Մասնագիտությամբ կապավոր, կուրսանտ Էմմա ԽաչատրյանըRazm.info-ն գրում է.

Կուրսանտ, մասնագիտությամբ կապավոր Էմմա Խաչատրյանը 22 տարեկան է: Նա առաջին աղջիկն է, ով ընդունվեց ռազմական բուհ` զինվորական դառնալու համար: Էմման ու մեր զինված ուժերը տարեկիցներ են:

Մասնագիտությամբ կապավոր կուրսանտ Էմմա Խաչատրյանը

Էմմա Խաչատրյանը սովորում է ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում: Քանի որ ունի առաջին մասնագիտություն, իր ուսումը մեկ տարի է:

—Էմմա, ի՞նչ կարող է տալ կին զինծառայողը բանակին։

Իր գիտելիքները։ Այստեղ կրթությունը հիանալի է կազմակերպված։ Եթե տղաները լինելու են սահմաններում, մենք կլինենք նրանց թիկունքին կանգնած։ Պատերազմի ժամանակ էլ կանայք տղամարդկանց կողքին կանգնած են եղել։

—Ինչ-որ զենքի տիրապետո՞ւմ եք։

Այո, Կալաշնիկովի ինքնաձիգին, իսկ «Իգլա» հակատանկային միջոցին էլ դեռ միայն վարժասարքերի միջոցով ենք ծանոթացել։

—Հաստատ ինքներդ Ձեզ այս հարցը տվել եք, ո՞րն է Ձեր դերը։

Ես սիրում եմ այս համակարգը, իմ հայրենիքը։ Ուզում էի իմ ներդրումն ունենալ այս գործում ու նույնիսկ  1 տարի առաջ չէի պատկերացնում, որ կգամ այստեղ։ Մեկ գիշերվա մեջ եմ որոշումս կայացրել ու եկել։

—Մի գիշերվա մեջ ի՞նչ շրջադարձ եղավ:

Հորեղբայրս զինվորական է։ Այդ գիշերը եղբորս բանակ էին տարել, սպասում էինք, որ գար ասեր, թե որտեղ է ծառայելու։ Այդպես եկավ, իմացանք, որ սահմանային զորամասում է ծառայելու, հետո  ինձ ասաց, որ արդեն հնարավորություն կա, և աղջիկներն էլ կարող են ընդունվել ռազմական բուհեր։ Գիտեր, որ սիրում եմ այս ոլորտը։ Այդպես հորս հետ առավոտյան գնացինք զինկոմիսարիատ։ Բոլորը զարմացել էին. առաջին աղջիկն էի, որ դիմում էր։  Իրենք էլ չէին պատկերացնում, որ աղջիկներ կգան։

—Ընտանիքում ո՞վ ընդդիմացավ Ձեր որոշմանը։

Որքան էլ զարմանալի է, բայց հայրս  կողմ էր։ Մայրիկս դեմ էր, ասում էր՝ դա աղջկա մասնագիտություն չէ։  Եթե չսիրես մասնագիտությունդ, չես դիմանա, որովհետև դժվար է թե՛ սովորելը, թե՛ կարգուկանոնը։ Աղջիկ ենք, մի քիչ դժվար է համազգեստին հարմարվելը, չնայած մեկ ամսից ամեն ինչ կարգավորվեց։ Ընտանիքում ամենաշատը եղբայրս էր դեմ։ Նա ինձնից 4 տարի փոքր է, ծառայում է։ Ես ընդունվեցի ավիացիոն ինստիտուտ, նոր ինքն իմացավ։ Հիմա հարմարվել է։

—Իսկ հիմա ինչպիսի՞ն է տրամադրությունն ընտանիքում, որ երկուսդ էլ համազգեստ եք հագնում։

Մայրիկս ասում է՝ երկու զինվոր եմ բանակ ուղարկել (ժպտում է)։ Հայրս շատ է հպարտանում, ասում է` եղբայրդ էլ կգա, երկու զինվորական կունենանք։

—Ասում են՝ բանակը տղամարդկանց աշխարհ է, իսկ ո՞րն է կանանց դերն այդ աշխարհում։

Միայն մեր ներկայությունն արդեն զգոնություն է տալիս։ Նրանց խոսելը, պահվածքը, ամեն ինչ չափված-ձևած է։ Կարծում եմ՝ մեր ներկայությունն իրենց օգնում է։

—Ի՞նչ ակնկալիքներով եք եկել այստեղ։

Սովորելուց հետո պիտի աշխատենք։ Այսինքն՝ սիրած մասնագիտությունդ կարող ես համատեղել աշխատանքի հետ։ Ինձ մոտ այդպես է:

—Կարծիք կա, որ կինը շատ ավելին կարող է անել թիկունքում, քան առաջնագծում։ Համամիտ եք՞։

Մի դեպք հիշեցի, մեր դասախոսն է պատմել։ Պատերազմի ժամանակ իրենք կին զինծառայողներ են ունեցել, մի աղջիկ` 22 տարեկան, իմ տարիքին, թիկունքից օգնել է ամեն ինչով, բայց ցանկացել է առաջին գիծ գնալ։ Ասում է՝ երբ ինքն այնտեղ էր, տղամարդիկ ավելի հպարտ էին, ավելի շատ էին ուզում ուժեղ լինել, որ նրան պահեն, պաշտպանեն։ Այդ աղջիկն իր երազանքը կատարել է, գնացել է առաջնագիծ, բայց, ցավոք սրտի, զոհվել է։

—Ինստիտուտում տղաները Ձեզ ինչպե՞ս ընդունեցին, առաջին օրվա հիշողություններից կպատմե՞ք։

Առաջին օրը, երբ եկա, դեռ մյուս 2 աղջիկները չկային։ Զարմացած նայում էին ինձ։ Հետո նշանակեցին բուժզննման ընթացակարգը, իրենց հետ հավասար անցնում էի։ Հետո պարզվեց, որ իմ կուրսընկերներն են իրենք լինելու։ Մեր տղաները մեզ հարգում են, ոչ մի վատ բան չեմ զգացել։

—Հաստատ հումորային դեպքեր եղած կլինեն։ Կհիշե՞ք դրանից մեկը։

Երդման արարողությունից մի օր առաջ եմ եկել այստեղ։ Մի օրվա մեջ ինձ սովորեցրին կանգնել, շարվել, քայլել։ Գլխավոր փորձի ժամանակ կանգնել էի ոտքերիս թաթերն իրար կպցրած, իրականում պետք է կրունկները կպցնեի։ Գնդապետը նկատեց, ասում է՝ էս ո՞նց ես կանգնել։ Այդ պահին բոլորը նայեցին իմ ոտքերին։ Ես հանգիստ ուղղեցի ոտքերս (ժպտում է): Ու հենց երդման օրն էլի շփոթվեցի, գեներալ-լեյտենանտ էր մեր սեղանի մոտ կանգնած, որ սխալս տեսավ`սկսեց հանգստացնել, իսկ մենք ամոթից կարմրել էինք։ Հաջորդ օրը հայրիկս պատմում է, որ հավաքված մարդիկ զարմացել են, որ աղջիկներ են տեսել, նույնիսկ մեկը հարցրել է. «Էն շպարված տղանե՞ր են» (Ծիծաղում է)։

—Ի՞նչ բարդությունների եք հանդիպել այս ընթացքում, զինվորական ծառայությունն ինչ-որ կերպ նաև սահմանափակում է աղջկական ցանկությունները:

Դժվար էր համակերպվել համազգեստին: Դե գիտեք, աղջիկները սիրում են ամեն օր մի նոր շոր հագնել: Շոգ եղանակին, երբ զորավարժությունների էինք գնում, շատ էի նեղվում: Հետո հարմարվեցի: Այստեղ մազերը պետք է միշտ հավաքած լինեն, պետք է չշպարվենք, եղունգները երկար չեն լինելու, ներկված չեն լինելու (ժպտում է): Բայց ամեն դեպքում, մեզ այստեղ թողնում են չափավոր շպարվել:

—22 տարեկան եք, մեր զինված ուժերի տարեկիցը: Երբևէ մտածե՞լ եք, որ Ձեր տարիքի բանակ եք եկել:

Հպարտ եմ, որ բանակի տարեկիցն եմ: Բանակը մեր հույսն է, մեր անվտանգությունը, իրենով ենք ապրում: Դժվար ժամանակներում է ծնվել, բայց ուրախ եմ, որ իրար հավասար մեծացել ենք, կայունացել:

—Դուք ինքներդ որոշեցիք կապավոր դառնալ, թե՞ ուղորդել են:

Սկզբից որոշեցի կապավոր դառնալ, հետո որոշ ժամանակ անց փոխեցի հակաօդային պաշտպանություն: Ասում էին` ավելի հետաքրքիր է: Հետո փոխեցի դարձյալ կապ: Ավարտել եմ Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաներ բաժինը, աշխատել եմ Կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտում: Կարելի է ասել` մասնագիտությանս շարունակությունն է` մագիստրատուրա: Կապը բանակի սիրտն է, եթե մենք չլինենք, օդաչուներն էլ չեն կարող աշխատել, որովհետև կապն է ապահովում փոխադարձ գործունեությունը:

Կուրսանտ Էմմա Խաչատրյանը

Կուրսանտ Էմմա Խաչատրյանը

—Կինը փխրության, մայրության խորհրդանիշն է, ու տղամարդիկ դժվար են պատկերացնում, որ կանայք կարող են խստության ու ինչ-որ տեղ դաժանության մարմնացում լինել: Համամի՞տ եք:

Այստեղ գալով ոչինչ չի փոխվել:Մենք ինչպես կանք, այդպես էլ ադապտացվում ենք: Մեր գործը կարող ենք նույն նրբությամբ անել: Չի տարբերվում մեր համալսարանական կյանքից: Առավոտյան 9-ին գալիս ենք, երեկոյան գնում: Միայն թե այստեղ խստություն կա, կարգուկանոն:

—Դրսում Ձեզ համազգեստով հասարակությունը տեսե՞լ է:

Մի քանի անգամ տեսել են, որովհետև այսպես տուն գնացել, եկել ենք: Փողոցում զարմացած նայում էին, մոտենում հարցնում` «սա հայկակա՞ն բանակն է», պատասխանում էինք` այո: Հակառակ սեռն էլ ուղղակի զարմացած նայում  էր: Մեր տղաները պետք է տղամարդ լինեն: Դրա համար բանակը շատ է պետք, այստեղ կայունանում են, հասունանում:

—Բանակում ամենաշատն ի՞նչն եք սիրում:

Համազգեստն եմ շատ սիրում, կարգուկանոնը:

—Եթե Ձեզ առաջնագծում ծառայության ուղարկեն, կգնա՞ք:

Որ եղբայրս էլ է ծառայում առաջնագծում, կմտածեմ, որ նրա կողքին եմ: Կգնամ անպայման:

—22-ամյա զինված ուժերին ի՞նչ կմաղթեք:

Բանակը մեր հույսն ու հավատն է: Ուզում եմ, որ խաղաղություն լինի, բոլորը հավատարիմ լինեն իրենց հայրենիքին, որ բոլոր մայրերի աչքերին տխրության արցունքներ չլինեն: Քանի դեռ մեր զինվորները սահմաններին կանգնած են… (հուզվում է) (Էմմայի եղբայրը մեր զրույցի օրը առաջին անգամ բարձրացել էր դիրքեր-հեղ.)  Մենք այստեղ վստահ քնում ենք, քանի որ նրանք այնտեղ մեզ պահպանում են:

Եղբորս եմ ուզում մի քանի խոսք ասել… ես հավատում եմ, որ նա գալու է, շատ ենք կարոտել, (հուզվում է) հավատով սպասում ենք,  հավատում ենք, որ այնտեղ ամեն ինչ կարգին է: Եթե  իրենց գործը լավ անեն, հաստատ լավ կլինի:

Զրուցեց` Հասմիկ Մելիքսեթյանը

Նկարները` Սոսե Մուրադյանի

Հատուկ շնորհակալություն ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի հրամանատարությանը` շարքի պատրաստմանն աջակցելու համար

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել