Որ ՀՀԿ-ական նախկին երիտասարդ նախարար Արմեն Աշոտյանն ու նրան այդ հարցում չզիջող պատգամավոր Կարեն Ավագյանը վաղուց են կորցրել ադեկվատությունը, դա գաղտնիք չէր, դրանում համոզվելու համար բավական է երբեմն ընդամենը կարդալ նրանց որոշ գրառումներ, բայց որ կրթության և գիտության նախարարը կարող է չընկալել ԲՀԿ համագումարի ու ելույթների էությունն ու իմաստը, ընդ որում երբ ամեն ինչ ասվել է շատ պարզ ու հստակ, դա թերևս անդրադառնում է մեր կրթության մակարդակի վրա։ Արմեն Աշոտյանը խոսում է ամուր ատամներից, մոռանալով, որ ամենաամուր ատամնաշարն էլ ուժեղ հարվածի դեպքում փշրվում է։ Նա խոսում է Հայաստանի քաղաքական ռելիեֆից՝ իրենց վերագրելով լեռների դերը, մինչդեռ լեռնցիներին հատուկ չէ անսահման ցինիզմը, ետնամուտքով փախչելը, մարդկանցից խուսափելն ու նրանց կեղեքելը։ Նրանց ավելի հատուկ է կանիբալիզմը, իրար միս ուտելը, չնայած նույնիսկ բոլորին հայտնի ու կրթության հետ երբևէ առնչություն չունեցող Ուրբաթը հասկանում էր՝ «Չուտել մարդու միս»։ Աշոտյանը խոսում է հին հույներից ու արձանների սխալ ճարտարապետությունից, մինչդեռ առանց հույներին հղում անելու էլ բոլորին հայտնի է, որ ամուր ոտքեր ունենալը դեռևս չի նշանակում առողջ ուղեղ ունենալ, ամուր ոտքեր ունենալը դեռ չի նշանակում, որ հողը ոտքերի տակ ամուր է... 
Իսկ Կարեն Ավագյանին հարկավոր է անհապաղ շնորհել գրան-պրի համաշխարհային ցինիզմի ու մառազմի ասպարեզում, ով ԲՀԿ համագումարը համարում է «փուչիկ», մինչդեռ իր օգտագործած եզրույթը անմիջական և ուղղակի կապ ունի իր անվան հետ, դեռ մի բան էլ ափռցփռությամբ խոսում է ափռցփռությունից, հայրենիքը մաս-մաս վաճառելուն կողմ քվեարկելով՝ խոսում են հայրենասիրությունից, ժողովրդին հացից զրկելով՝ խոսում են բարեփոխումներից ու զարգացած տնտեսությունից... 
Մեր ժողովուրդը բավական բարի ու ներողամիտ է, բայց կան անհատներ, ովքեր այդպես էլ համարձակություն չունեցան գիտակցելու, որ իրենց պաշտոնները հավերժ չեն. իրենց չեն ներելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել