Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը իսկական պատուհաս է դարձել կառավարության ներկայացուցիչների համար, ովքեր, փորձելով արդարացնել այդ «բարեփոխումները», մեկը մյուսից աբսուրդային հայտարարություններ են անում։
Այսօր հերթը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանինն էր, ով լրագրողների հետ զրույցում անուղղակիորեն կոչ է արել կամ համակերպվել ու ընդունել կուտակային կենսաթոշակային «բարեփոխումները», կամ ավելի լավ է չապրել այս երկրում։ Այս կառավարությունից նման կոչեր առաջին անգամ չէ, որ լսում ենք, մասնավորապես վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ էր ժամանակին հայտարարել, որ ավելի լավ է մարդիկ լքեն երկիրը, քան մնան ու հեղափոխություն անեն։ 
Աշոտյանը անվստահության գործոնը կապում է պետության և այսօրվա կառավարության հետ, սակայն դրանք ոչ միայն փոխկապակցված են, այլ պատճառը հենց այսօրվա կառավարությունն է, որի թեթև ձեռքով պետությունը օրեցօր հետընթաց է ապրում։ Այս տարիների ընթացքում բազմաթիվ խոստումներ են հնչել կառավարության ու նրա ղեկավարի կողմից, բայց ոչ Գյումրու տեխնոպարկը իրականություն դարձավ, ոչ պահուստային ֆոնդի ոսկին է իր տեղում, ոչ տնտեսական խոստացված աճ կա, ոչ աշխատավարձերի բարձրացում... Ինչի՞ն հավատա շարքային քաղաքացին, ով ստանում է 60-70 հազար դրամ և ստիպված է դրա մի մասը հակառակ իր կամքի զիջել ինչ-որ մշուշոտ ապագա ունեցող մարդկանց կամ կազմակերպությունների։ Իսկ հարգարժան պարոն Աշոտյանը փորձե՞լ է հաշվել, թե միջին վիճակագրական ուսուցիչը կամ դասախոսը որքան կկուտակի 30 տարվա ընթացքում։ 
Հ.Գ. Բոլորն են դեմ պարտադիր կուտակային համակարգին, նույնիսկ պարտադրմամբ ու աշխատանքը կորցնելու վախից ֆոնդեր ընտրած քաղաքացիները, այնպես որ Աշոտյանի դարակազմիկ մտքերն ու խորհուրդները պետք է ուղղել կառավարության իր գործընկերներին ու ղեկավարին։ Իրենց հեռանալու դեպքում պետության նկատմամբ վստահությունը թերևս կվերականգնվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել