Boon.am-ը գրում է.

Փոխանակ խոսք սովորեցնելու՝ դպրոցներում մենք երեխաներին լեզվաբանական գիտելիքներ ենք հաղորդում: Ավելի ուշ նույն բանը համալսարան ընդունվող դիմորդից ենք պահանջում. մեռած բառապաշար, ինչ-ինչ սահմանումների ճշգրտություն և այլն: Սա լուրջ խնդիր է: Մենք հասել ենք 21-րդ դար և, իբրև կրթական համակարգ և այդ համակարգը ղեկավարող տարբեր գերատեսչություններ ունեցող երկիր, չենք կարողանում այնպես կազմակերպել, որ մեր մայրենի լեզվի դասավանդումն արդյունավետ լինի:

Մայրենի լեզվի այն դասագրքերը, որոնք այսօր շրջանառության մեջ են, ոչ թե ծառայում են Խոսք սովորեցնելուն, այլ՝ ավարտական քննություններին:  Լեզվի ուսուցանման ծրագիրն ամբողջությամբ ծառայեցնում են  քննություններին և այնպիսի նյութ են մատուցում աշակերտին, որ նա զզվում, հոգնում է այն բառամթերքից, որ դնում են իրենց առջև: Սա պետք է միայն ոմանց, ովքեր պիտի ստուգեն քննությունները համապատասխան նիշ դնեն համալսարան ընդունվելու համար:

Եթե դպրոցականներին հարցնենք՝ ի՞նչ են հասկանում հայոց լեզու ասելով, նրանք միանշանակ լեզուն կնույնացնեն քերականության հետ: Այնինչ քերականությունն ընդամենը միջոց է, որը պիտի օգնի մարդուն հաղորդակցման ժամանակ: Սա գործնական մի պարզ խնդիր է, որը չենք կարողանում հասկացնել կրթական պատասխանատուներին և կրթության ոլորտի, զավեշտական է, մասնագետներին:

Մայրենի լեզվի դասագրքում լեզվաբանական նյութը պետք է լինի խիստ սահմանափակ: Դպրոցական ծրագրերում գործնական գիտելիք ևս կա, սակայն տպավորություն է, որ այդ ծրագրերը հենց միայն լինելու համար են: Հիմա ինձ հակադարձողները կասեն, թե ծրագրում այդ ամենը կա, բայց ուսուցման ընթացքում ուսուցիչների, դասախոսների մեծ մասը հենվում է ոչ թե այդ գործնական գիտելիքն ամրապնդելու վրա, այլ ընտրում է ավելի հեշտ տարբերակ. ոտքը ոտքին գցել և հարցնել աշակերտին տեսական այս կամ այն նյութ վերապատմել: Ուսուցիչ-դասախոսների համար սա շատ հեշտ ճանապարհ է, բայց ձանձրալի և վնասակար է աշակերտների համար: Դասավանդման այս կերպը վերածում է աշակերտին անգիր անողի:

Մեր դպրոցի դժբախտություններից մեկը այդ անգիր անել, սերտել տալն է: Նույնիսկ զավեշտալի է, որ օտար լեզու սովորեցնելիս ևս աշակերտին միշտ արձակ մեկ-երկու էջ անգիր անել են հանձնարարում: Ավելի ուշ այդ անգիրի հետևանքն այն է լինում, որ մարդն առօրյա շփման մեջ չի կարողանում արտահայտվել: Նույնն էլ հայերենի պարագայում է: Խոսել մենք կարողանում ենք, բայց հանգուցային իրավիճակներում, երբ բարդ մտքեր արտահայտելու, լայն բառապաշար կիրառելու կարիք է լինում, մենք տարտամ կրկնությունների ու խեղճության ենք ականատես լինում:  Այս ամենի պատասխանատու մեղավորները կրթության ոլորտի աշխատողները և լեզվի «մասնագետներն» են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել