Լրագրողներն «ապազգային» են համարել բանակում սպանությունների կոծկման մասին խոսող փորձագետինEpress.am-ը գրում է.

Այսօր ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանի (լուսանկարում) և լրագրողների հանդիպումը վերածվել է բանավեճի, որի արդյունքում ներկա լրագրողների մի մասը բոյկոտել է ասուլիսը։ Լրագրողներից մի քանիսը հայտարարել են, որ ասուլիսն «ապազգային է»։

Ասուլիսի ընթացքում Ռուբեն Մարտիրոսյանն ասել է, որ ՀՀ Պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարություններին ինքը չի վստահում, բացառությամբ նրանց, որոնցում տեղեկացվում է զինակոչի մեկնարկի մասին։

Մարտիրոսյանը նշել է, որ սպանության բազմաթիվ դեպքեր կոծկվում են ինքնասպանության վարկածով: Լրագրողները զայրացել են այն բանից հետո, երբ փորձագետը նկատել է, թե որոշ դեպքերում էլ սպանությունները կոծկելու համար ՊՆ-ն հայտարարում է, թե զինվորին սպանել են ադրբեջանցիները:

Մարտիրոսյանը հիշեցրել է Ալբերտ ԱդիբեկյանիԶորիկ Մարգարյանի, Արման Ղարախանյանի,Խաչատուր Մելիքյանի դեպքերը: Այս սպանություններից հետո ՊՆ-ն հայտարարել է ադրբեջանական դիվերսիայի մասին, սակայն դեպքերից մի մասում բացահայտվել է, որ սպանությունը կատարվել է առանց հակառակորդի միջամտության, առաջադրվել են մեղադրանքներ, որոշ մարդիկ դատապարվել են (Մարտիոսյանի գնահատմամբ՝ անմեղ զինվորներ), մի դեպքում էլ՝ գործը կարճվել է:

Լրագրողներից մի քանիսը սկսել են հարցել՝ արյդոք Ռուբեն Մարտիրոսյանը կասկածի տակ է դնում վերջին դիվերսիան ևս, որի հետևանքով սպանվել է Արմեն Հովհաննիսյանը, արդյոք նա կարող է դա ասել՝ «նայելով Հովհաննիսյանի ծնողների աչքերին»:

«Հա, մենք գիտենք՝ ինչեր են կատարվում, բայց նման ապազգային հայտարարություններ անել չի կարելի», – ասել է հեռացող լրագրողներից մեկը:

Տարըմբռնումը կանխելու համար ասուլիսի մասնակից, փաստաբան Մուշեղ Շուշանյանն ասել է. «Դիվերսիայի հերքման մասին չէ խոսքը, այլ այն բանի, որ որոշ դեպքերում տեղեկատվություն է տարածվում նման դիվերսիաների մասին, դրանց վրա վարկածներ են առաջ բերվում, հետագայում ապացուցվում է, որ այդ վարկածները կեղծ են, սակայն չեն հերքվում»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել