Հնարավոր է, որ ոմանք ասեն, որ արդեն ծեծված թեմայա օնլայն մուսիպուսիների լուսաբանումը, սակայն ես այս անգամ ուզում եմ անդրադառնալ այս թեմայի զուտ հոգեբանական ասպեկտներին ու փորձել ներկայացնել այն փաստարկները ընդդեմ այս երևույթի, որոնք ունեն ոչ էմոցիոնալ բնույթ ու չեն հանդիսանում են զուտ իմ սուբյեկտիվ դիրքորոշում: Չեմ ուզում Ավստրալիա հայտնագործած լինեմ, ուստի չմանրամասնեմ թե ոնց ու ինչու է ստացվել այնպես, որ Հայաստանում այս երևույթը բավականին տարածված բնույթ է կրում, ուղղակի միանգամից անդրադառնամ այն հանգամանքներին, որոնք վիրտուալ հարաբերությունները, եթե չեն էլ դատապարտում ձախողման, ապա առնվազն բերում են դրանք բարձր ռիսկային գոտի. Եվ այսպես…

Բնականաբար առաջին իսկ մտահոգիչ հանգամանքը դա անկեղծության խնդիրն է:Սա բնավ չի նշանակում, որ մարդը դիտավորյալ զբաղվում է դիմացինի դիտավորյալ խաբեությամբ վիրտուալ հարաբերություններում: Ոչ պակաս տարածված է ինքնախաբեությունը, որովհետև վիրտուալ շփման ժամանակ մի կողմից մարդու մոտ թուլանում են պաշտպանական մեխանիզմները , ինչը նրանց ավելի անկեղծ է դրաձնում ու ենթագիտակցությունից դեպի գիտակցություն մղում խորքային ցանկությունները, իսկ մյուս կողմից՝ մարդու մոտ սկսվում է ձևավորվել երկրորդ <<Ես>>-ը, որը լինելով կենսունակ, գրավիչ, անգամ իդեալական վիրտուալ հարաբերությունների շրջանակներում, հոդս ցնդում է կամ աղավաղվում է, երբ փորձում են այդ <<Ես>>-ը տեղափոխել իրականություն: Չէ՞ որ իրականությունում արդեն պաշտպանական մեխանիզմները բթացված չեն, արտաքին միջավայրի ազդեցությունը ավելի ուղղակի է ու ուժեղ:

Հաջորդ հանգամանքը հենց անիրականության բաժինն է վիրտուալ հարաբերությունների, քանի որ ներքաշված մարդիկ ոչ միայն կամա ու ակամա մատուցում են իրենց երկրորդ <<Ես>>-ը, այլև ընկալում են դիմացինի մատուցածը յուրովի ու չունենալով ստացված տեղեկատվությունը իրականության հետ համադրելու հնարավորություն: Արդյունքում, հերիք չէ երկրորդ <<Ես>>-եր են ստանում, մի բան էլ ընկալում են ինչ որ կիսաֆանտաստիկ ու անեական <<Նա>>, որը արդեն իսկ հեռու լինելով երկրորդ <<Ես>>-ից, կարող է խիստ տարբերվել առօրյա <<Ես>>-ից: Այս հանգամանքների տեղ գտնելու դեպքում մարդիկ դիսկոմֆորտ են զգում ռեալ հարաբերություններում, ընդ որում, չի բացառվում նաև որ վիրտուալ <<Նա>>-ն ավելի գերադասելի լինի քան իրական <<Նա>>-ն:

Վերջապես ուզում եմ նաև անդրադառնալ այն հանգամանքին, որ վիրտուալ սիրավեպերը ուղղակիորեն բերում են ինտերնետային կախվածության, ինչը իրենից ներկայացնում է մանիայի տեսակ ու մարդը ավելի ու ավելի շատ ժամանակ է անցկացնում ցանցում, իսկ դա իր հերթին բերում է տվյալ անհատի մեկուսացմանը ու կաղապարմանը իրական կյանքից: Հնարավոր այլ կողմնակի դրսևորումների թվին կդասեի նաև թերարժեքության կամ ընդհակառակը՝ գերարժեքության բարդույթ ձեռք բերելու հավանականությունը: Ի վերջո, դժվար թե մարդիկ գիտակցված գնան կոմպլեքսավորվածություն ու մանիաներ ձեռք բերելու ռիսկին:

Հասկանում եմ, որ շատ գիտունիկական հնչերանգ ունի տվյալ գրառումը, սակայն կոչ եմ անում ավելի ուշիմ ընթերցել այն, քանի որ այն ունի պարկտիկ կիրառման պոտենցիալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել