Գուշակել անգամ չէի կարող, որ երթուղայինը, որն արգելակեց ճիշտ կանգառի համար նախատեսված դեղին գծերի վրա, հերթական գրառման հերոս պիտի դառնար…
Սրահն անհավանականորեն մաքուր էր, առանց փոշու և մեքենայի յուղի հետքերի: Անգամ օդափոխության համակարգ էր գործում: Թավշապատ նստատեղերը ևս մաքուր էին, առանց պատռվածքների, հարմարավետ: Վարորդի դեմքին նայելով միանգամից կպատկերացնեիր, որ կիրթ արտաքինով այդ մարդը մաքրության և կոկիկության մարմնացում էր՝ սափրված դեմքով, ճերմակ վերնաշապիկով և փայլեցված կոշիկներով: Փողկապն էր պակասում, և եթե այն էլ լիներ, ես կհավատայի, թե երթուղայինի վարորդն առնվազն նախարար է: Չնայած այն, որ ամրագոտին կապված էր, և ինքը՝ վարորդը, խստորեն պահպանում էր երթևեկության կանոնները, արդեն իսկ «բյուրոկրատական վերնախավի» ներկայացուցչի վարքագիծ չէր:

Աչքս ընկավ կենտրոնական հայելուց կախված գեղեցիկ հայկական խաչին: Սովորույթի ուժով սկսեցի աչքի հուլունքներ, փշեր, 1 դոլարանոցներ կամ սնահավատական այլ պարագաներ որոնել: Չգտա: Փոխարենը ուշադրությունս գրավեց բոլորի համար տեսանելի տեղում փակցրած գրառումը ընթեռնելի և անսխալ հայերենով՝ 
«Հարգելի ուղևորներ, «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքն արգելում է ծխելը քաղաքային տրանսպորտում, այդ թվում՝ երթուղային տաքսիում:  Եթե երթևեկության ընթացքում վարորդը թույլ է տվել նման զանցառություն, ապա դուք արտոնված եք չվճարելու երթևեկության համար նախատեսված գումարը»
Հետաքրքիր էր…
Սրահում բոլոր նստատեղերը զբաղված էին, կանգնած մարդ չկար: Երկու-երեք հոգի գիրք էին ընթերցում:
-   Ներեցե՛ք,- հանկարծ խոսեց վարորդը՝ դիմելով ուղևորներին,- կարո՞ղ եմ երաժշտություն միացնել:
-   Եթե ոչ ոք դեմ չէ…- պատասխանեց միջին տարիքի մի կին:
Ոչ ոք չառարկեց:
Նորից զարմանք… Երթուղայինի մեջ Շուբերտ է հնչում՝ «Երեկոյան սերենադ»:
Մեքենան կարծես լողում էր երաժշտական հնգագծի վրայով. օրվա լարվածությունից հետո աներևակայելի հանգստություն իջավ վրաս: Կանգառս մոտենում էր, իսկ ես ներքուստ ցանկանում էի, որ երթուղայինը լքելու պահը հնարավորինս հեռու լիներ…
Մի պապիկ խնդրեց ինձ վարորդին փոխանցել գումարը:
-   Հարգելի՛ս,- բարեհամբույր ժպիտը դեմքին պապիկին դիմեց վարորդը,- պատերազմի և աշխատանքի վետերանները, հերոսներն ու հղի կանայք այս երթուղայինով անվճար են երթևեկում:
Պապիկը շնորհակալությամբ իջավ մեքենայից: Իմ իջնելու ժամանակն էլ էր, վճարեցի, շնորհակալություն հայտնեցի վարորդին:
-   Խնդրեմ, դուռը զգուշությամբ ծածկեք, եթե կարելի է,- ժպտադեմ ինձ դիմեց բարեհամբույր մարդը,- Աստված Ձեզ հետ…
Երթուղայինը հեռացավ իմ երազկոտ հայացքի ուղեկցությամբ:
Զարթուցիչս կանչեց… Արթնանալ է պետք...  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել