Բոլոր ոլորտներում աննախադեպ ձախողումներ արձանագրելով, իշխող խմբավորումը աննախադեպ հաջողություններ է գրանցում հանրությանը ապակողմնորոշելու գործում: Պատկերացրեք, Ռուսաստանին զիջելով ոչ միայն ռազմավարական ոլորտներն, այլ անգամ բառիս բուն իմաստով երկրի ինքնավարությունը /ինչի մասին չէին կարող անգամ երազել Լենինի տարեկից հին բոլշևիկներն իրենց ամենահամարձակ երազներում/, շարունակում են հաջողությամբ «պայքարել» ռուսամետների դեմ: Սակայն նման հաջողությունների ետևում ընդամենը շատ պարզունակ սխեմա է գործում: Դուք զբաղեցնում եք արևմտամետ թևը, պայքարում եք ռուսամետների դեմ, սակայն ամեն ինչ զիգում եք ռուսներին: Սխեման փայլուն է գործում: Ժամանակին Հեյդար Ալիևը և Շեվարդնաձեն պայքարում էին երդվյալ հակառուսների`Էլչիբեյի և Գամսախուրդիայի դեմ, սակայն իրենց երկրները կարողացան պոկել Ռուսաստանից` Ռուսաստանի իսկ օգնությամբ: Ռուսաստանը իր սխալներից դասեր քաղել է: 
• Սրատեգիապես մտածող Արևմուտքը լավ գիտի, որ ստեղծված աշխարքաղաքական իրավիճակում Հայաստանն ուղղակիորեն չի կարող հրաժարվել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունից, սակայն ստանում է ձրի PR, որն իր ազդեցությունը կունենա իր համար հնարավոր նպաստավոր աշխարքաղաքական պայմանների դեպքում: Իսկ եթե նման պայմաններ չստեղծվեն, մեկ է, կորցնելու ոչինչ չունի:
• Ռուսաստանը ներվայնանում է հակառուսական քարոզչությունից, սակայն ստանում է այն, ինչը չէր կարող ստանալ ցանկացած այլ դասավորության դեպքում: Ավելին, որքան ուժեղանում է հակառուսական քարոզչությունն, այնքան ռեժիմն ավելին մեծ զիջումների է գնում և մենք ավելի խորն ենք ընկղմվում Ռուսաստանի գրկում: De facto Ռուսաստանը գոհ է, և իշխանությունն է իրենը, և ընդդիմությունը, և մնացած ամեն ինչը:
• Իշխանության համար աշխատող ընդդիմադիր «արևմտամետ» քաղաքական և «մշակութային» ուժերը ընկալվում են ոչ թե որպես պարզ կալաբորացիոնիստներ, այլ հանուն վեհ գաղափարների համար պայքարող հակագաղութային անզիջում հերոսների: Ավելին, որքան անձնազոհաբար են պայքարում ռուսամետների դեմ, այնքան գործող ռեժիմի գոյությունն իրենց համար կենսական է դառնում` անգամ անձնական անվտանգության հարցի է վերածվում:
• Հասարակությունը իր հերթին հայտնվում է ցուկցվանգի մեջ. Ռուսաստանը գաղութացնում է երկիրը, ընդդիմությունը ռուսասեր է: Մնում են իշխանությունն ու «ազատ խաղացողները», սակայն «ազատ խաղացողները» հեղափոխության կոչ չեն անում, իսկ իշխող խմբավորումը ոչ մի հետաքրքիր ելք չի առաջարկում:
Հ.Գ. Այստեղ կա նաև մի շատ հետաքրքիր դրվագ: Ասենք, իշխող խմբից որևէ մեկը ցանկանում է սեփականաշնորհել ենթադրենք Սևան-Երևան մայրուղին, ապա դա անում է Ռուսաստանում գրանցված որևէ հիմնարկի միջոցով: Հանրությունը սկսում է դժգոհել, որ ռուսները սա էլ վերցրեցին, սակայն հետո սեփականաշնորհվում է Երևան-Գորիս մայրուղին, սակայն այս անգամ Ամերիկայում գրանցված մի ձեռնարկության միջոցով և հանրությունը հանգիստ շունչ է քաշում. «վերջապես աշխարքաղաքական հավասարակշռությունը վերականգնվեց»: Սա էլ արդեն զուտ լիրիկական շեղում էր մամուլում լի «աշխարհքաղաքական» վերլուծությունների մասով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել