Օրենսդիր և գործադիր իշխանությունների հարաբերություններում վերջին շրջանում նկատելի են մրցակցային վարքի դրսևորումներ: Օրենսդիրները հատկապես սկսեցին ավելի կարևորել իրենց դերակատարությունը քաղաքական համակարգում իբրև կարևոր և որոշումների վրա ազդեցություն ունեցող ինստիտուտ, երբ հայտնի դարձավ գազի հետ կապված 300 միլիոն դոլարի պարտքի կուտակումը, որը նույնիսկ անակնկալի բերեց ՀՀԿ պատգամավորներին: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Ազգային ժողովը կառավարության համար դարձել է ոչ թե հաշվետու լինելու գերագույն մարմին, այլ ուղղակի կառավարության ծրագրերի լոբինգի և փիառի վայր: Դրա համար էլ օրենքները ոչ թե հասարակական պահանջմունքների արտացոլանք են, այլ ուղղված են կառավարությանը վեր կանգնեցնելու հասարակական և այլ վերահսկողություններից՝ արհեստականորեն համակարգ ներդնելով, այսպես կոչված, "վարչական կուլտուրա": Այսպիսով, մարդիկ պետք է լինեն այդ ռեսուրսի նկատմամբ ենթակայական վարքաբանությամբ: Իսկ Հովիկ Աբրահամյանը, ունենալով բավական մեծ ամբիցիաներ, տիրապետելով մեծ ռեսուրսների, մրցակցության մեջ գտնվելով վարչապետի հետ, ցանկանում է մեծացնել իր դերը նաև որոշումների վրա ազդեցության առումով: Սակայն այստեղ նա խնդրի առաջ է կանգնում. նա չունի վարչական ուժեղ ռեսուրսներ, իսկ կառավարության բոլոր նախաձեռնություններն էլ հաստատվում են, այսինքն՝ օրենսդիր վերահսկողության ֆունկցիան էլ լավ չի աշխատում: Հիմա, երբ վերջերս մերժվեց նաև ընդդիմության կողմից գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին առաջարկը, Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե իրենք առաջիկայում անպայման կանդրադառնան այդ հարցերին ու կոչ արեց բոլոր քաղաքական ուժերին մասնակցել այդ քննարկմանը: Այդ կոչը, ըստ ամենայնի, վերաբերվում էր հիմնականում ՀՀԿ պատգամավորներին, որ նրանք լինեն ավելի ակտիվ և ներկայացնեն այնպիսի պահանջներ, որոնք Տիգրան Սարգսյանի համար կարող են լինել տհաճ անակնկալներ: Փաստորեն ԱԺ նախագահը փորձում է ապահովել մոբիլիզացիոն մասնակցություն, որով իր շուրջը կհամախմբի որոշ պատգամավորների և դրանով կփորձի կառավարության գործունեությունն ուղղել դեպի ավելի հաշվետվողականություն՝ այդպիսով կանխելով կառավարության դիրքերի ամրացման գործընթացը: Ըստ Արամ Մանուկյանի՝ նույնիսկ Հովիկ Աբրահամյանն ասել է, թե եթե ընդդիմադիր ֆրակցիաներն իր հետ նախօրոք խորհրդակցեին, ապա հնարավոր է՝ ՀՀԿ-ն ևս միանար այդ նախաձեռնությանը: Փաստորեն, ԱԺ նախագահը հասկացնում է, որ այդպիսի թեմաները կարելի է նաև իր հետ քննարկել, որովհետև այլ պարագայում դրանք կդիտվեն իբրև զուտ ընդդիմության առաջարկներ, և իրենք ստիպված են մերժել դրանք: Այս մրցակցության սրությունը կախված է նաև կառավարության առաջիկա գործունեությունից, եթե այն փորձի հաշվետվական էլէմենտը նվազեցնել, փորձի սրել մրցակցությունը, ապա իրավիճակը կվերաճի կոնֆլիկտի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել