Այսօր հակամարտությունների կարգավորման կամ էլ մթնոլորտի բարելավման տեսանկյունից բավական հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում աշխարհի տարբեր մասերում՝ ընդորում նաև Հեռավոր Արևելքում: Երկու օր առաջ Չինաստանի արևելյան քաղաքներից մեկում` Նանջինգում, 65 տարվա մեջ առաջին անգամ հանդիպել են Չինաստանի և Թայվանի պաշտոնատար անձինք: Մինչ այդ ևս եղել էին ցածր մակարդակի և ոչ պաշտոնական հանդիպումներ, սակայն այս հանդիպումն առանձնահատուկ է հենց իր պաշտոնական լինելով և միանշանակ կարող է դառնալ մեկ քայլ առաջ և նոր հարթակ պաշտոնական՝ Պեկինի և Թայպեյի միջև հարաբերությունների զարգացման համար, որն իր հերթին կնպաստի տարածաշրջանում լարվածության թուլացմանը:

Հիշեցնենք, որ Մաո Զեդունի կոմունիստական կուսակցության զորքերի կողմից պարտություն կրելուց հետո` Չինաստանի ազգայնական ուժերը՝ Չան Կայշիի գլխավորությամբ, հաստատվեցին Թայվան կղզում, և առ այսօր չինական այդ փոքրիկ կղզին գտնվում է դե ֆակտո անկախ վիճակում և դեռ մի բան էլ պնդում է, որ Չինաստանի միակ լեգիտիմ իշխանությունն է: Այսօր, սակայն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, ոչ միայն Չինաստանի հիմնական ներկայացուցիչն է աշխարհում գործող գրեթե բոլոր կարևոր միջազգային կառույցներում և չի ճանաչում Թայվանի անկախությունը, այլև սպառնում է ռազմական միջամտությամբ, եթե հանկարծ կղզին որոշի պաշտոնապես հռչակել իրեն որպես անկախ պետություն: Սրան ի պատասխան՝ սակայն ԱՄՆ-ն բազմիցս հայտարարել է, որ հանդիսանում է Թայվանի անվտանգության երաշխավորը, և անպայման խնդրին կմիջամտի, եթե ՉԺՀ-ն հարձակվի Թայվանի վրա: Այսօրվա դրությամբ, ըստ ԱՄՆ կառավարության, Թայվանի ուղղությամբ տեղակայված է 1200 հրթիռ: 

Ինչևէ, վերջին տասնամյակում, սակայն, պաշտոնական Պեկինը ավելի խաղաղ և բարեկամական դիրքորոշում է որդեգրել կղզու հանդեպ: Սկսած 2008 թվականից՝ Թայվանի նախագահ Մա Յինգ-Ջյունի իշխանության գալուց ի վեր, բավական ակտիվացել են երկկողմ հարաբերությունները Չինաստանի և Թայվանի միջև: Վերջինիս կառավարումից ի վեր առևտուրը կողմերի միջև կրկնապատկվել է` հասնելով շուրջ $197մլդ-ի: Չնայած տնտեսական և մշակութային կապերի ինտենսիվ զարգացմանը՝ վերջին հարցումները ցույց են տալիս, որ Թայվանի բնակչության գերակշիռ մեծամասնությունը՝ շուրջ 80%-ը, դեմ է Չինաստանի հետ միավորմանը և կողմ է ներկայիս դե ֆակտո անկախ կարգավիճակին: 

Կարծում եմ, որ այս պաշտոնական հանդիպումը, որը վերջապես կայացավ երկու կողմերի միջև, կարող է շատ լուրջ խթան հանդիսանալ կողմերի` միմյանց ավելի լավ հասկանալուն և վստահության մթնոլորտի բարձրացման առումով: Ինչ խոսք, այստեղ ԱՄՆ-ն ունի նաև իր շահերը, և իր շահերից բնավ չի բխում Թայվանի` «կարմիր» դառնալը, որով ԱՄՆ-ն կկորցնի իր հենակետերից մեկը սսիական խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Այնուամենայնիվ, իմ խորին համոզմամբ, Թայվանն ի վերջո՝ լինի ուժով, թե խաղաղ պայմաններում, կմիավորվի Չինաստանի հետ: Չի բացառվում, սակայն, որ դա լինի Հոնկոնգի մոդելով, ասել է թե, որոշակի անցումային շրջանով, որի ժամանակ պաշտոնական Պեկինը չի կարողանա միջամտել Թայվանի ներքին քաղաքական համակարգին, կամ էլ չի բացառվում, որ Թայվանը ստանա ինքնավարության կարգավիճակ, որը որոշ չափով կսահմանափակի Պեկինի ներգրավվածությունը կղզու գործերին: Դժվար է ասել, թե կոնկրետ ինչ որոշում կկայացվի, բայց չեմ կարծում, որ միևնույն ժողովրդի ներկայացուցիչները, ի վերջո, չկարողանան լեզու գտնել միմյանց հետ, եթե չլինի ակտիվ միջազգային՝ մասնավորապես ամերիկյան շահագրգռվածություն՝ ընդդեմ այդ մերձեցման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել