Կալանավորը 15 օր է հացադուլ է անում․ նրա առողջական խնդիրները չեն լուծումEpress.am-ը գրում է.

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող Տավրոս Ոսկանյանըհունվարի 31-ից հացադուլ է հայտարարել։ Հացադուլի պատճառը Ոսկանյանի առողջական խնդիրներն են, մասնավորապես, ստամոքսում առկա օտար մարմինների պատճառով նա ունենում է սուր ցավեր, չի կարողանում նորմալ սնվել, սակայն պատշաճ բուժում չի ստանում: Այս մասին Еpress.am-ի հետ զրույցում պատմել է Ոսկանյանի պաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Գայանե Խաչատրյանը։

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժանձնակազմն իր հնարավորության սահմաններում բուժում է իրականացրել, սակայն դա որևէ արդյունք չի տվել։

«Ոսկանյանը ստացիոնար բուժման և վիրահատության կարիք ունի, որը հնարավոր է միայն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում», – նշել է փաստաբանը։

Ոսկանյանի բուժումը պատշաճ իրականացնելու միջնորդությամբ Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը դեռևս 2013 թվականի նոյեմբերին դիմել էր ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչություն, որտեղից նրան պատասխանել էին․ «Հաշվի առնելով բնական ճանապարհով օտար մարմինների օրգանիզմից դուրս գալու հավանականությունը կալանավոր՝ Տավրոս Ոսկանյանի նկատմամբ սահմանված է ամենօրյա դինամիկ հսկողություն: Բնական ճանապարհով օտար մարմինների չհեռանալու կամ սուր վիրաբուժական պաթալոգիայի դեպքում կկատարվի վիրահատական միջամտություն»:

Հելսիկյան ասոցիացիան ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկի պատասխանից հետո դիմել է նաև ՀՀ արդարադատության նախարարին, որը, Խաչատրյանի խոսքով, չի բարեհաճել պատասխանել կազմակերպության միջնորդությանը:

«Արդեն տասնհինգերորդ օրն է՝ Ոսկանյանը հացադուլի մեջ է, սակայն նրան չեն տեղափոխել խցից, ինչպես նաև ոչ մի միջոց չի ձեռնարկվում առողջական խնդիրները լուծելու ուղղությամբ: Վերջինս չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, ավելին՝ եթե որևէ քայլեր չձեռնարկվեն, կարելու է բերանը», – եզրափակել է փաստաբանը։

Տավրոս Ոսկանյանը մեղադրվում է գողության մեջ։ Ավելի վաղ Еpress.am-ի հետ նրա կինը՝ Արմինե Պողոսյանը, պատմել էր, որ իր նկատմամբ ճնշում են գործադրել ոստիկանության բաժնում՝ պահանջելով, որպեսզի ինքը համոզի ամուսնուն խոստովանական ցուցմունք գրել։

Կինն այդ ժամանակ հղի է եղել, և ամուսինը ստիպված է եղել կատարել ոստիկանների պահանջը, որից հետո կնոջը տուն են թողել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել