Չէ, ես իրոք չեմ կարողանում ոչ մի կերպ հասկանալ մարդկանց մի առանձին կատեգորիայի տրամաբանությունը:   Կարծես ազգի որոշ մասի մոտ սովորություն է ամեն ինչից դժգոհելը: Վատն ես վեր հանում՝ որակվում ես որպես նախանձ, ուրիշի վրա ցեխ շպրտող ոմն մի կյանքից դժգոհ,  լավն ես գովերգում, իրոք լավը՝  անպայման պիտի հայտնվեն մարդիկ, որոնք նույնիսկ այդ լավից են դժգոհ: Մասնավորապես՝նախորդ գրառմանս մեկնաբանություններից պարզ դարձավ, որ այնուամենայնիվ կան մարդիկ, որոնք  դժգոհ են «Հայ ասպետ » հեռուստախաղից: Պարզապես հետաքրքիր է, եթե մարդը նույնիսկ Հայ Ասպետում է բացասական բան տեսնում, ապա ո՞րն է նրա համար դրական հաղորդաշարը, կցանկանայի տեղեկանալ:

Գիտեք, ընդանրապես կա ֆեյսբուքյան օգտատերերի ձևավորված և գրեթե անփոփոխ անդամերով  մի խումբ, որոնք լինելով ոչ այնքան բանիմաց, կամ քննարկվող թեմայից ոչ այնքան տեղյակ,  սրբազան պարտք են համարում  իրենց հեղինակավոր կարծիքը թողնել ցանկացած նյութի տակ: Նույնիկ պատրաստ են քեզ ուղղություն ցույց տալ քո իսկ մասնագիտության ոլորտում: Նման զավեշտալի դեպքերը շատ են, օրինակ՝ վերջերս մեկը ինձ շատ լուրջ ասաց, որ ես դպրոցից երևի էնքան էլ տեղյակ չեմ, որ իրականում մեր դպրոցը գիտե՜ք ոնց է «պայթել»: Չէ, դե եթե մարդը տեղյակ չլիներ, որ ես ուսուցչուհի եմ, կհասկանայի և կբացատրեի, որ անմիջական կապ ունեմ դպրոցի հետ, բայց երբ նա իր մեկնաբանությունը թողնում է այն նյութի տակ, որում նշում եմ, որ ուսուցչուհի եմ, այս դեպքում արդեն ես անզոր եմ մեկնաբանել, թե ի՞նչ տրամաբանություն կարող է ունենալ տվյալ անձնավորությունը ))))

Այս՝ բնույթով «կոմենթատրիչ» (մեկնաբանիչ :ճ) խումբը ունի ևս մի բնորոշ գիծ, դա բոլոր հոդվածների տակ բա-ռա-ցի-ո-րեն նույն անիմաստ տողերը գրելն է: Այն է՝ «նախանձ մարդիկ, դուք պարապ եք, մի նորմալ հոդված չեք կարո՞ղ գրել, կարդանք»: Չեմ հորինում, մի անգամ որպես ապացույց ներկայացրել եմ տվյալ «կոմենտիչին», թե որքան է սահմանափակ նրա մտահորիզոնն ու բառապաշարը, քանզի նույն տողերը գրել էր 3 տարբեր հոդվածների տակ: Բայց ես միշտ հաշվի եմ նստում ինձ քննադատողների կարծիքի հետ, փորձում եմ պրպտել, գտնել, թե նրանց համար ի՞նչ ասել է «նորմալ հոդված»: Գրում եմ Հայկական տարազի, Հայկական խաղողագործության, տուրիզմի նշանակության մասին բավականին արժեքավոր նյութ պարունակող հոդվածներ, և.. չկան մեկնաբանիչները, չեն էլ կարդում: Ինչու՞, չէ որ «նորմալ» հոդված եք ուզում, սրանք է՞լ են աննորմալ, թե՞ միայն դժգոհելիս ու հեղինակին նախանձ բնորոշելիս եք ակտիվ:

Կարծում եմ, երբ ցանկացած մեկնաբանություն թողնող հասկանա, որ իր արտահայտած միտքը ցույց է տալիս իր կրթության և դաստիարակության աստիճանը, մենք կունենանք բավականին հետաքրքիր և արժեքավոր բանավեճ- քննարկումներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել