Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական-­հասարակական բաժնի ղեկավար Ալի Հասանովը հայտարարել է, որ հայկական կողմը խախտել է Սոչիի օլիմպիադայի ընթացքում «օլիմպիական հրադադարը» պահպանելու` ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունը, իսկ դա, ըստ Հասանովի, նշանակում է, որ Հայաստանը հետաքրքրված չէ կառուցողական երկխոսության կայացմամբ:

«Օլիմպիական հրադադարի» վերաբերյալ մեկնաբանություններ է տարածել նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը. «Անտեսելով հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման միջազգային հանրության և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բազմաթիվ կոչերը` մասնավորապես Սոչիում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում հայտարարված ավանդական զինադադարի պահպանման կապակցությամբ, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են կրակոցներ արձակել հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների գործողությունները կամ չեն վերահսկվում հրամանատարության կողմից, կամ` սահմանագծում իրավաճակի ապակայունացմանն ուղղված սադրանք են»:

Համանախագահների` տարածաշրջանային վերջին այցի արդյունքում, կողմերի միջև ձեռք բերված «օլիմպիական հրադադարի» մասին պայմանավորվածություններից հետո, սահմանագծում հրադադարի ռեժիմի կանոնների խախտման դեպքերն առանձնապես փոփոխություն չեն կրել, Ադրբեջանը շարունակում է սահմանագծին գործել «ըստ օրվա կարգացուցակի»` փոփոխական ակտիվությամբ: Ընդ որում` ակտիվորեն գործածվում են և խոշոր տրամաչափի գնդացիրներ, և դիպուկահար հրացաններ:

Ավելին, տեղեկություններ են հաղորդվում նաև այն մասին, որ ղարաբաղա­ադրբեջանական զորքերի շփման գծի Հադրութի ուղղությամբ հակառակորդը երկու օր առաջ կրակ է բացել դաշտում աշխատող տրակտորի ուղղությամբ: Այս առնչությամբ ԼՂՀ ՊԲ լրատվության ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը նշել է, որ «շփման գծի արևելյան հատվածում կանգնած է այնպիսի հակառակորդ, ով թիրախների ընտրության հարցում խտրականություն չի դնում»: 

«Օլիմպիական հրադադարի» պայմանավորվածությանը հետևեց ադրբեջանցի տարբեր չինովնիկների չափից ավելի մեծ ակտիվությունը:

Այս թեմայով մեկնաբանություններ են տարածում այնպիսի առանցքային դեմքեր, որոնք մինչև այս հրադադրի ռեժիմի կանոնների պահպանման մասին կամ չէին խոսել կամ խոսում էին խիստ հազվադեպ, սակայն այս պայմանավորվածությունը ադրբեջանցի պաշտոնյաներին դրդել է ակտիվանալ նույնիսկ սոցիալական ցանցերում: Twitter-ում մեծ ակտիվություն է դրսևորում հատկապես Ադրբեջանի նախագահի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը:

Ինչևէ, հետաքրքրական է, որ այն ադրբեջանցի չինովնիկները, ովքեր վերջին շաբաթվա ընթացքում, ամենօրյա ռեժիմով խոսում են «օլիմպիական հրադադարի» վերաբերյալ առկա պայմանավորվածությունների պահպանման մասին, մինչև այդ «չէին հիշում» 1994 թվականին կնքված զինադադարի պայմանագիրը, որը ենթադրում է հրադադարի ռեժիմի պահպանում ոչ միայն օլիմպիական խաղերի ընթացքում:

Ակնհայտ է, որ Ադրբեջանի համար «օլիմպիական դադարը» առիթ էր ոչ թե սահմանագծին թեկուզև ժամանակավոր դադար հաստատելու, կրքերը հանդարտեցնելու, այլ ստեղծված իրավիճակում քարոզչական քաղաքականությանն ակտիվություն հաղորդելու համար:

Կից նյութը կարդացեք այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել