Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների տեղեկությունների վրա հիմնված մշտադիտարկման համաձայն՝ 2014-ի հունվարին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում հայտարարվել է 7 զոհի և 13 վիրավորի մասին։ Ինքնասպանությունների թվով 2014-ի հունվարն ադրբեջանական բանակի համար արդեն իսկ առաջատար է։

2014-ի հունվարին Ադրբեջանի զինուժի հայտարարած զոհերը

2014-ի հունվար ամսվա ընթացքում Ադրբեջանի զինուժը հայտարարել է 7 զոհի մասին: Ընդ որում, եթե համեմատենք այս թիվը 2013-ի նույն ժամանակահատվածի հետ, ապա զոհերի թիվը չի փոխվել։

Այնուհանդերձ, եթե 2013-ի հունվարին մարտական կորուստ չի հայտարարվել, ապա 2014-ի հունվարին արձանագրվել է 2-ը, երկու սպաներն էլ առաջնագծում «հայկական գնդակից»։ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նրանցից մեկը՝ լեյտենանտ Սաբուհի Ռուսթամ օղլու Ազիզովը, զոհվել է հունվարի 27-ին, մյուսը՝ կապիտան Էլնուր Ջաֆար օղլու Ջաֆարովը, հունվարի 23-ին։ Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երկուսին էլ հետմահու պարգևատրել է «Գերազանց ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալով։

Կարող ենք եզրակացնել, որ մարտական կորուստները, ինչպես նաև միջադեպերը սահմանին վկայում են առաջնագծում 2013-ի սկզբի համեմատ ավելի լարված իրավիճակի մասին։ Լարվածությունն ավելի սրվեց հունվարի 19-ին Արցախում հայ-ադրբեջանական զորքերի շփման գծումադրբեջանական դիվերսիայից հետո։

Վերադառնալով ադրբեջանական կորուստներին՝ նշենք, որ  հայտարարված 7 զոհերից 6-ը հաստատվել են, իսկ մեկը հաստատել է ոչ թե Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, այլ այն զինկոմիսարիատը, որտեղից զորակոչվել էր մահացածը:

7 կորուստից 2-ը, ինչպես արդեն նշվեց, մարտական են՝ «հայկական գնդակից», 5-ը՝ ոչ մարտական. 4-ի նախնական պատճառն ինքնասպանությունն է, 1-ինը՝ սրտի անբավարարությունը: Զոհերից մեկը գրանցվել է Բաքվի զորամասերից մեկում, մեկը՝ Նախիջևանում, 4-ը՝ առաջնագծում, մեկի մահվան վայրն էլ չի հաղորդվում: 7 մահացածներից 6-ը զինված ուժերի, մեկը՝ արդարադատության նախարարության պատիժների իրականացման ծառայության պահպանման գնդի զինծառայող էին:

Կարևոր է հիշատակելը, որ տարին դեռ նոր է սկսվել, բայց 2014-ի հունվար ամիսն ադրբեջանական պաշտպանական և անվտանգության համակարգերում արդեն դարձել է վերջին 11 տարվա կտրվածքով առաջատարն ինքնասպանությունների թվով:

2014-ին Ադրբեջանի զինուժի հայտարարած վիրավորները

2014-ի հունվար ամսվա ընթացքում Ադրբեջանի զինուժը հայտարարել է 13 վիրավորի մասին։ 2013-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատությունը ցույց է տալիս, որ վիրավորների թիվն աճել է 76.9 տոկոսով, թեպետ փորձը ցույց է տալիս, որ առավել ևս վիրավորների մասին ոչ միշտ է հաղորդվում։

13 տուժածներից 10-ը պաշտոնապես հաստատվել են, 3-ի դեպքում պաշտոնական մեկնաբանություն չի եղել։

6-ը վնասվել են ավտովթարից (3-ը Սաբիրաբադում գրանցված ՃՏՊ-ից, իսկ մյուս 3-ն առաջնագծում կասկածելի պայմաններում արձանագրված վթարից), մեկը «հայկական գնդակից», 2-ն ինքնասպանության փորձից, 4-ը զենքի հետ անզգույշ վարմունքի հետևանքով: Վիրավորներից մեկն Արդարադատության նախարարության պետական պատիժների իրականացման ծառայության պահպանման գնդի զինծառայող է, մյուսները՝ ԶՈւ զորամասերի։

Նկատենք, որ Ադրբեջանի «Դոկտրինա» լրագրողների ռազմական ուսումնասիրությունների կենտրոնն ամեն ամիս ներկայացնում է Ադրբեջանի զինուժի կորուստների վերաբերյալ ամփոփիչ զեկույց՝ առանց զինծառայողների անուններն ու տվյալները հիշատակելու։ Այս անգամ էլ փետրվարի սկզբին ամփոփելով հունվարի կորուստները՝ «Դոկտրինան» հաղորդել է 7 զոհի, 11 վիրավորի մասին։

Այս զեկույցից հետաքրքիր փաստ է պարզվել։ Այսպես, ըստ «Դոկտրինայի»՝ 2014-ի հունվարին Ադրբեջանում գրանցված վիրավոր զինծառայողներից միայն 3-ն են տուժել ավտովթարից։ Ստացվում է՝ «Դոկտրինան» չի ընդգրկել հունվարի 2-ին Ադրբեջանի հարավային Սաբիրաբադի շրջանում ՃՏՊ-ի պատճառով վնասվածքներ ստացած 3 զինծառայողներին, որոնց մասին տեղեկությունը միակն էր, որ Ադրբեջանի ՊՆ-ն չէր հաստատել։

Բացի այդ, ուշագրավ է, որ ի տարբերություն Ռազմինֆոյի ամփոփման՝ «Դոկտրինան» նշում է «հայկական գնդակից» ոչ թե մեկ, այլ 2 վիրավորների մասին։ Փաստորեն, «հայկական գնդակից» երկրորդ վիրավորը կամ մեր ցուցակում ընդգրկվածներից մեկն է, որի վիրավորվելու պատճառը ՊՆ-ն կոծկում է, կամ էլ ավելի հավանական է՝ միջադեպ է, որի մասին մամուլը չի գրել: Շ

եշտենք, որ հունվարի 19-ի ադրբեջանական ձախողված դիվերսիայից հետո հայկական կողմի տվյալներով Ադրբեջանն ունի վիրավորներ, նվազագույնը 2 զոհ, մինչդեռ Ադրբեջանի ՊՆ-ն կտրականապես հերքում էր՝ հետագա օրերին տեղեկացնելով կասկածելի պայմաններում առաջնագծում գրանցված «ոչ մարտական» վիրավորների մասին։

Նկատենք նաև, որ Արցախի Պաշտպանության բանակի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ միայն հունվարի 19-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը կորցրել է 8 զինծառայողի և ունեցել 2 տասնյակից ավել վիրավոր։ Իսկ ըստ ադրբեջանական բաց աղբյուրների՝ նույն ընթացքում եղել է 3 կորուստ, 7 վիրավոր, այն էլ՝ զոհերից 2-ը մարտական, բոլոր տուժածներն էլ՝ «ոչ մարտական պայմաններում»։

Հայաստանի ռազմական կորուստները՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել