Դատախազությունն արհամարում է 3.5-ամյա երեխայի մահվան գործը. փաստաբանEpress.am-ը գրում է.

3.5-ամյա Արտաշես Սեդրակյանի մահվան դեպքի հետ կապված տուժողի իրավահաջորդի բողոքներն արդեն հասել են Վերաքննիչ դատարան, սակայն պատասխանող կողմը համառորեն չի ներկայանում նիստերին:

Այսօր Վերաքննիչ դատարանում տեղի է ունեցել առաջին նիստը, և տուժողի հոր՝ Սայադ Սեդրակյանի ներկայացուցիչ Մոնիկա Մարգարյանը ներկայացրել է բողոքը, որով վիճարկվում է երեխայի բուժումը ստանձնած «Արմավիր» ԲԿ բժիշկ Արմենուհի Հարությունյանի դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը:

Որոշումը կայացվել է Արմավիրի դատախազության կողմից, սակայն դատախազության ներկայացուցիչները չեն ներակայացել ոչ առաջին ատյանում կայացած նիստերին, ոչ վճռի հրապարակման օրը, ոչ էլ այսօր՝ Վերաքննիչ դատարան:

Ավելի վաղ երեխայի հայրը՝ Սայադ Սեդրակյանը, Epress.am-ի հետ զրույցում պատմել էր, որ բոլոր 5 դատաբժշկական փորձաքննությունները հաստատում են՝ տղան մահացել է բժշկական սխալների և թերությունների պատճառով, սակայն երեխայի մահվան գործով մեղադրյալ չկա, որևէ մեկը մինչ այժմ պատասխանատվության չի ենթարկվել: Տղային բուժող բժշկուհու դեմ քրեական հետապնդումը նախ հետաձգվել է նրա լավ բնութագրի պատճառով, ապա այն հիմքով, թե բժշկական օգնություն հնարավոր չի եղել տալ՝ հիվանդանոցում համապատասխան տեխնիկա չունենալու պատճառով:

«Ես պատասխանող կողմի բացակայությունը գնահատում եմ որպես անպատասխանատվության դրսևորում: Նրանք գիտեն, որ կարճման որոշումն անհիմն է, չեն կարող դատարանում որևէ փաստարկ ներկայացնեն: Բայց նման պահվածքն էլ ահրամարհական մոտեցում է»,-դատարանում բողոքը ներկայացնելով՝ ասել է Մոնիկա Մարգարյանը:

Նախագահող Սերգեյ Չիչոյանն ասել է, որ կողմը ծանուցվել էր նիստի մասին, նրան ուղարկվել են նաև բողոքը ներկայացնողի դիմումների պատճենները, սակայն որևէ գրություն, թե ինչու պատասխանող կողմը չի գալու դատարան, ինքը չի ստացել: Դատարանը խոստացել է նորից ծանուցել՝ ապահովելու կողմի ներկայությունը հաջորդ նիստին, որը կայանալու է փետրվարի 26-ին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել