Մինչ ամբողջ աշխարհը անհամբեր սպասում է Իրանի և Արևմուտքի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում վերջնական արդյունքի, ԱՄՆ կոնգրեսականները մտահոգություն են հայտնում 6-ամսյա նախնական համաձայնության վերաբերյալ, որը ձեռք բերվեց նախորդ տարի նոյեմբերին և վերջնականապես մեկնարկեց այս տարվա հունվարին: Բանն այն է, որ մի շարք քաղաքական գործիչներ, միջազգային կազմակերպություններ, ինչպես նաև հիմնադրամներ կանխատեսում են, որ սանկցիաների մասնակի չեզոքացումը կարող է լրջորեն նպաստել իրանական տնտեսության վերականգմանը, իսկ նման միտումը կարող է լրջորեն անդրադառնալ բանակցությունների ընթացքի և դրանից բխող արդյունքների վրա: Այլ կերպ ասած, կա մտահոգություն, որ ԱՄՆ-ն այսպիսով կորցնում է իր ամենածանրակշիռ լծակը՝ ընդդեմ Իրանի, իսկ փոխարենը Իրանի կղերականների ռեժիմի դիրքերն ավելի են ամրապնդվում թե՛ երկրի ներսում, թե՛ միջուկային խնդրի բանակցությունների հարցում:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հրապարակած տվյալներով՝ արդեն այս տարվա հունվարից իրանական նավթի արտահանումը ֆանտաստիկ աճ է գրանցել` հասնելով օրեկան մինչև 1.3մլն բարելի, որը ներկայիս գներով կազմում է շուրջ $4մլդ: Ըստ Արժույթի՝ միջազգային հիմնադրամի իրանական տնտեսությունը վերականգման նշաններ է ցուցաբերում և նման տեմպերով կարող է գրանցել տարեկան 1-2% տարեկան աճ: Հիշեցնենք, որ մինչ 2012թ.-ի միջազգային սանկցիաների կիրառումը, Իրանը արտահանում էր օրեկան շուրջ 2.5մլն բարել, իսկ նախորդ տարվա աշնան տվյալներով, այդ թիվը հասել էր 760.000-ի: Նման վիճակագրական տվյալները լուրջ մտահոգությունների առիթ են դարձել ԱՄՆ Կոնգրեսում՝ և՛ հանրապետականների, և՛ դեմոկրատների շրջանում: Չնայած ըստ Վիրջինիայի տեխնոլոգիական համալսարանի իրանցի պրոֆեսոր Ջավադ Սալեհի Իսֆահանիի, եթե հնարավոր չլինի վերջնական համաձայնություն ձեռք բերել Իրանի և Արևմուտքի միջև, ապա 1-2%-ը կլինի չափազանց լավատեսական սցենար:


Մտահոգությունը, իրոք, հասկանալի է, բայց ես չեմ կարծում, որ Իրանը կարող է նման անհեռատեսություն ցուցաբերել և, այս 6 ամսվա ընթացքում վերջնական լուծում գտնելու փոխարեն, կուրանա ժամանակավոր հաջողություններով: Եթե Իրանը չգնա զիջման և չդադարեցնի 5%-ից ավել ուրանի հարստացումը, ինչպես նաև իրականացնի մյուս այն պարտավորությունները, որ ստանձնել է միջազգային հանրության առջև, ապա վերջնականապես կարող է կործանվել, քանի որ այդ պարագայում Արևմուտքը ոչ միայն կվերանայի սանկցիաների հանման իր որոշումը, այլև կկիրառի նորերն ու ավելի խիստ կերպով, որոնք կլինեն կործանարար թե՛ իրանական ներկայիս քաղաքական համակարգի համար, թե՛ ընդհանուր առմամբ պետության համար: Իրանը չի կարող հավերժ դիմակայել միջազգային սանկցիաներին այն դեպքում, երբ այդ երկիրն արդեն վերջին տարիներին հայտնվել էր հիպերինֆլյացիայի վտանգի առաջ: Փոխարենն Իրանը լուրջ հնարավորություն ունի դառնալու տարածաշրջանային տերություն` կարգի բերելով իր տնտեսությունն ու միջազգային հեղինակությունը: 

Այսօրվա դրությամբ Իրանը կարողացել է հասնել նրան, որպեսզի թույլ տան իրեն շարունակել իր խաղաղ միջուկային ծրագիրը: Իմ խորին համոզմամբ, Իրանին սրանից ավել առաձնապես ոչինչ պետք էլ չէ: Մեծ հաշվով, ո՞ւմ է պետք ունենալ միջուկային զենք, բայց փոխարենը լինել Հյուսիսային Կորեա: Այսօրվա աշխարհը շատ արագ է զարգանում և, եթե Իրանը կարողանա ապահովել երկարաժամկետ զարգացման հեռանկար, ապա ես վստահ եմ, որ Իրանն առանց այդ զենքի էլ կարող է լուրջ դերակատար դառնալ միջազգային հարաբերություններում՝ հենց թեկուզ զարգացնելով իր ռազմական պոտենցիալը նոր տեխնոլոգիապես զարգացած ռազմական տեխնիկայով: Ես իրոք կարծում եմ, որ Իրանն անկեղծ է իր պատրաստակամությամբ լուծել այս խնդիրը խաղաղ կերպով և անկեղծ է նաև իր հայտարարություններում, երբ պնդում է, որ միջուկային տեխնոլոգիան օգտագործելու է բացառապես խաղաղ նպատակներով, որովհետև նրանք էլ հասկանում են, որ միջուկայն զենք ձեռքբերելու գինը կարող է չափազանց թանկ լինել իրենց համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել