաքական վերնախավում:

Վերջինս կոչ է արել վերականգնել Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հակամարտությունները կարգավորելու լիարժեք բանակցությունները. «Հունաստանի և Թուրքիայի կիպրոսցիները հայտարարել են, որ անցել են լիարժեք կարգավորման բանակցությունների: Իսկ ինչո՞ւ հենց նույնը չի կարող լինել Լեռնային Ղարաբաղի դեպքում»:

Ամերիկացի դիվանագետի գրառմանը բավականին օպերատիվ արձագանքեց ԼՂՀ ԱԳՆ-ն` նշելով, թե «Մենք համաձայն ենք Ջեյմս Ուորլիքի հետ, որ ժամանակն է վերականգնել Ղարաբաղի մասնակցությամբ լիարժեք բանակցությունները»:

Հասկանալի է, որ նման գրառումը անտարբեր չէր կարող թողնել պաշտոնական Բաքվին, քանզի արցախյան կողմի՝ բանակցություններին ուղղակիորեն ներգրավվելու հարցը մշտապես հունից հանում է Ադրբեջանին: Սակայն մյուս տեսանկյունից, համանախագահներն առաջին անգամ չէ, որ Արցախի` բանակցություններին ներգրավվելու վերաբերյալ մեկնաբանություններ են հնչեցնում:

Դեռևս 2013 թվականի դեկտեմբերի 18-ին, տարածաշրջանային այցով Ստեփանակերտում գտնվող ռուս համանախագահ Իգոր Պոպովը նշել էր, թե բանակցությունների որոշակի փուլում Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային գործընթաց:

Ինչևէ, Ուորլիքի գրառմանը արձագանքելու առաքելությունն իրենց վրա վերցրեցի Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժնի ղեկավարն ու ԱԳՆ մամուլի խոսնակը:

Նախ, ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլլաևը հայտարարեց, թե իրենք որպես բանակցությունների ամբողջական ֆորմատ դիտում են հանդիպումներ Հայաստան-Ադրբեջան ձևաչափով:

Ապա թեմային անդրադարձավ նաև Ադրբեջանի նախագահի աշխատակազմի առանցքային պաշտոնյաներից` Էլնուր Ասլանովը, ով նշեց, թե Ուորլիքի որոշ ոչ ամբողջական ձևակերպումները, որոնք լրացուցիչ պարզաբանման կարքի ունեն, ապակողմնորոշում են հասարակական կարծիքը:

Ադրբեջանցի երկու պաշտոնյաներն էլ իրենց մեկնաբանություններում պնդում են, որ բանակցությունների Հայաստան-Ադրբեջան ֆորմատը ամբողջական է:

Ավելի ուշ, հայտարարություններով հանդես եկավ նաև ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ով նշեց, որ «բանակցությունները պետք է ընթանան Հայաստան-Արցախ-Ադրբեջան` Բուդապեշտի գագաթնաժողովում ընդունված ձևաչափով, հակառակ դեպքում պետք չէ գործընթացում լուրջ արդյունք ակնկալել»:

«Որքան շուտ Արցախը ներգրավվի բանակցություններում, այնքան լավ բոլոր կողմերի համար: Այս տեսանկյունից, ամերիկացի համանախագահի հայտարարությունը շատ կարևոր մեսիջ էր»,- իր մեկնաբանությունում նշում էր Բաբայանը:

Անկասկած ամերիկացի փորձառու դիվանագետը պատահական չէր իր մեկնաբանությունը նման նուրբ ու առաջին հայացքից ոչ ամբողջական թվացող ձևակերպումներով ներկայացրել:

Մի կողմից, միջնորդները գիտակցում են Արցախի` բանակցություններում լիարժեք ներգրավվելու անհրաժեշտության կարևորությունը, մյուս կողմից, գիտեն, որ այս պահին նման հարցի օրակարգ բարձրացնելը Ադրբեջանին կարող է գործընթացի տրամաբանությանը հակասող հունի մեջ դնել:

Ի վերջո, կիպրական և ղարաբաղյան խնդիրները միմյանցից էականորեն տարբերվում են, մանավանդ, որ կիպրական հարցում խոսք է գնում Կիպրոսի հունական և թուրքական համայնքների բանակցությունների մասին, ինչը ԼՂ հիմնախնդրի դեպքում նույնիսկ քննարկան ենթակա չէ: Ավելին, այդ հարցի արհեստական արծածմամբ, Ադրբեջանը խնդիր է հետապնդում վիժեցնել Արցախի` բանակցային սեղան վերադառնալու հարցը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել