Նախորդ շաբաթ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի և Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Փայեթի միջև հեռախոսազրույցը դարձավ լուրջ քննարկման առիթ ամբողջ Եվրոպայում: Մարդիկ, մասնավորապես Գերմանիայում, սկսեցին ողողել սոցիալական ցանցերը հակաամերիկյան կոչերով և նույնիսկ առաջարկեցին չեղյալ հայտարարել նախորդ տարի մեկնարկած ԱՄՆ-ԵՄ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները: Մի խոսքով, ստեղծվել էր այնպիսի իրավիճակ, որ եվրոպական մեդիա դաշտի որոշ խոշորագույն ներկայացուցիչներ սկսեցին խաղաղեցնող ոճի հոդվածներ հրատարակել: Օրինակ, գերմանական Der Spiegel-ը օրերս հրապարակեց «Հանգստացիր Եվրոպա» (Relax Europe), խորագրով մի հոդված, որով կոչ էր անում եվրոպացիներին պարզապես հումորով վերաբերվել ստեղծված իրավիճակին, քանի որ ներկայումս տրանսատլանտիկ հարաբերություններում լարվածությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Մի խոսքով, այս ձայնագրությունը դարձավ պոտենցիալ լուրջ խնդիր, առանց այն էլ ոչ այնքան լավ Ամերիկա-Եվրոպա հարաբերություններում:


Սոցիալական ցանցերում և շարքային եվրոպացիների ընթրիքի սեղանի շուրջ քննարկվող թեմա դառնալուց բացի, այն դարձավ լուրջ քննարկման թեմա ինչպես Եվրոպական խորհրդարանում, այնպես էլ կոշտ արձագանք ստացավ Բրյուսելի կողմից:

Սկսենք վերջից: Թեմային անդրադարձավ նաև Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպույը: Պաշտոապես ԵՄ առաջին դեմքը: Վերջինս անընդունելի է համար այդ հայտարարությունը և կոչ արել իրենց «ամերիկացի գործընկերներին» ձեռնպահ մնալ եվրոպական քաղաքականությանը խառնվելուց: Այս թեմային է անդրադարձել նաև Եվրոպայի լոկոմոտիվը հանդիսացող երկրի և Եվրոպայի ամենաազդեցիկ ղեկավար Անգելա Մերկելը (ըստ Forbs-ի՝ նա հանդիսանում է աշխարհում երրորդ ամենաազդեցիկ քաղաքական գործիչը): Մերկելը դեռ հազիվ էր սկսում «մոռանալ», կամ էլ մերվել այն մտքին, որ իրեն այսքան տարիներ շարունակ գաղտնալսել են ամերիկյան հատուկ ծառայությունները, և այժմ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան հայհոյում է ամբողջ Եվրոպան և քննադատում ԵՄ արտաքին քաղաքականությունը: Մերկելը դա որակել է անընդունելի և նույնպես կոչ է արել չխառնվել իրենց գործերին: Սա զուտ պաշտոնապես, բայց ակնհայտ է, որ ավանդաբար սկեպտիկ Գերմանիան այս դեպքի վրա հենց այնպես աչք չի փակի:

Այժմ անցում կատարենք խորհրդարան: Ասեմ, որ այստեղ բոլորից շատ աչքի է ընկել Ավստրիայի սոցիալ-դեմոկրատների ղեկավար Յորգ Լեյխտֆրիգի Եվրոպական խորհրդարան գլխավորած պատվիրակությունը, որը պահանջել է Նուլանդի հրաժարականը, այլապես, ըստ պատգամավորների, հարկավոր կլինի կասեցնել ԱՄՆ-ԵՄ ազատ առևտրի շուրջ բանակցությունները: Սրան ի պատասխան, ԱՄՆ-ն արագ պաշտոնապես արձագանքել է` մեղադրելով այս ամենի մեջ ռուսական հատուկ ծառայություններին, և մատնանշել ԱՄՆ- Գերմանիա, ԱՄՆ-ԵՄ երկարատև բարեկամական հարաբերությունները և հույս հայտնել, որ հնարավոր կլինի արագ շտկել իրավիճակը և վերադառնալ լուրջ «գործերին» (back to business): 

Առաջին հայացից կարելի է ասել, որ փոքրիկ միջադեպի վրա իրոք կարելի էր աչք փակել և շարժվել առաջ, պրագմաիկ քաղաքականության թելադրանքով, սակայն սա նաև ցույց է տալիս, թե ինչ աստիճանի են խաթարվել ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև հարաբերությունները, մասնավորապես ԱՄՆ-Գերմանիա հարաբերությունները, առնվազն ամերիկացի գործակալ Էդվարդ Սնոուդենի այն բացահայտումից հետո, որով հայտնի դարձավ, որ ԱՄՆ հետախուզությունը վերջին մի քանի տարվա ընթացում գաղտնալսել է իր «դաշնակիցներին»: 

ԱՄՆ-ն իրոք չի կարող իրեն այսօր թույլ տալ դաշնակիցներ կորցնել: Առավել ևս այս ազատ առևտրի գոտին պետք է որ լուրջ խթան հանդիսանա ամերիկացիների համար՝ դուրս գալու այն ճգնաժամային իրավիճակից, որում որ հայտնվել են այսօր: Բազմաթիվ փորձագետներ գտնում են, որ այն իրականանալու դեպքում տվյալ համաձայնագրի շրջանակներում առևտրի ծավալները կհասնեն մինչև համաշխարհային առևտրի գրեթե կեսին: Այնպես որ, այս մեգա ծրագիրը կարող էր դառնալ և դեռ կարող է դառնալ զոհ ռուսների «չարաճճիության»:

Շատ առաջ չանցնենք նման բաներով կանխատեսելու համար և նշենք, որ Բրյուսելից արդեն իսկ պաշտոնապես հայտարարել են, որ Եվրամիության և ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին բանակցություններին անկախ պատահածից շարունակվելու են, և դրանց հաջորդ փուլը լինելու է Բրյուսելում՝ նոյեմբերի 11-15-ը, սակայն այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ, պայմանականորեն ասած, երկկողմ հարաբերություններում իրոք կա ճեղք, որն անընդհատ մեծանում է և նմանատիպ մեկ այլ դեպքից հետո եվրոպացիների, մասնավորապես գերմանացիների համբերության բաժակը կարող է և լցվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել