Իմ անլուր կյանքի, կողընթաց կյանքի հուշադարանում
Ջոկ իսկ չկազմող
Սեղմ կանանոցի դիմակներից դո՛ւրս
Հայտնվեցիր դու։
Եվ օրհնյալ եղավ հայտնությունը քո իմ այս աշունքին։
Արգելակեցիր դարձդարձիկ ընթացքը իմ վեհերոտ,
Սլա՛ցք տվեցիր հոգուս թաքուցյալ հոսանքին անտես,
Լիաբուռ կրակ՝ մարմրող մոմիս կայծերին անբոց։
Արդ՝ աղոթում եմ մանկան հավատով՝
Արժանի լինել քո նվիրումին,
Աղոթում եմ, որ բարեհաճ լինի երկինքը իմ դեմ 
Եվ չանի այնպես, 
Որ քեզնով գտած աշնանացանիս բերքը կենսառատ 
Անպաշտպան մնա խորշակի դիմաց։

_ Պահպանի՛ր, Բարձրյա՛լ, 
Քեզնից մեզ անցած շաղախն այս փխրուն այնպես գթորեն, 
Որ դժվար գտած սերը մեր անհուն 
Չփոխակերպվի գթասիրության... 

11. 02. 14 թ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել