Այսօր հայտնի դարձավ, որ կիպրական 2 պետությունների ղեկավարները պաշտոնապես հայտարարել են կղզու՝ դաշնային պետության մեջ միավորվելու հարցով բանակցությունների մեկնարկի մասին։ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսն ու կիպրացի թուրքերի ղեկավար Դերվիշ Էրօղլուն համատեղ կոմյունիկե են ստորագրել, որտեղ նշված է, որ կողմերը ձգտում են ստեղծել միասնական Կիպրոս, որը կլինի դաշնային, երկգոտի ու երկհամայնքային պետություն։ 

Դե ինչ, 40 տարի ձգձգվող այս հակամարտության համար սա կարելի է համարել որպես շատ լուրջ ձեռքբերում թե՛ հույների, թե՛ կիպրական թուրքերի, թե՛ մի շարք այլ շահագրգիռ դերակատարների համար ընդհանրապես: Գրեթե կես դարի ընթացքում միավորման բոլոր ջանքերն ապարդյուն էին, և վերջին ձախողված լուրջ փորձը 2004 թ. ապրիլի 26-ին էր, երբ ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվեց հանրաքվե և կիպրոսցի հույների 75 տոկոսը դեմ արտահայտվեց միավորմանը, մինչդեռ կիպրոսցի թուրքերի մեծ մասը պաշտպանեց ՄԱԿ-ի այն ժամանակվա գլխավոր քարտուղար Քոֆի Անանի կողմից առաջարկված միավորման պլանը։ 

Եկեք մի փոքր պատմական ակնարկ անենք և հիշենք, թե ինչ էր այդ ծրագիրը: Այսպիսով, ըստ Անանի ծրագրի, Թուրքիային շնորհվում էին որոշ կոնկրետ և հունական կողմի համար անընդունելի իրավունքներ: Թուրքիան կարող էր պահպանել իր ռազմական ներկայությունը կղզում և բոլոր այն պայմանագրերը, որոնք կնքվել էին Հյուսիսային Կիպրոսի և Թուրքիայի միջև, պետք է ստանային իրավական օրինականացում, իսկ դրանց մեջ կային այնպիսի պայմանագրեր, որոնք թուրքական զորքերին իրավունք էին տալիս օգտագործել կիպրոսյան բոլոր նավահանգիստները, տեղաշարժվել կղզու ողջ տարածքում, իսկ թուրքական ռազմաօդային ուժերին՝ թռիչքներ կատարել ամբողջ տարածքում։ Դրանցից բացի, թուրքական կողմին երաշխավորվում էր վետոյի իրավունք Կիպրոսի միասնական կառավարությունում, իսկ, օրինակ, կղզու հյուսիսային մասում սահմանափակվելու էին հույների՝ անշարժ գույքի գործարքներ կատարելու իրավունքները, մինչև իբր երկու համայնքների կենսամակարդակները կհավասարվեին։ 

Չեք պատկերացնում, թե ինձ ինչքան է հետաքրքրում, թե այս միավորման հերթական փորձն ինչքանով է իրականում տարբերվելու նախորդից: Այսօրվա դրությամբ Կիպրոսի հարավային՝ այսինքն հունական մասը անհամեմատ ավելի զարգացած է, քան հյուսիսայինը, և միավորման դեպքում վերջինս կարող է և՛ բեռ դառնալ հունական կողմի համար, և՛ միևնույն ժամանակ թիրախային շրջան՝ տնտեսական էքսպանսիայի համար: Կան նաև հարցեր Թուրքիայի և Հունաստանի իրավունքների վերաբերյալ: Ինչպե՞ս է, օրինակ, կարգավորվելու թուրքական ներգրավվածության հարցը Հյուսիսային Կիպրոսի, իսկ եթե միավորման գործընթացը հաջողի, միասնական Կիպրոսի քաղաքականությանը: Կկարողանա՞ արդյոք Թուրքիան շարունակել պահել իր ռազմական ներկայությունը կղզում, և ի՞նչ է, ի վերջո, լինելու վերջերս հայտնաբերված այն նավթահորերի շահագործման հետ, որոնք լուրջ հակասությունների առիթ էին դարձել կղզու երկու իշխանությունների միջև, և որտեղ լուրջ շահագրգռվածություն էր ցուցաբերել Թուրքիան:


Ինչ խոսք, փաստ է այն, որ այժմ, դատելով տեղի ունեցող զարգացումներից, կարելի է ենթադրել, որ կողմերը եկել են որոշակի ընդհանուր հայտարարի և փորձում են վերջապես դուրս գալ տասնյակ տարիներ տևած այս ճգնաժամից, բայց առկա են այնքան զգայուն և վիճելի հարցեր, որոնց առկայությունը շատ լուրջ գլխացավանք է առաջացնելու հակամարտության վերջնական կարգավորման համար: Ինչևէ, կողմերի այս քայլն արդեն ողջունել են ԵՄ գրեթե բոլոր երկրները և ՄԱԿ-ը: Ընդորում, բանակցությունները կրկին լինելու են ՄԱԿ-ի հովանու ներքո, բայց այս անգամ հուսանք, որ դրանք նախորդի ճակատագրին չեն արժանա և վերջապես աշխարհը կազատվի հերթական պայթյունավտանգ գոտուց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել