Ադրբեջանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը հայտարարել է, որ սահմանագծին լարվածությունը շարունակվում է պահպանել` հավելելով, որ հայկական կողմը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմի կանոնները:

Սրան զուգահեռ, սահմանագծին առկա իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություններով հանդես է եկել նաև Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը, ով նշել է, թե առաջնագծում իրավիճակի սրման պատճառը «Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունն է»:

Ստացվում է, որ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակն իր մեկնաբանություններով ոչ միայն հերքում է Ադրբեջանի ՊՆ պաշտոնական հայտարարությունները, այլև սպառնում` սահմանագծին լարված իրավիճակը կպահպանվի այնքան ժամանակ, քանի ստատուս­քվոն պահպանվում է:

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը գրեթե բաց տեքստով, ի լուր աշխարհի հայտարարում է, որ տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը չի բխում իր շահերից և շարունակելու է իր ագրեսիվ քաղաքականությունն այնքան ժամանակ, քանի ԼՂ հիմնախնդիրն Ադրբեջանի համար ձեռնտու լուծում չի ստացել:

Բացի այն, որ Ադրբեջանը մերժում ու անընդունելի է համարում միջազգային հանրության այն մոտեցումը, որ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, նաև հայտարարում է, որ կարգավորման գործընթացին զուգահեռ, շարունակելու է ոտնձգությունները հայկական մարտական դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ:

Հաշվի առնելով միջազգային հանրությանը անհամաչափ արձագանքը սահմանագծին տեղի ունեցող միջադեպերի ու տարածաշրջանում Ադրբեջանի հրահրած սպառազինության մրցավազքի վերաբերյալ, Հայաստանն ու Արցախը իրավիճակի վերահսկողության սեփական մեխանիզմները պետք է կատարելագործեն:

Մեխանիզմների կատարելագործումը ենթադրում է ոչ միայն նվազագույնի հասցնել հնարավոր կորուստներն առաջնագծում, այլև մշակել ադրբեջանական գործողություններին հակազդելու այնպիսի գործողությունների պլան, որը հնարավորություն կտա արդյունավետ ու նպատակային հարված հասցնել Ադրբեջանի այնպիսի օբյեկտների կամ ենթակառուցվածքների, ինչի հետևանքները «ցավոտ» կլինեն Բաքվի համար:

Դա պաշտոնական Բաքվին կստիպի ցանկացած ոտնձգությունից, դիվերսիոն գործողությունից առաջ մտածել` թե արդյոք արդարացված կլինե՞ն իր սադրանքները` հաշվի առնելով հայկական կողմի նպատակաուղղված հարվածները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել