Հոգիդ թող լուսավորվի, արժանավո՛ր երգչուհի ու հայրենասեր հայ...

Ծնվել է 1957թ. փետրվարի 5-ին Գյումրիում:

Դպրոցին զուգահեռ ավարտել է նաև Գյումրու Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը:

1973 թվականից սկսել է հանդես գալ «Հանրապետական» ռադիոյով և հեռուստատեսությամբ: Այնուհետև ուսումը կոնսերվատորիայում շարունակելու համար տեղափոխվել է Երևան:

1978 թվականին Գերմանիայի Համբուրգ քաղաքում կայացած միջազգային փառատոնի մրցանակակիր. առաջին միջազգային հաջողությունն էր: Այնուհետև Գուսան Աշոտի «Ծովաստղիկը» Ֆլորա Մարտիրոսյանի կատարմամբ 15 տարի շարունակ ճանաչվել է տարվա լավագույն երգ: Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի ավելի քան 60 երկրներում:

1989թ. ամուսնացել է, ունի 2 երեխա:

1991թ. մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Հայրենիք է վերադարձել 1995թ. և շարունակել իր երաժշտական գործունեությունը:

1997-2001թթ. ղեկավարել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը:

2002թ. Լոս Անջելեսում Հոլիվուդ և Բրբենկ քաղաքներում հիմնել է Կոմիտասի անվան երաժշտական դպրոցները, որոնք շատ կարճ ժամանակահատվածում մեծ ճանաչում են բերել անվանի երգչուհուն:

2006-2007թթ.-ին առաջին անգամ Հայաստանում նախաձեռնել և անցկացրել է «Կոմիտաս» համահայկական միջազգային մրցույթը, որին մասնակցել է շուրջ 2000 հայ երեխա Հայաստանից և այլ երկրներից:

2007թ. հիմնել է «Artists for peace» բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվել են աշխարհահռչակ երգիչ-երգչուհիներ, հոլիվուդյան գերաստղեր արվեստի ուժով իրենց ձայնը միացնելու Հայոց Ցեղասպանությանը և աշխարհում տեղի ունեցած նման կարգի ոճրագործություններին՝ «Այլևս երբեք» ասելու համար:

Նույն թվականին մեծանուն երգչուհին Գլենդելի «Ալեքս» համերգասրահում հանդես է եկել մենահամերգով, որի ժամանակ ելույթ է ունեցել նաև հոլիվուդյան գերաստղ Շերոն Սթոունի եղբայրը՝ պոետ, երգահան Մայքլ Սթոունը: Համերգին մասնակցել են նաև Շերոն Սթոունը և հոլիվուդյան բազմաթիվ արտիստներ:

2011թ. նոյեմբերի 1-ին Լոս Անջելեսի «Գիբսոն» համերգասրահում տեղի ունեցավ առաջին համերգը, որին մասնակցեցին Սթիվի Ուոնդերը, Չակա-Կանը, Էրիկ Բենեթը, Բոբի Բրոունը և ուրիշներ: Համերգի ժամանակ Ֆլորա Մարտիրոսյանին է հանձնվել Միացյալ նահանգների կոնգրեսմեն Բրեդ Շերմանի հատուկ պատվոգիրը հայ համայնքին առանձնահատուկ և անգնահատելի ծառայություններ մատուցելու և երգի միջոցով համայն աշխարում խաղաղության կոչ անելու համար:

Մահացել է 2012թ. նոյեմբերի 20-ին, ԱՄՆ-ում՝ լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդություններից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել