Newsbook.am-ը գրում է.

Շանթ Հարությունյանի տղան դասի ժամին հիմնը երգելու ժամանակ իրեն նորմալ չի պահել: Երկու անգամ խանգարել է դասը, ուսուցիչը կանչել և հարցրել է, թե ի՞նչ է պատահել, իսկ տղան ասել է, որ թքած ունի հայրենիքի վրա, և որ հայրենիքի համար չեն մեռնի: Այդ մասին, մեկնաբանելով Շանթ Հարությունյանի կնոջ` Ռուզան Բադալյանի մեղադրանքները, NewsBook-ի հետ զրույցում ասաց Նոր նորքի Կարեն Դեմնիրճյանի անվան թիվ 139 միջնակարգ դպրոցի ռազմագիտության ուսուցիչ, մայոր Գրիգորյանը:

«Մենակ ասել եմ՝ ապուշ, էս ի՞նչ ես անում: Մոտեցրել եմ պատին, որ կարդա՝ ինչ է գրված, ու նա սկսել է քաղաքականությունից բողոքել: Ես ասել եմ՝ քեզ կարգին պահիր, իսկ նա ինձ անվանել է էշ, ասել է՝ ի՞նչ ես էշ-էշ խոսում: Նրա շորերից բռնել եմ, ասել եմ՝ տղա ջան, ուշքի արի, ես հորդ տարիքի մարդ եմ, իսկ հետո տարել եմ տնօրենի մոտ, բայց տնօրենը խորհրդակցության է եղել, վերադարձել ենք դասարան, շարունակել դասը, բայց նա նորից սկսել է խանգարել դասը»,- NewBook-ին պատմեց ուսուցիչ, մայոր Գրիգորյանը:

Անդրադառնալով Շահենի մոր ասածին, որ ուսուցիչը Շահենին վիրավորել է` ասելով, թե Շահենը շուտով աղջիկ է դառնալու, Գրիգորյանն արձագանքեց այսպես.

«Երբ մարդ մեռնում է, սկսում է փրփուրներից բռնվել: Ես՝ էս տարիքի մարդ, ինձ թույլ չեմ տա, որ նման տղային (բոյին նայում ես՝ խելքդ թռնում է) նման բաներ ասեմ»,- ասաց ուսուցիչը` հավելելով, որ իրեն վատ է զգում, որ Շահենի մայրը դիմել է կրթության, գիտության և պաշտպանության նախարարություններին` պնդելով, թե իբր ինձ պատրաստել են, որ իր տղային ճնշեմ: Բոլոր աշակերտները հավասար են ինձ համար»,- ասաց Գրիգորյանը:

Ուսուցիչը նաև նշեց, որ չի իմացել՝ Շահենը Շանթ Հարությունյանի տղան է:

«Դեպքից հետո իր ընկերը մոտեցել է ինձ, ասել, որ տղան ծանր վիճակում է, հայրը նստած է և խնդրել է, որ տնօրենին չասեմ: Այդ ժամանակ եմ իմացել, որ նա Շանթի տղան է»,- պատմեց մայոր Գրիգորյանը` ավելացնելով.

«Ես հետո գնացել եմ տուն՝ ամեն ինչ մոռացած: Ժամը 20:00-ին ինձ ոստիկանությունից զանգահարում են և ասում, որ դեպք է պատահել, եկեք բաժին: Հետո տեսել եմ, որ տղան արդեն գրել էր Facebook-ում, թե՝ Գրիգորյանին խփեցի, էս արեցի, էն արեցի և այլն: Ես էդ երեխայի հետ ընդամենը 3 ժամ եմ պարապել: Մեկը եղել է կրակայինի ժամը, որ նույնիսկ չեմ էլ նկատել նրան, որովհետև շատ տղաներ են եղել: Մյուսը, բանասիրական խումբ կա, այդտեղ եմ պարապել, և վերջ: Դպրոցում 700 աշակերտ կա, ես բոլորին չեմ հասցնում ճանաչել, չեմ կարող իմանալ՝ ով ում երեխան է: Ես չեմ էլ իմացել, որ նա հաշվառված է և հոգեկան խնդիրներ ունի»,- հավելեց ռազմագիտության ուսուցիչը:

Շահենի մոր դիտարկմանը, որ ուսուցիչը դիտմամբ է հրահրել երեխային, Գրիգորյանը պատասխանեց, որ նման բան չի արել:

«Ես էդ մարդը չեմ, կարող եք հետաքրքրվել, իմանալ՝ որտեղ եմ ծառայել: Ես նման բաներից լրիվ հեռու եմ: Ինձ մոտ միայն հայրենասիրությունն է գերակշռում: Ես այսքան տարի դասավանդում եմ, առաջին անգամ է եղել, որ հիմնի ժամանակ ծիծաղեն»,- նշեց նա` ասելով, որ իրեն հենց դա է զայրացել. «Երեխաներին ես ասել եմ՝ հիմնի ժամանակ չտեսնեմ՝ մեկը շարժվի կամ ծիծաղի, որովհետև դա մեր սրբազան երգն է»:

Մեկնաբանելով Շահենի մոր այն պնդումը, թե ուսուցիչը երեխաների մոտ ասել է, որ հայերն իրենց կանանց ստիպում են քնել եվրոպացիների հետ, որ առողջ սերունդ լինի, Գրիգորյանն ասաց, որ այդպիսի բան չի ասել:

«Ես միայն ասել եմ՝ էրեխեք ջան, դուք էսօր լավ պարապեք, որ վաղը կարողանք երեխա ունենալ: Ես Շահենին ասել եմ՝ աղջիկները ուղիղ կանգնում են, դու մի վարկյան չես կարող կանգնել»,- ասաց մայորը՝ ցավով փաստելով, որ այսօր երեխաների մեծ մասը ֆիզկուլտուրայի դասերից փախչում է, չեն ուզում մասնակցել:

«Ես այդ օրինակն եմ ասել, չեմ թաքցնի: Թող ուրիշ բաներ չխոսեն: Ես ամաչում եմ, որ սա քաղաքական աստառ է ստացել: Սայլը ճռռալու փոխարեն` սելվորն է ճռռում: Փոխանակ ես բողոքեմ, նրանք են բողոքում»,- ասաց նա: Գրիգորյանը նաև նշեց, որ Շահենին չի խփել, ինչպես մայրն էր պատմել լրատվամիջոցներին:

«Դատաբժիշկն ինձ տվել է եզրակացությունը: Փոխանակ ես բողոքեմ, նրա՞նք են բողոքում: Վնասվածք կա, մի թեթև քերծվածք է»,- ասաց ուսուցիչը: Հարցին՝ այդ դեպում ինչո՞ւ է Շահենի մայրը նշում, որ ուսուցիչը վնասվածք չի ստացել, և որ դասը շարունակել, արյան հետքեր չեն եղել, Գրիգորյանը պատասխանեց, որ իրավուք չուներ դասն ընդհատելու:

«Եթե խփած լինեի, նա տեղում չէր մնա, այլ պոլի մեխի նման կիջներ: Ես ուղակի թափ եմ տվել ու ջղայնացել, որ երեխան ինձ ասել է՝ էշ- էշ մի խոսա: Հետո տղան ասաց՝ պարոն մայոր, սխալ եմ արել, եկեք դուր՝ խոսենք, ես ասել եմ՝ դասը կվերջացնենք, նոր կխոսենք»,- դպրոցի ուսուցիչը: Գրիգորյանը վերջում հավելեց, որ եթե հարկ լինի, նա մինչև վերջ կբողոքի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել